Ռուսաստանը նախազգուշացրել է միգրանտներին
Օգոստոսի 11, 2025

Ռուսաստանը նախազգուշացրել է միգրանտներին

By Օգոստոսի 10, 2025 30

Օտարերկրացիները, որոնք Ռուսաստանի Դաշնությունում են գտնվում միգրացիոն կանոնների խախտմամբ, մեկ ամիս ժամանակ ունեն իրենց կարգավիճակն օրինականացնելու կամ երկիրը լքելու համար։ Ինչպես ТАСС-ին հայտնել են Ռուսաստանի ՆԳՆ-ից, նրանք դա կարող են անել մինչև սեպտեմբերի 10-ը՝ դիմելով միգրացիոն ծառայություն։ 

Խոսքը օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց մասին է, որոնք ընդգրկված են վերահսկվող անձանց ռեեստրում, որտեղ գրանցում են Ռուսաստանում գտնվելու օրինական հիմքերը կորցրած օտարերկրացիներին։ Հունիսի կեսերին դրանում հաշվառված էր ավելի քան 800 հազար մարդ։ ՆԳՆ-ից հայտնել են, որ 2025 թվականի սեպտեմբերի 10-ից հետո իրավական կարգավիճակը կարգավորելն անհնար կլինի։ Սա վերաբերում է նաև Ուկրաինայի քաղաքացիներին, որոնք հնարավորություն ունեն ստանալու կացության թույլտվություն կամ անմիջապես փաստաթղթեր ներկայացնելու ռուսաստանյան քաղաքացիություն ստանալու համար՝ Ուկրաինայի տարածքում մշտական գրանցման առկայության դեպքում։ 

Ռուսաստանի տարածքում հետագա օրինական գտնվելու հարցը լուծելու համար օտարերկրացիները պետք է մինչև այս տարվա սեպտեմբերի 10-ը դիմեն Ռուսաստանի ՆԳՆ «ПВС» Դաշնային պետական ունիտար ձեռնարկության ցանկացած մասնաճյուղ՝ ըստ փաստացի բնակության վայրի։ 

ՆԳՆ-ից հիշեցրել են, որ օտարերկրյա քաղաքացիներին ապօրինի աշխատանքի ներգրավելու, ինչպես նաև օտարերկրացիների հետ աշխատանքային պայմանագրի կնքման կամ դադարեցման մասին ՌԴ ՆԳՆ տարածքային մարմնին չտեղեկացնելու համար սահմանված է վարչական պատասխանատվություն։ Այս իրավախախտումների համար տուգանքի առավելագույն չափը պաշտոնատար անձանց համար 50 հազար ռուբլի է, իսկ իրավաբանական անձանց համար՝ 800 հազար ռուբլի։ 

Վերահսկվող անձանց ռեեստրում ընդգրկված օտարերկրացիներին ծառայությունների մատուցումը, այդ թվում՝ կրթության ոլորտում, նույնպես համարվում է վարչական իրավախախտում։ Տուգանքի չափը ֆիզիկական անձանց համար կկազմի 2 հազարից մինչև 5 հազար ռուբլի, պաշտոնատար անձանց համար՝ 35 հազարից մինչև 50 հազար ռուբլի, իսկ կազմակերպությունների համար՝ 400 հազարից մինչև 500 հազար ռուբլի։

Rate this item
(0 votes)

Լրահոս