Պեկինում ընթանում են Չինաստանի նախագահ Սի Ծինփինի և Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի միջև բանակցությունները։ Այս մասին հաղորդում է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը։
Ավելի վաղ Չինաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Գո Ցզյակունը հայտարարել էր, որ Չինաստանը պատրաստ է ԿԺԴՀ-ի հետ միասին ամրապնդել ռազմավարական փոխգործակցությունը, ընդլայնել փոխանակումներն ու համագործակցությունը, խորացնել փորձի փոխանակումը պետական կառավարման ոլորտում, ինչպես նաև նպաստել սոցիալիզմի հետագա զարգացմանը և երկու երկրների միջև բարեկամության ու համագործակցության ավանդական հարաբերություններին։
ԿԺԴՀ-ի առաջնորդը սեպտեմբերի 2-ին պաշտոնական այցով ժամանել է Չինաստան՝ մասնակցելու Ճապոնիայի դեմ տարած հաղթանակի և Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտի 80-ամյակի հանդիսավոր տոնակատարություններին: Սեպտեմբերի 3-ին Կիմ Չեն Ընը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ՉԺՀ-ի նախագահ Սի Ծինփինի հետ միասին մասնակցել է Պեկինի Թիենանմենի հրապարակում կայացած ռազմական շքերթին: Շքերթից և պաշտոնական ընդունելությունից հետո Պուտինը և Կիմ Չեն Ընը անցկացրել են երկկողմ բանակցություններ, ինչպես նաև դեմ առ դեմ զրույց ունեցել: