Մենք մեծ հարգանք ունենք Հայաստանի հանդեպ, և սա մեծ փորձություն է մեզ համար. Պորտուգալիայի հավաքականի գլխավոր մարզիչ
Սեպտեմբերի 05, 2025

Մենք մեծ հարգանք ունենք Հայաստանի հանդեպ, և սա մեծ փորձություն է մեզ համար. Պորտուգալիայի հավաքականի գլխավոր մարզիչ

By Սեպտեմբերի 05, 2025 19

Աշխարհի 2026թ․ առաջնության եվրոպական գոտու որակավորման փուլի մեկնարկային տուրում Հայաստանի ազգային հավաքականը Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում ուժերը կչափի Պորտուգալիայի ընտրանու հետ։ 

Խաղից առաջ կայացած մամուլի ասուլիսի ժամանակ Պորտուգալիայի ընտրանու գլխավոր մարզիչ Ռոբերտո Մարտինեսը կիսվել է իր սպասումներով։

«Նախ և առաջ ցավակցում եմ «Գլորիա» վերելակի ողբերգության զոհերի ընտանիքներին և ընկերներին: Մեր թիմը չեմպիոն է, մենք հաղթել ենք Ազգերի լիգայում, և Դիոգու Ժոտան այդ հաջողության մի մասն էր: Նրա երազանքը կրում է պատասխանատվություն: Դժվար է առանց նրա, բայց հավատում եմ, որ նա միշտ մեզ հետ է։ Յուրաքանչյուր մարդ սուգը տանում է յուրովի: Դիոգու Ժոտան մեր հաղթանակի մի մասն էր և ձևավորում էր մեր հանդերձարանի մթնոլորտը: Նա մեր ուժն էր, մեր մոտիվացիայի աղբյուրը, քանի որ ձգտում էր հաղթել աշխարհի առաջնությունում: Դժվար էր նրա կորստից հետո խաղադաշտ դուրս գալը։ Դա շատ հուզիչ հանդիպում էր՝ դժվար, բայց միաժամանակ գեղեցիկ: Մենք պարտավոր ենք պայքարել պորտուգալացի ժողովրդի, ինչպես նաև Դիոգուի համար, և դա առանձնահատուկ է:

Հայաստանի և Պորտուգալիայի միջև խաղերը միշտ եղել են մրցակցային: Հայաստանն ունի նոր մարզիչ, նոր մոտեցումներ և տարբեր մարտավարություններ: Մենք գիտակցում ենք նրանց որակը: Ամենակարևորն այն է, որ կարողանանք չեզոքացնել Հայաստանի՝ տանը խաղալու առավելությունը: Դա կանենք մեր ինտենսիվ խաղով՝ գնդակը կորցնելուց հետո, և մեր որակով: Սա կլինի առանցքային գործոն։

Ես խոսում եմ ոչ թե մեկնարկային կազմի, այլ խաղացողների մասին: Այսօր կարևոր մարզում է անցկացվում: Ես գոհ եմ մեր պատրաստվածությունից: Խաղից 48 ժամ առաջ այստեղ ժամանելը կարևոր էր: Խաղացողները լի են էներգիայով և կենտրոնացած են: Մենք երկու խաղ ունենք 72 ժամվա ընթացքում: Պետք է խելամտորեն կառավարենք մեկնարկային կազմը՝ Հայաստանի և Հունգարիայի դեմ խաղերի համար: Հնարավոր են փոփոխություններ: Նունու Տավարեշը միակ խաղացողն է, որը մեկ մարզումով կարող է հարմարվել մեր խաղաոճին: Նա մեր 27-րդ խաղացողն է Ազգերի լիգայում: Խաղացողների բազմակողմանիությունը կարևոր է: Նունու Մենդեշը և Ժոաու Նևեշը կարող են խաղալ տարբեր դիրքերում: Օրինակ՝ Ժոաու Նևեշը առանց գնդակի կարող է հանդես գալ որպես պաշտպան: Սա կարևոր կլինի վաղվա խաղում:

Միշտ պետք է ձգտել հաղթանակի: Պետք է ամեն խաղում ցուցադրել ամենաբարձր մակարդակը: Այդպես արեցինք Եվրոպայի առաջնության ընտրական փուլում, որտեղ հաղթեցինք բոլոր խաղերը, ինչպես նաև Ազգերի լիգայում: Կարևոր է մնալ կենտրոնացած և պահպանել կարգապահությունը: Մեր ողջ ճանապարհը կգնահատենք վերջում։

Սա անսովոր ընտրական փուլ է՝ ընդամենը վեց խաղով, որտեղ սխալի իրավունք չկա: Ուշադրությունը կենտրոնացված է ողջ փուլի վրա, ոչ միայն Հայաստանի կամ Հունգարիայի դեմ խաղերի: Հոկտեմբերին ցանկանում ենք ստանալ մեր երկրպագուների աջակցությունը, իսկ դրա համար պետք է լիովին կենտրոնանանք»,- նշել է Մարտինեսը։

— Որքանո՞վ է կարևոր սկսել ընտրական փուլը Հայաստանի դեմ խաղով՝ հաշվի առնելով, որ սա Պորտուգալիայի համար ամենահեռավոր ուղևորությունն է այս փուլում:

— Ասելու շատ բան չկա: Մենք պետք է հարմարվենք: Մենք մեծ հարգանք ունենք Հայաստանի հանդեպ, և սա մեծ փորձություն է մեզ համար: Թիմը ժամանեց խաղից երկու օր առաջ՝ այլ ծրագիր կազմելով, որպեսզի երկու օր շուտ ժամանի Հայաստան: Թիմը շատ կենտրոնացած է: Մենք խորապես հարգում ենք Հայաստանին: Պետք է հիշել, որ վերջին երեք խաղերից երկուսում այստեղ ոչ-ոքի ենք խաղացել, ինչը ընդգծում է այն դժվարությունները, որոնք մեզ սպասվում են վաղվա խաղում։

— Ի՞նչ մարզավիճակում են Պորտուգալիայի հավաքականի խաղացողները: Նրանցից շատերը մասնակցել են Ազգերի լիգային, Աշխարհի ակումբային առաջնությանը, և շատ քիչ արձակուրդ են ունեցել…

— Այն ամենը, ինչ նշեցիք, միջազգային ֆուտբոլի մարտահրավերներն են: Ես սկսել եմ 2016-ին՝ մոտ տասը տարի առաջ, և սա միջազգային ֆուտբոլի անխուսափելի կողմերից մեկն է: Ով հանդես է գալիս այս մակարդակում, պետք է պատրաստ լինի նման իրավիճակների: Թիմը համապատասխանում է այդ պահանջներին, խաղացողները հաղթահարում են բոլոր դժվարությունները և միջազգային ֆուտբոլի օրացույցի սահմանափակումները։

— Կրիշտիանու Ռոնալդուն որևէ տեղեկությո՞ւն է փոխանցել Հայաստանում անցկացրած վերջին խաղերի մասին:

— Ոչ: Կան բազմաթիվ տարբեր ասպեկտներ, սկսած նոր մարզիչից: Սպասվում է հիանալի մթնոլորտ՝ կրքոտ և հուզական երկրպագուներով: Նոր մարզիչ ունենալը նույնպես որոշակի սպասելիքներ է առաջացնում: Վաղը կարող ենք ակնկալել որոշ մարտավարական նորամուծություններ։

— Արդյո՞ք այն, որ Հայաստանը նոր մարզիչ ունի, որևէ տարբերություն մտցրեց այս խաղի նախապատրաստության մեջ:

— Ես ակնկալում եմ նույնը, ինչ ցույց են տվել մյուս հավաքականները Պորտուգալիայի դեմ խաղերում: Սակայն, երբ մարզիչ է փոխվում, զգացմունքային կողմը մեծ նշանակություն է ստանում: Մեր հիմնական մարտահրավերը հիմա Ազգերի լիգայում հաղթանակից հետո մտածելակերպը փոխելն է: Հենց դա է, ինչ մենք ցանկանում ենք անել վաղը։

Կան բազմաթիվ ասպեկտներ, որոնք մնում են անփոփոխ՝ անկախ նրանից՝ մարզիչը աշխատում է ակումբում, թե հավաքականում, քանի որ դրանք բխում են մարզչի մոտեցումից: Ես ճանաչում եմ նրան դեռ այն ժամանակներից, երբ նա աշխատում էր իր վերջին ակումբում, և հենց այդ փորձի հիման վրա եմ վերլուծել վաղվա խաղը: Կարևոր գործոն է նաև այն հաջողությունը, որ նա ունեցել է այդ ակումբում: Նա խորապես ճանաչում է իր խաղացողներին այս խաղի համար:

Երկու հավաքականներն էլ ունեցել են հավասար ժամանակ պատրաստվելու համար, ուստի սա առավելություն կամ թերություն չէ: Հայաստանի հավաքականը խաղադաշտում մեծ մրցունակություն է ցուցաբերելու, և մենք պետք է համապատասխանենք այդ մակարդակին: Մենք պետք է արտահայտենք մեր անհատականությունը Հայաստանի հավաքականի դեմ, որն վաղը կունենա իր երկրպագուների լիակատար աջակցությունը։

— Պորտուգալիան համարվում է ֆավորիտ, սակայն խաղը կսկսվի 0:0 հաշվից, և երկու թիմերն էլ պետք է խաղադաշտում ապացուցեն իրենց առավելությունը: Ի՞նչ արդյունք կլինի ընդունելի Պորտուգալիայի համար, և ի՞նչ արդյունք Ձեզ կզարմացնի 90 րոպեից հետո:

— Արդյունքների մասին խոսելը երկրպագուների համար է: Ես կենտրոնացած եմ բացառապես թիմի խաղի վրա: Հենց խաղն է որոշում վերջնական արդյունքը: Բնականաբար, ես կընդունեմ վաղվա խաղի ցանկացած արդյունք:

Հիշեցնենք, որ Հայաստան-Պորտուգալիա հանդիպումը կկայանա սեպտեմբերի 6-ին։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Ադրբեջանը կարող է Ուկրաինային ոչ միայն կործանիչներ, այլև ռումբեր և ականանետներ փոխանցել. The War Zone

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը արձագանքել է Ադրբեջանի դժգոհությանը

Զանգվածային կադրային փոփոխություններ ոստիկանության համակարգում

Խոլերայի համաճարակն ընդգրկել է Եմենի տարածքի 96 տոկոսը. ԶԼՄ

Ինչպե՞ս Սնուփ Դոգը փոխարինվեց Ջենիֆեր Լոպեսով. ԿԳՄՍ նախարարության պարզաբանումը

Ադրբեջան և Հայաստան. Ո՞վ է վերահսկելու խաղաղությունը. Deutsche Welle

Ռուսաստանն ու Չինաստանը փոխում են համաշխարհային գազի շուկան՝ առանց պայմանագրեր կնքելու

Արուսյակ Ջուլհակյանը նշանակվել է մրցութային խորհրդի անդամ

Այսուհետ աշխատանքից կազատեն գործընկերների հետ սիրախաղի համար

Դոլարի ու եվրոյի փոխարժեքներն աճել են

Ադրբեջանական ԶԼՄ-ները պնդում են, որ Բաքվի՝ ՇՀԿ-ին անդամակցությունն արգելափակել է ոչ միայն Հնդկաստանը, այլև ՌԴ-ն

ՌԴ ԶՈւ-ն վերահսկողության տակ է վերցրել Դոնեցկի Մարկովո գյուղը

ՔՊ-ն ԱԺ առողջապահության հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրել է Հռիփսիմե Հունանյանին

ՀՀ-ի և Ադրբեջանի՝ ՇՀԿ-ին անդամակցելու հարցը չի քննարկվել ժամանակի սղության պատճառով. Հնդկաստանի ԱԳՆ

Հնդկաստանն ու Ռուսաստանը հայտնվել են Չինաստանի ազդեցության գոտում. Թրամփ