Վաղը նախագահ Ալիևը և վարչապետ Փաշինյանը կմիանան ինձ Սպիտակ տանը՝ պաշտոնական խաղաղության ստորագրման արարողության համար. այս մասին Truth Social սոցկայքում գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:
«Անհամբեր սպասում եմ վաղը Սպիտակ տանը պատմական խաղաղության գագաթնաժողովին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին հյուրընկալելուն: Այս երկու պետությունները տարիներ շարունակ պատերազմել են, ինչի հետևանքով զոհվել են հազարավոր մարդիկ: Շատ առաջնորդներ փորձել են ավարտել պատերազմը, բայց ապարդյուն... Իմ վարչակազմը բավականին երկար ժամանակ համագործակցել է երկու կողմերի հետ։ Վաղը նախագահ Ալիևն ու վարչապետ Փաշինյանը կմիանան ինձ Սպիտակ տանը՝ Խաղաղության ստորագրման պաշտոնական արարողության համար:
ԱՄՆ-ն նաև երկկողմ համաձայնագրեր կստորագրի երկու երկրների հետ՝ միասին տնտեսական հնարավորություններին հետամուտ լինելու համար, որպեսզի մենք կարողանանք լիովին բացահայտել Հարավային Կովկասի ներուժը։
Ես հպարտ եմ այս քաջ առաջնորդներով, որոնք ճիշտ որոշում են կայացրել Հայաստանի և Ադրբեջանի հիանալի ժողովուրդների համար։ Դա լինելու է պատմական օր Հայաստանի, Ադրբեջանի, Միացյալ Նահանգների և աշխարհի համար»,-գրել է նա։
Հիշեցնենք, որ օգոստոսի 8-ին, Երևանի ժամանակով 23:20 -ին Վաշինգտոնում տեղի կունենա Թրամփ-Ալիև հանդիպում, 00:00-ին՝ Եռակողմ հանդիպում:
Նշենք, որ ավելի վաղ հայտնել էինք, որ օգոստոսի 8-ին՝ Վաշինգտոնի ժամանակով 14:30-ին, իսկ Հայաստանի ժամանակով 22:30-ին, տեղի կունենա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հանդիպումը: