Ես բոլորովին չեմ աջակցում Հարավային Կովկասում Եվրոպայի և Միացյալ Նահանգների գործողություններին, քանի որ այս տարածաշրջանը գտնվում է բազմաթիվ խոշոր տերությունների՝ Ռուսաստանի, Իրանի, Թուրքիայի, Պարսից ծոցի երկրների միջև։ Նման հայտարարություն է արել ամերիկացի տնտեսագետ և պետական քաղաքականության ոլորտի վերլուծաբան Ջեֆրի Սաքսը։
«Այս տարածաշրջանին պետք է զգուշորեն վերաբերվել։ Սա Միացյալ Նահանգների և Եվրոպայի միջամտություն է, գունավոր հեղափոխություններ կազմակերպելու փորձեր, Ռուսաստանի խոցելի կետին կրկին հասնելու փորձեր։ Սա բավականին անկայունացնող իրավիճակ է, և այն բխում է Միացյալ Նահանգներից և Եվրոպայից, մասնավորապես՝ հատուկ ծառայություններից։
Հարավային Կովկասը Եվրոպա չէ։ Հարավային Կովկասն սշխարհագրական առումով Ասիա է։ Եվրոպան պետք է հեռանա այնտեղից։
Խնդիրն այն չէ, որ Հարավային Կովկասը պետք է վատ հարաբերություններ ունենա Եվրոպայի կամ որևէ մեկի հետ։ Խնդիրն այն է, որ միջամտությունը շատ դժվար տարածաշրջանում գտնվող այս երեք անկայուն երկրների ներքին քաղաքականությանը պետք է իրականացվի ծայրահեղ զգուշությամբ և ակնածանքով, որպեսզի նրանք հերթական Ուկրաինայի չվերածվեն։
Ուկրաինան վառվում է Միացյալ Նահանգների և Եվրոպայի տխմարության պատճառով, և նրանք փորձում են դա կրկնել Հարավային Կովկասում։ Հարցնող լինի՝ ինչու է Ադրբեջանը ներգրավված Մերձավոր Արևելքի հակամարտության մեջ, աջակցում Իսրայելին և Իրանի վրա նրա հարձակումներին։ Կատակո՞ւմ եք։ Դա անհավատալի է։ Եվ դա Կենտրոնական հետախուզական վարչության գործն է՝ այս տարածաշրջանը անկայունացնող այն հանճարների, ովքեր զանգվածային ճգնաժամ են ստեղծելու։
Ցանկացած տեղացի պետք է ասի. «Մենք Հարավային Կովկասում ենք։ Մենք մի քանի տերությունների միջև ենք։ Ավելի լավ է միասին մնանք, քանի որ մեր ապագան տնտեսության և անվտանգության առումով այստեղ է։ Մենք չպետք է թշնամացնենք մեր հարևաններին։ Պետք է գտնենք մի ճանապարհ՝ դառնալու Ասիան և Եվրոպան կապող իրական միջին միջանցք և Ռուսաստանը և Մերձավոր Արևելքը կապող հյուսիս-հարավ միջանցք։ Եվ պետք է հեռու մնանք մեծ տերությունների քաղաքականությունից և, ի սեր Աստծո, չմիջամտենք Իսրայելի պատերազմներին»։
Սա այն խաղն է, որն այս խիստ անկայուն տարածաշրջանում խաղում են «Մոսադ»-ը, ԿՀՎ-ն և Եվրոպան։
Ես հիանում եմ Վրաստանի ներկայիս կառավարությամբ՝ իր ողջախոհության և պրագմատիզմի համար։ Ես խորապես թերահավատորոնեմ վերաբերվում նրան, որ Ադրբեջանի և Հայաստանի իշխանությունները հիմա խաղեր են խաղում, կամ որ ԱՄՆ-ն ու Եվրոպան նրանց օգտագործում են աշխարհաքաղաքական նպատակներով, որոնք չեն համապատասխանում Ադրբեջանի և Հայաստանի շահերին։
Դա ԿՀՎ-ի վաղեմի գործելոճն է՝ միջամտելու Ռուսաստանի, իսկ հիմա նաև՝ Իրանի գործերին։ Եվ հենց դա է հենց հիմա տեղի է ունենում։ Եվ դա խիստ վտանգավոր է։
Եվ ահա թե ինչ եմ ուզում ասել Հարավային Կովկասում իմ բարեկամներին. «Նայեք քարտեզին. Միացյալ Նահանգները բոլորովին չի հետաքրքրվում Հարավային Կովկասով։ Նրանք խաղեր են խաղում։ Զգույշ եղեք։
Բրյուսելը, որը լիովին անգործունակ է և անկարող է որևէ օգտակար բան անել, ցավոք, ստիպված է խոստովանել դա, քանի որ ես ժամանակին Եվրամիության մեծ երկրպագուն էի։ Ընդսմին Եվրամիությունը Հարավային Կովկասում տեղ չունի։ Այնպես որ, զգույշ եղեք և ծուղակը մի՛ ընկեք։ Ուշադրություն դարձրեք ձեր հարևաններին։ Ձեր հարևաններն են Ռուսաստանը, Թուրքիան, Իրանը, Սաուդյան Արաբիան և այլ հարևաններ։ Ահա թե ինչն է կարևոր ձեզ համար։ Մի՛ հավատացեք, որ Միացյալ Նահանգները, հատկապես Դոնալդ Թրամփի օրոք, ինչ-որ կերպ կփրկի ձեզ ձեր հարևաններից։ Նրանք ձեզ լրջագույն անախորժությունների մեջ են ներքաշում։
Ես սիրում եմ Հարավային Կովկասը։ Ի՜նչ գեղեցիկ տարածաշրջան։ Ի՜նչ հարուստ պատմություն։ Ի՜նչ հրաշալի մշակույթ։ Ի՜նչ հրաշալի վայրեր։ Ի դեպ, ֆենոմենալ զբոսաշրջություն, ուտելիք, և էլ ինչ ասես։ Բայց մի՛ խաբվեք, դա կարող է ձեզ Ուկրաինայի վերածել։
Ձեզ թվում է՝ ամերիկացիների դարդ ու ցավը Վրաստա՞նն է։ Կարծում եք՝ նրանց դարդ ու ցավը Հայաստա՞նն է։ Կարծում եք՝ նրանց դարդ ու ցավը Ադրբեջա՞նն է։ Կարծում եք՝ նրանք առհասրաակ գիտե՞ն՝ որտեղ են գտնվում։ Միակ բանը, որ նրանք գիտեն նրանց մասին, այն է, որ Հարավային Կովկասը Ռուսաստանի խոցելի կետն է։ Հենց դրա համար էլ մենք պետք է հրահրենք, ընդլայնենք մեր սահմանները, Ռուսաստանին մեր դեմ լարենք։ Եվ մենք ի վիճակի ենք դա անել՝ նրա հարևան տարածաշրջանի միջոցով։
Նրանք փորձում են անկայունացնել Ռուսաստանը, խանգարել նրա տնտեսական զարգացմանը, խանգարել նրա բնականոն տնտեսական հարաբերությունների զարգացմանը, ներառյալ՝ Հարավային Կովկասի միջոցով։
Չինաստանի հետ լավ հարաբերությունները Հարավային Կովկասի տնտեսական ապագայի համար ավելի կարևոր են, քան Միացյալ Նահանգների հետ լավ հարաբերությունները։ Ինչո՞ւ։ Որովհետև Չինաստանն Ասիայի խոշորագույն տնտեսությունն է։
Հնդկաստանը ևս խոշոր տերություն կդառնա և, ի դեպ, ապագայում կարևոր դեր կխաղա Հարավային Կովկասի երկրներում։ Միացյալ Նահանգները հովանավորչական, դանդաղ զարգացող շուկա է և բավական հեռու է գտնվում»,- նշել է պրոֆեսոր Սաքսը։