Երկրի վրա ավելի քան 30 ժամ տևած մագնիսական փոթորիկն ավարտվել է։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի Տիեզերական հետազոտությունների ինստիտուտի Արևային աստղագիտության լաբորատորիային։
«Մոսկվայի ժամանակով օգոստոսի 10-ի դրությամբ գեոմագնիսական իրադրությունը լիովին կայունացել է»,- ասված է հաղորդագրության մեջ:
Անցած մագնիսական փոթորիկը տևել է ավելի քան 30 ժամ և գագաթնակետին հասել է G2.0 մակարդակին, որն ամենաբարձր ցուցանիշն է այս տարվա հունիսի 13-14-ի նմանատիպ իրադարձությունից ի վեր:
Այնուամենայնիվ, ՌԳԱ Տիեզերական հետազոտությունների ինստիտուտի կանխատեսմամբ, «պահպանվում են գեոմագնիսական խանգարումների ռիսկերը, որոնք առկա կլինեն մինչև հաջորդ շաբաթվա կեսերը, երբ Արևի պտույտի պատճառով պսակային անցքերը կտեղափոխվեն աստղի արևմտյան եզր, որտեղից կդադարեն ազդել Երկրի վրա»: