Քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
««Հայաստանի Հանրապետությունն աշխատելու է Ամերիկայի Միացյալ Նահանգների և փոխադարձաբար համաձայնեցված երրորդ կողմերի հետ՝ Հայաստանի Հանրապետության տարածքում «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» («Trump Route for International Peace and Prosperity» (TRIPP)) հաղորդակցության ծրագրի իրականացման շրջանակը սահմանելու նպատակով։ Մենք հաստատում ենք մեր վճռականությունը բարեխղճորեն ձեռնարկելու բոլոր միջոցները՝ սույն նպատակին հնարավորինս արագ կերպով հասնելու համար»:
Ինչու՞ է Հայաստանի տարածքով անցնող ճանապարհի հարցում արձանագրվում այսպիսի կետ՝ օգոստոսի 8-ի եռակողմ հռչակագրում, իսկ Ադրբեջանի տարածքով անցնող ճանաօարհների հարցում՝ ոչ:
Բայց, վերը մեջբերածս դրույթը օգոստոսի 8-ի եռակողմ հռչակագրի կետ է, դրույթ, ինչը ակնհայտորեն նշանակում է, որ այն հայ-ադրբեջանական կարգավորում կոչվող օրակարգի բաղադրիչ է՝ հետո նոր միայն հայ-ամերիկյան հարց:
Հետեւաբար, օգոստոսի 8-ի հռչակագիրը իրավա-քաղաքական մակարդակում դե ֆակտո արձանագրում է պատկեր, որում Հայաստանի տարածքի առնչությամբ լեգիտիմացվում է հատուկ ռեժիմի, հատուկ կարգավորման առկայությունը: Եթե ՀՀ ինքնիշխան տարածքով անցնող ճանապարհի վերաբերյալ արձանագրվում է հատուկ կարգավորում՝ միակողմանի, առանց Ադրբեջանի որեւէ տարածքային հանգամանք ույնանման արձանագրման արժանացնելու, ապա դա այլ բան չէ, քան Հայաստանի տարածքի ճանաչում որպես «կոնֆլիկտի առարկա»:
Հետեւաբար, սա պաշտոնական ստորագրությամբ արձանագրված նահանջ է ինքնիշխանության ու տարածքային ամբողջության անքակտելի սկզբունքից: Օգոստոսի 8-ի եռակողմ հայտարարության 4-րդ կետը այդ սկզբունքը Հայաստանի առնչությամբ դարձնում է «քակտելի»:
Պարտադիր չէ, որ դրա մասին լինեն ուղիղ ձեւակերպումներ: Իրավա-պայմանագրային փաստաթղթերը բացի տառից, ունեն նաեւ «ոգի»: Դա իրավագիտության, այդ թվում միջազգային հարաբերությունների էական մասնագիտական առանձնահատկություններից մեկն է:
Օգոստոսի 8-ի հայտարարությամբ եռակողմ ստորագրությամբ՝ այսինքն Հայաստանի, ԱՄՆ ու Ադրբեջանի ղեկավարների ստորագրությամբ հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացի համատեքստում արձանագրվում է հատուկ ռեժիմ՝ Հայաստանի տարածքի առնչությամն, ՄԻԱՅՆ Հայաստանի տարածքի առնչությամբ»: