Ռուսաստանը չի մեկուսանում, երկիրը բաց է համագործակցության համար։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Արևելյան տնտեսական ֆորումի ընթացքում:
«Մենք ոչ մեկից չենք մեկուսանում և կարծում ենք, որ ճնշող մեծամասնությունը, եթե ոչ այս դահլիճում բոլոր նստածները կհամաձայնեն ինձ հետ, այդպես բաց լինելը ձեռնտու է բոլոր նրանց, ովքեր նման տեսակետ ունեն և նման քաղաքականության են հետևում»,- ասել է Ռուսաստանի ղեկավարը Արևելյան տնտեսական ֆորումի լիագումար նիստում:
Մոդերատոր, հեռուստահաղորդավարուհի Մարիա Ռիբակովայի այն հարցին, թե Չինաստանի և Հնդկաստանի՝ վիշապի և փղի հետ դաշինքում ինչ դեր է կատարում արջը խորհրդանշող Ռուսաստանը, Պուտինը պատասխանել է. «Արջը արջ է»:
«Ռուսաստանի երկգլխանի արծիվը նայում է ոչ միայն դեպի արևմուտք և արևելք, այլև դեպի հարավ… Դա ինչ-որ շրջադարձ չէ, այլ օբյեկտիվ արձագանք աշխարհում տեղի ունեցող գործընթացներին, մենք երբեք չենք հրաժարվել համագործակցել նրանց հետ, ովքեր ցանկանում են»,- ասել է նա։
Պուտինը նշել է, որ ժամանակակից աշխարհը շատ փոխկապակցված է։ Սեփական «ազգային կեղևի» մեջ փակվելը դժվար է և վնասակար։ ՌԴ նախագահն ընդգծել է, որ Ռուսաստանը կայուն և կանխատեսելի արտաքին և տնտեսական քաղաքականություն է վարում: Նրա խոսքով՝ արևմտյան ընկերությունների հեռանալը կապված էր քաղաքական սահմանափակումների, այլ ոչ թե երկրի հետ տնտեսական կապերը խզելու ցանկությամբ:
«Շատերը անհամբեր սպասում են, թե երբ են վերանալու զանազան քաղաքական բնույթի սահմանափակումները, և ամեն վայրկյան կուզեին վերադառնալ։ Մենք որևէ մեկից երես չենք թեքել։ Մենք որևէ մեկին չենք վռնդել։ Ով ուզում է՝ միշտ կարող է վերադառնալ»,- ասել է Պուտինը։