Եվրոպան ներկայումս անկարող է խաղալ այն դերը համաշխարհային գործերում, որը կցանկանար։ Այս մասին հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը իր կուսակցության՝ Քրիստոնեա-դեմոկրատական միության հետ հարցազրույցում, գրում է -ն։
«Մենք կախված ենք ԱՄՆ օգնությունից, մենք տեսնում ենք, որ Չինաստանը, Բրազիլիան և այլ երկրներ իրենց ազատ են զգում Ռուսաստանի հետ հարաբերություններում, և նոր գործընկերություն է ի հայտ գալիս այսպես կոչված՝ Շանհայի ձևաչափով։ Ես պետք է խոստովանեմ, որ մենք՝ որպես եվրոպացիներ, ներկայումս անկարող ենք խաղալ այն դերը, որն իսկապես կցանկանայինք»,- հայտարարել է քաղաքական գործիչը:
Մերցի խոսքով՝ եվրոպական պետությունները այժմ փորձում են կրկին միավորվել, և Գերմանիան «մեծ ջանքեր է գործադրում այս գործընթացում»՝ որպես տարածաշրջանի ամենամեծ երկիրը։ Միևնույն ժամանակ, կանցլերը նշել է, որ Եվրոպան «անկախ քաղաքականություն վարելու սահմանափակ հնարավորություններ ունի»։
Նա որպես օրինակ բերել է Ուկրաինայի հակամարտությունը, քանի որ այն ցույց է տվել, որ «եվրոպացիները բավարար լծակներ չունեն դրա ավարտի ընդունելի պայմաններին հասնելու համար»։