ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Պաշտպանության նախարարությունը կվերանվանի Պատերազմի նախարարություն` վերադարձնելով գերատեսչության նախկին անվանումը։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Fox News Digital-ին հայտնել է Սպիտակ տան աղբյուրներից մեկը։ Հաղորդվում է, որ այս անվանումը կօգտագործվի որպես երկրորդական անվանում։ Ըստ ամերիկյան լրատվամիջոցների՝ Թրամփը համապատասխան հրամանագիրը կստորագրի սեպտեմբերի 5-ին։ Ավելի վաղ և՛ Դոնալդ Թրամփը, և Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթը հայտնել էին, որ ցանկանում են փոխել գերատեսչության անվանումը։
Ի դեպ, պաշտպանության նախարարն էլ կկոչվի պատերազմի նախարար։ Փոփոխությունները կանդրադառնան նաև գերատեսչության կայքի վրա։
Օգոստոսի 25-ին լրագրողների հետ զրույցում Թրամփը հայտարարել էր, որ Միացյալ Նահանգներն «անհավատալի հաղթանակների պատմություն» է ունեցել, երբ գերատեսչությունը կոչվում էր Պատերազմի նախարարություն։
Փիթ Հեգսեթն էլ օրերս Fox & Friends-ին տված հարցազրույցում հայտնել էր, որ երկու աշխարհամարտերում հաղթանակը տարվել է ոչ թե Պաշտպանության նախարարության, այլ Պատերազմի նախարարության հետ։«Ինչպես ասել է նախագահը, մենք պարզապես պաշտպանություն չենք, մենք հարձակում ենք», – ասել էր Հեգսեթը։
ԱՄՆ ռազմական գերատեսչությունը Պատերազմի նախարարություն էր կոչվում մինչև 1949 թվականը, երբ այն վերանվանվեց Պաշտպանության նախարարություն։