Ռուսաստանի և ԱՄՆ-ի առաջնորդներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի հանդիպումը կսկսվի Անքորիջում՝ տեղական ժամանակով ժամը 11:30-ին (Երևանի ժամանակով՝ 22:30), հայտնել է նախագահի օգնական Յուրի Ուշակովը։
Գագաթնաժողովի ծրագիրը համաձայնեցված է. այն տեղի կունենա Ալյասկայի Էլմենդորֆ-Ռիչարդսոն ռազմաբազայում։
Երկու երկրների ղեկավարները նախ կզրուցեն դեմ առ դեմ, ապա՝ պատվիրակությունների մասնակցությամբ։ Բանակցությունները կշարունակվեն աշխատանքային նախաճաշի շուրջ։
Հանդիպման առանցքային թեման կլինի ուկրաինական ճգնաժամի կարգավորումը. կողմերը կարծիքներ կփոխանակեն Մոսկվայի և Վաշինգթոնի միջև համագործակցության վերաբերյալ. առաջնորդները կքննարկեն նաև խաղաղության և անվտանգության ապահովման խնդիրները, ինչպես նաև միջազգային և տարածաշրջանային օրակարգի հարցեր։
Բանակցությունները կընթանան «5+5» ձևաչափով, հայտնել է Ուշակովը։ Մոսկվան կներկայացնեն արտգործնախարար Սերգեյ Լավրովը, պաշտպանության նախարար Անդրեյ Բելոուսովը, ՌԴ նախագահի ներկայացուցիչ Կիրիլ Դմիտրիևը, ֆինանսների նախարար Անտոն Սիլուանովը և նախագահի օգնական Յուրի Ուշակովը։
«Ամերիկյան պատվիրակության կազմը նույնպես հայտնի է, բայց, հավանաբար, ճիշտ կլինի սպասել մեր ամերիկացի գործընկերների համապատասխան հայտարարությանը», - լրագրողներին ասել է Ուշակովը։
Հաղորդվում է, որ արդեն ՌԴ-ից Ալյասկա է մեկնել ինքնաթիռ՝ ենթադրաբար, Թրամփ-Պուտին հանդիպման նախապատրաստական փուլն իրականացնելու նպատակով։