ԱՄՆ-ում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպումն արժանի է դրական գնահատականի, սակայն արտատարածաշրջանային խաղացողների միանալը չպետք է լրացուցիչ դժվարություններ ստեղծի։ Այս հայտարարությունն արել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Հետևողականորեն աջակցում ենք բոլոր ջանքերին, որոնք նպաստում են տարածաշրջանային անվտանգության համար առանցքային այս նպատակին հասնելուն։ Այդ կապակցությամբ Վաշինգտոնում ամերիկյան կողմի միջնորդությամբ հարավկովկասյան հանրապետությունների ղեկավարների հանդիպումն արժանի է դրական գնահատականի։ Հուսով ենք` այս քայլը կօգնի խաղաղության օրակարգի առաջմղմանը», - ասվում է Զախարովայի մեկնաբանության մեջ։
Նա հավելել է, որ Հարավային Կովկասի խնդիրների լուծման լավագույն տարբերակը հենց տարածաշրջանի երկրների մշակած լուծումների որոնումն ու իրականացումն է հարևանների՝ Ռուսաստանի, Իրանի, Թուրքիայի աջակցությամբ:
«Արտատարածաշրջանային խաղացողների միանալը պետք է նպաստի խաղաղ օրակարգի ամրապնդմանը և լրացուցիչ դժվարություններ ու բաժանարար գծեր չստեղծի։ Լավ կլինի, որ Մերձավոր Արևելքի հակամարտությունների կարգավորման գործում արևմտյան աջակցության տխուր փորձը չկրկնվի», - նշել է դիվանագետը
Զախարովան ընդգծել է, որ Մոսկվան կվերլուծի վաշինգտոնյան հանդիպման ժամանակ ԱՄՆ-ի հնչեցրած հայտարարությունները, որոնք վերաբերում են տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակմանը։
«Ռուսաստանի մասնակցությամբ եռակողմ պայմանավորվածությունները, որոնցից չի հրաժարվել կողմերից որևէ մեկը, շարունակում են արդիական մնալ։ Կարևոր է հաշվի առնել նաև Հայաստանի` ԵԱՏՄ միասնական մաքսային տարածքին անդամակցելու գործոնը, մասնավորապես հանրապետության տարածքով տարանցիկ բեռնափոխադրումների կազմակերպման հարցում», - ասվում է մեկնաբանության մեջ։
Նա հիշեցրել է, որ հայ-ադրբեջանական կարգավորման ներկա փուլը մեկնարկել է Ռուսաստանի անմիջական աջակցությամբ և գլխավոր դերակատարմամբ, երբ 2020 թվականի նոյեմբերի 9-ին բարձր մակարդակի եռակողմ հայտարարություն ընդունվեց:
«Տեղին է հիշեցնել, որ հայ-ադրբեջանական կարգավորման ներկա փուլը մեկնարկել է 2020 թվականի նոյեմբերի 9-ին Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում կրակի և բոլոր մարտական գործողությունների դադարեցման մասին բարձր մակարդակով եռակողմ հայտարարության ընդունմամբ: Տարածաշրջանում տեղակայվեց ռուսական խաղաղապահ զորախումբ, որն անփոխարինելի ներդրում ունեցավ իրավիճակի կայունացման գործում։ Միշտ կհիշենք մեր խաղաղապահներին, որոնք զոհվեցին ծառայողական պարտքը կատարելիս», - ընդգծել Է դիվանագետը։
ԱԳՆ ներկայացուցիչը նշել է, որ հարավկովկասյան երկու հանրապետությունների միջև խաղաղություն հաստատելու գործում կարևորագույն նշանակություն կունենա Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի ստորագրումը և ուժի մեջ մտնելը:
«Երկու երկրների հաշտեցումը պետք է լինի տարածաշրջանային համատեքստում և հիմնված լինի շահերի հավասարակշռության և կողմերի ու հարևան պետությունների առաջնահերթությունների անվերապահ հարգանքի վրա», - եզրափակել է Զախարովան:
Հիշեցնենք` այս գիշեր Վաշինգտոնում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ստորագրել են յոթ կետից բաղկացած համատեղ հռչակագիր, որը ամրագրում է կողմերի խաղաղության ձգտումը` առանց մանրամասները ներկայացնելու։ Փաստաթղթի տակ ստորագրություն է դրել նաև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովն էլ Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների ներկայությամբ նախաստորագրել են «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագիրը, որի տեքստը կհրապարակվի օգոստոսի 11-ին։