ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հինգշաբթի երեկոյան Սպիտակ տանը ընթրիքի կհրավիրի տեխնոլոգիական ոլորտի առաջատար գործադիր տնօրեններին, հաղորդում է Associated Press-ը։
Ըստ Սպիտակ տան՝ հյուրերի ցանկում կլինեն Microsoft-ի համահիմնադիր Բիլ Գեյթսը, Apple-ի գործադիր տնօրեն Թիմ Քուքը, Meta-ի գործադիր տնօրեն Մարկ Ցուկերբերգը և աշխարհի ամենամեծ արհեստական բանականության և տեխնոլոգիական ընկերությունների տասնյակ այլ գործադիր տնօրեններ։
Հյուրերի ցանկից բացակայում է Իլոն Մասկը, որը նախկինում Թրամփի մտերիմ դաշնակիցն էր, որին հանրապետական նախագահը նշանակել էր կառավարության արդյունավետությունը բարելավելու համար ծախսերը կրճատող գերատեսչություն ղեկավար։ Այս տարվա սկզբին Մասկը հրապարակայնորեն խզեց հարաբերությունները Թրամփի հետ։