«Գեոպրոմայնինգ»-ը անհետացել է խոշոր հարկատուների ցանկից. «Ժողովուրդ»
Օգոստոսի 14, 2025

«Գեոպրոմայնինգ»-ը անհետացել է խոշոր հարկատուների ցանկից. «Ժողովուրդ»

By Օգոստոսի 14, 2025 15

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ռուսական հանքարդյունաբերական «Գեոպրոմայնինգ» ՍՊԸ-ն նախորդ տարի հայտնվել էր Վաշինգտոնի կողմից հրապարակված հակառուսական պատժամիջոցների նոր փաթեթի ներդրման շարքում։ Այս մասին գրել էր «Հետք»-ը 2024 թվականի փետրվարի 27-ին։ 

Փաթեթում ներառված էին ավելի քան 500 ֆիզիկական և իրավաբանական անձինք։ Ինչպես «Հետքը» գրել էր, Ռուսական «Գեոպրոմայնինգ» ընկերությունների խմբի հայկական ակտիվներն են «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն, «Գեոպրոմայնինգ գոլդ» ՍՊԸ-ն, որը շահագործում է Սոթքի ոսկու հանքավայրը, Արարատի ոսկու կորզման ֆաբրիկան, ինչպես նաև «Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն։ Այսինքն՝ միջնորդավորված կերպով Հայաստանն է հայտնվել պատժամիջոցների նոր փաթեթի շարքում:

«Ժողովուրդ» օրաթերթը, ուսումնասիրելով արխիվային փաստաթղթերը, նկատեց, որ «Գեոպրոմայնինգ գոլդ» ՍՊԸ-ն վաղուց Հայաստանի 1000 խոշոր հարկատուներից մեկն է եղել տարիներ շարունակ: Սակայն նույն պաշտոնական աղբյուրներից «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ վերջին 2 տարիների ընթացքում այն անհետացել է խոշոր հարկատուների ցանկից։ Բանն այն է, որ ըստ Պետական եկամուտների կոմիտեում հրապարակված 1000 խոշոր հարկատուների ցանկի՝ «Գեոպրոմայնինգ գոլդ» ՍՊԸ-ն 2022 թվականին 1000 խոշոր հարկատուների հարյուրյակում եղել է 86-րդը՝ վճարելով 3 մլրդ 201 մլն դրամ հարկ։ 2023 թվականին առաջին հարյուրյակում բարելավել է դիրքերը՝ հայտնվելով 77-րդ հորիզոնականում՝ վճարելով 4 մլրդ 45 մլն դրամ հարկ։ 2024 թվականի հունվար-դեկտեմբեր ամիսներին 1000 խոշոր հարկատուների ցանկից ընկերությունը անհետացել է․ այն չկա նաև 2025 թվականի երկրորդ եռամսյակի 1000 խոշոր հարկատուների ցանկում։ 

Սա խիստ կասկածելի է, քանի որ ընկերության աշխատանքների վատթարացման վերաբերյալ որևէ հրապարակում չի եղել, և անգամ չի եղել փակման մասին որևէ հայտարարություն։ Ավելին՝ հայտնի դաձավ, որ ընկերության սեփականատերերը պատժամիջոցների կենտրոնում են հայտնվել․ նրանք դուրս են եկել ընկերության բաժնետերերի ցանկից։

Ռուս միլիարդատեր Ռոման Տրոցենկոյի որդին՝ Գլեբ Տրոցենկոն, մինչև 2023 թվականի հոկտեմբերը եղել է ինչպես «Գեոպրոմայնինգ գոլդ» ՍՊԸ-ի, այնպես էլ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի (ԶՊՄԿ) բաժնետեր։ Ե՛վ Ռոման Տրոցենկոյին պատկանող ընկերությունը, և՛ Գլեբ Տրոցենկոն 2023-ի վերջերին հայտնվեցին ամերիկյան պատժամիջոցների տակ։ Դրանից հետո Գլեբ Տրոցենկոն դուրս եկավ «Գեոպրոմայնինգ գոլդ» ՍՊԸ-ի և ԶՊՄԿ-ի բաժնետերերի ցանկից։

«Հետքը» ենթադրել էր, որ այս քայլը պայմանավորված է պատժամիջոցների գործոնով։ Տրոցենկոն դուրս է եկել հայաստանյան ակտիվներից, որպեսզի այդ ընկերությունները չտուժեն պատժամիջոցներից։ Բաց նույնիսկ եթե այդպես է, ապա անգամ պատժամիջոցները չպետք է ազդեցություն ունենային «Գեոպրոմայնինգ գոլդ» ՍՊԸ-ի հարկային անկման հետ։ Ինչ-որ բան մութ ու կասկածելի է մնում, որը «Ժողովուրդ» օրաթերթը առաջիկայում կբացահայտի։

«Ժողովուրդ»-ը կապվեց նաև «Գեոպրոմայնինգ գոլդ» ՍՊԸ-ի հետ, փորձեցինք հարցնել, թե որն է պատճառը, որ գրեթե 2 տարի է՝ ՍՊԸ-ն հարկատու չէ։ Մեր հարցը հնչեցնելուց հետո այն մնաց անպատասխան»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Rate this item
(0 votes)

Լրահոս