Չեմ տեսնում որևէ բան, որը կարելի է որպես հաջողություն ներկայացնել. Դավիթ Տոնոյանը՝ նախաստորագրված համաձայնագրի մասին
Օգոստոսի 12, 2025

Չեմ տեսնում որևէ բան, որը կարելի է որպես հաջողություն ներկայացնել. Դավիթ Տոնոյանը՝ նախաստորագրված համաձայնագրի մասին

Անվտանգության ապահովման հետ կապված փոփոխություններ դեռևս չեն կատարվել, այսինքն՝ ոչ մի բան գետնի վրա չի իրականացվել: Կան  դեկլարատիվ հայտարարություններ, որի հետևանքները և շարունակականության ապահովումը կտեսնենք մոտակա ժամանակներս։ Ուրախանալու կամ որևիցե մի բանի վրա կենտրոնանալու խնդիր չունեմ, չեմ տեսնում որևէ բան, որը որ կարելի է որպես հաջողություն ներկայացնել։ Այս մասին News.am-ի հետ զրույցում ասել է Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը:

Խոսելով Վաշինգտոնում նախաստորագրված «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական ​​հարաբերությունների հաստատման» մասին համաձայնագրին, նա նշել է, որ որևէ գնահատական այս պահին չի կարող տալ, քանի որ ամեն ինչ կերևա այն ժամանակ, երբ կլինեն գործնական քայլեր, անվտանգության ապահովման և ճշգրիտ սահմանազատման տեսանկյունից:

Լրագրողը անդրադարձել է «Թրամփի ուղուն», որը, ըստ խոսակցությունների վերահսվելու է ամերիկյան ուժերի կողմից, հարցրել՝ արդյո՞ք ՊՆ նախկին նախարարը այդպես էր պատկերացնում ելքը, Տոնոյանը պատասխանել է. «Ես այդպիսի ելք չէի պատկերացնում, առնվազն այն, ինչ որ ես պատկերացնում էի, ձևակերպված էր նոյեմբերի 9-ի փաստաթղթով, դրանից ավել այդ փոփոխությունները, որոնք իրականացվել են Արցախի,  արցախցիներ՝ Արցախը լքելու, Լաչինի կորուստը և այլն, այդ ամեն ինչը,  իհարկե, ես չէի պատկերացնում: Հիմա այլ իրավիճակ է: Այդ այլ իրավիճակից ելնելով՝ այսօրվա իշխանությունները այդպիսի համաձայնությունների են գալիս», - ասել է Դավիթ Տոնոյանը: 

Նա նշել է, որ որևէ մեկը ավելին չի կարող ասել ճանապարհի մասին, որովհետև պարզ չէ, թե ինչ է ներկայացնելու այդ ճանապարհը՝ նախագծի, շինարարության տեսանկյունից, ի՞նչ երկրներ են մասնակցելու, աշխարհագրորեն ի՞նչ տարածքով է անցնելու: Արդյո՞ք Մեղրիով է անցնելու, թե՞ ոչ: Ըստ նրա, միայն այս հարցերի պատասխանները ունենալուց հետո կարելի է ենթադրություններ անել: Հարցին՝ արդյո՞ք հավատում է Նիկոլ Փաշինյանի կառավարության խաղաղության դարաշրջանին, Տոնոյանը պատասխանել է, որ ո՛չ հավատալու, ո՛չ չհավատալու «խնդիր չունի»:

Դավիթ Տոնոյանը անդրադառնալով նաև իր դատական գործի ընթացքին՝ ասել է, որ դատախազը ելույթով հանդես է եկել, որին պատրաստվում են հակադրվել, քանի որ վստահ է իր ճիշտ լինելու մեջ:

Տոնոյանը նախկինում իր դեմ տարվող գործը անվանել էր «թավշյա հետապնդում»: Լրագրողի հարցին՝ արդյո՞ք դա դեռ շարունակվում է, ՊՆ նախկին նախարարը նշել է՝ ըստ դատավարության ընթացքի՝ այո։

Rate this item
(0 votes)

Լրահոս