ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, մեկնաբանելով Պեկինում անցկացվող Երկրորդ համաշխարհային պատերազմում հաղթանակի 80-ամյակի տոնակատարությունը, հայտարարել է, որ Չինաստանի նախագահ Սի Ծինփինը, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը «դավեր են նյութում ԱՄՆ-ի դեմ»։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նա գրել է իր Truth Social հարթակում:
«Թող նախագահ Սին և Չինաստանի հրաշալի ժողովուրդն ունենան հիանալի և անմոռանալի տոնակատարություն։ Խնդրում եմ, իմ ամենաջերմ մաղթանքները փոխանցեք Վլադիմիր Պուտինին և Կիմ Չեն Ընին, մինչ դուք նրանց հետ միասին դավեր եք նյութում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեմ», - գրել է Թրամփը։
Սպիտակ տան ղեկավարը նաև հիշեցրել է «Ամերիկայի Միացյալ Նահանգների կողմից Չինաստանին ցուցաբերված «հսկայական աջակցության և «թափված արյան» մասին, որպեսզի նրան օգնի ազատություն ձեռք բերել շատ թշնամական օտարերկրյա զավթիչից»։
«Բազմաթիվ ամերիկացիներ են զոհվել՝ պայքարելով Չինաստանի հաղթանակի և փառքի համար։ Հուսով եմ՝ նրանք իրավամբ կմեծարվեն և կհիշվեն իրենց քաջության ու զոհաբերության համար», - գրել է Թրամփը։