Սա է հեղափոխոթյան ամենամեծ բումերանգը. օգոստոսյան մտքեր
Օգոստոսի 12, 2025

Սա է հեղափոխոթյան ամենամեծ բումերանգը. օգոստոսյան մտքեր

Օգոստոսյան մտքեր

Հայաստանն անխուսափելիորեն փոխվել է, և այդ փաստը որքան ակնհայտ էր դառնում, այդքան ուժգին հերքում էին նախկին էլիտաները։ Հերքում էին հեղափոխության առաջին իսկ օրվանից, որովհետև ընդունել հեղափոխության փաստը, նշանակում էր համակերպվել նոր իրականությունում սեփական դերի բացակայության հետ:

Հայ ժողովուրդն անխուսափելիորեն և անդառնալի գրավել է հասարակական-քաղաքական դաշտը։ Այս փաստի հետ, եթե անցյալում չէր ուզում համակերպվել նախկին էլիտան, հիմա դրա դեմ պայքարում է ժողովրդի ծնունդ հեղափոխական էլիտան։

Ջախջախիչ պարտության սիմվոլի վերընտրությունից ու ցանկացած գնով խաղաղություն հաստատելու մանդատ ստանալուց հետո, հեղափոխական էլիտային թվում էր, թե «խաղաղություն» անունով թուղթն ապահովելուց հետո իրենց կհաջողվի հետ պտտել պատմության անիվը։ Վերադարձնել 2018-ի անվերապահ սերը։

Ընդամենը երեք օր առաջ Հայաստանի վարչապետը կնքեց հայկականության, Հայկական հարցի և Հայաստանի համար ամենակարևոր երկու փաստաթղթերը։ Նա ԱՄՆ-ին զիջեց (գոնե թե այդպես է հայտարարվում) Հայաստանի ռազմավարական նշանակության տարածքը՝ չպարզաբանված ու չբանակցված մանրամասներով։ Կատարեց Ադրբեջանի բոլոր պահանջները՝ լուծարելով ԵԱՀԿ Մինսկի խումբն ու տվեց անխոչընդոտ ճանապարհ դեպի Նախիջևան։ Նա այդ ամենն արեց, որ գոնե թղթի վրա ապահովի խաղաղություն բառը՝ որպես սեփական գոյության իմաստավորման և 2021թ. հետո իրեն վերընտրած հեղափոխականների ճշմարտացիության ապացույց։

Նա ապահովեց «Ղարաբաղը տանք, Ցեղասպանությունը մոռանանք, երջանիկ ու հանգիստ ապրենք» գլոբալիստական գաղափարախոսության հաղթանակը, որ վերցնի այդ հաղթանակի դափնիները։ Բայց մնաց միայն ՔՊ-ականների՝ սրտխառնոց առաջացնող գովեստի խոսքերի հույսին։

Թուլացած Իրանի, հեռացող Ռուսաստանի, գերիշխող Ադրբեջանի ու օր օրի հեգեմոնիա հաստատող Թուրքիայի պայմաններում, պարտության խորհրդանիշը ստացել է առավելագույնը։ Զիջել է ամեն ինչ, բայց ստացել է առավելագույնը։ Հնարավո՞ր էր այդքան զիջումների դիմաց հասնել գոնե գերիների ազատ արձակմանն ու Հայաստանից գրավված տարածքներին դեօկուպացիային, վստահաբար՝ այո, բայց Նիկոլով, աշխարհաքաղաքական ներկա վիճակով ստանալ ավելին, հավանաբար՝ ոչ։

Այս գործարքի ամենառանցքային կողմերից մեկը՝ հայ ժողովուրդը մնաց անտարբեր կատարվածին։ Մարդուն, ում տվել էին մանդատ ազգային դավաճանության և պատմության ուրացման գնով բերել խաղաղություն, թողեցին առանց ծափերի։

Ծափերն ու ուշադրությունը սևեռվեց Դևոյանների ընտանիքի վրա։ Համեմատեք Սոֆի Դևոյան կրտսերի հարսանիքի դիտումների թվերը, հավանումները և ճակատագրական հարցին արձագանքի թվերը։

Նայեք թվերին ու կհասկանաք, թե ուր է գնում երկիրը։

Սա է հեղափոխոթյան ամենամեծ բումերանգը։

Rate this item
(0 votes)

Լրահոս