Պատմական օր է լինելու. Թրամփը` Փաշինյան–Ալիև հանդիպման մասին
Օգոստոսի 10, 2025

Պատմական օր է լինելու. Թրամփը` Փաշինյան–Ալիև հանդիպման մասին

By Օգոստոսի 08, 2025 29

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի` Սպիտակ տանը կայանալիք հանդիպումը պատմական է լինելու։

«Ալիևը և Փաշինյանը կմիանան ինձ Սպիտակ տանը՝ խաղաղություն կնքելու պաշտոնական արարողությանը: Միացյալ Նահանգները նաև երկկողմ համաձայնագրեր կստորագրի երկու երկրների հետ՝ տնտեսական հնարավորությունները համատեղ օգտագործելու համար, որպեսզի մենք կարողանանք բացահայտել Հարավային Կովկասի տարածաշրջանի ողջ ներուժը: Ես շատ հպարտ եմ այս խիզախ առաջնորդներով, որ նրանք ճիշտ են վարվում՝ ի շահ Հայաստանի և Ադրբեջանի մեծ ժողովուրդների։ Սա պատմական օր կլինի Հայաստանի, Ադրբեջանի, Միացյալ Նահանգների և ամբողջ աշխարհի համար»,– գրել է ԱՄՆ նախագահը սոցցանցում։

Թրամփը նշել է, որ շատ առաջնորդներ փորձել են վերջ տալ պատերազմին, բայց ոչ մի հաջողություն չի գրանցվել։ ԱՄՆ նախագահի խոսքով` իր վարչակազմը բավական երկար ժամանակ համագործակցել է երկու կողմերի հետ, և այժմ խաղաղություն կկնքվի իր շնորհիվ։

Ավելի վաղ ՀՀ կառավարությունը հայտնել էր, որ Փաշինյանն օգոստոսի 7-8-ը կայցելի ԱՄՆ, երկկողմ հանդիպում կունենա ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ՝ Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերությունը խորացնելու նպատակով, ինչպես նաև եռակողմ հանդիպում՝ ԱՄՆ նախագահի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ՝ միտված տարածաշրջանում խաղաղության, բարօրության և տնտեսական համագործակցության առաջմղմանը:

Վաշինգտոնում աշխատող և Հարավային Կովկասի իրավիճակը լուսաբանող լրագրող Ալեքս Ռաուֆօղլուն, հղում անելով ԱՄՆ կառավարության աղբյուրներին, երեկ X-ում հրապարակել էր այն փաստաթղթերի ցանկը, որոնք մտադիր են ստորագրել Ամերիիկայի Միացյալ Նահանգների, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները:

Rate this item
(0 votes)

Լրահոս