«Թրամփի երթուղին հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (TRIPP) նախագիծն Իրանին ոչ միայն տնտեսական կորուստներ, այլև լուրջ աշխարհաքաղաքական ռիսկեր է խոստանում, ՌԻԱ Նովոստիին ասել է իսրայելցի վերլուծաբան, քաղաքական գիտությունների թեկնածու և միջազգային հակամարտությունների հարցերով փորձագետ Յուրի Բոչարովը:
Հայաստանը նախատեսում է ԱՄՆ-ին բացառիկ երկարաժամկետ իրավունքներ տրամադրել երթուղու զարգացման համար, որը գործելու է ՀՀ օրենսդրության շրջանակում: Ամերիկյան կողմը մտադիր է հողը ենթավարձակալության հանձնել ենթակառուցվածքի և կառավարման համար պատասխանատու կոնսորցիումին:
Ավելի վաղ Իրանի գերագույն առաջնորդի խորհրդական Ալի Աքբար Վելայաթին դեմ էր արտահայտվել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի առաջ քաշած նախագծին՝ հայտարարելով, որ այն «վտանգում է Հարավային Կովկասի անվտանգությունը»:
Բոչարովի խոսքով՝ այդ միջանցքի իրականացումը կարող է Իրանին դուրս թողնել կարևորագույն տրանսպորտային շղթայից, զրկել նրան տարանցիկ եկամուտներից և թուլացնել ազդեցությունը Հարավային Կովկասում:
«Իրանը կարող է կորցնել Եվրոպայի և Ասիայի միջև առանցքային այլընտրանքային երթուղու դերը, այդ թվում ցամաքային ճանապարհը դեպի Երևան, այնուհետև՝ Ռուսաստան։ Իսկ գլխավորը նրա սահմանների մոտ ամերիկյան ներկայության հայտնվելն է, ինչը հետագայում կարող է հանգեցնել ԱՄՆ-ի, թեկուզև ձևականորեն քողարկված, ռազմակայանի ստեղծմանը։ Սա արդեն ուղղակի և երկարաժամկետ սպառնալիք է Իրանի ազգային անվտանգությանը»,-նշել է Բոչարովը։
Նա հիշեցրել է, որ Թեհրանը վաղուց է առարկում այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» նախագծին՝ մտավախություն ունենալով, որ այն կարող է կտրել Իրանը Հայաստանից և մնացած Կովկասից, ինչպես նաև հանգեցնել նրա սահմանների մոտ օտարերկրյա ռազմական ներկայության ի հայտ գալուն: