Չինացի գիտնականները խոզի լյարդ են փոխպատվաստել մարդուն
Հոկտեմբերի 09, 2025

Չինացի գիտնականները խոզի լյարդ են փոխպատվաստել մարդուն

By Հոկտեմբերի 09, 2025 22

Աշխարհում առաջին անգամ չինացի գիտնականները գենետիկորեն ձևափոխված խոզի լյարդ են փոխպատվաստել մարդուն, վիրահատությունը հաջող է անցել։ Այս մասին հաղորդում է «Journal of Hepatology»–ն։

71-ամյա պացիենտի մոտ ախտորոշվել է լյարդի քաղցկեղ և ցիռոզ: Փոխպատվաստված լյարդը օժանդակ օրգանի գործառույթ է կատարել։ Փոխպատվաստումից հետո առաջին ամսվա ընթացքում բժիշկները ոչ մի բարդություն չեն արձանագրել։ Փոխպատվաստումից 38 օր անց մարդու օրգանիզմը, այնուամենայնիվ, սկսել է մերժել օտար օրգանը։ Գիտնականները առավելագույն ջանքեր են գործադրել բացասական գործընթացը կանգնեցնելու, բայց ի հայտ եկած ծանր բարդությունների հետևանքով բուժառուն մահացել է։

Այդուհանդերձ, գիտնականները հետազոտությունը հաջողված են համարում, քանի ապացուցվել է, որ խոզի լյարդը կարող է ապահովել մարդու օրգանիզմի հիմնական գործառույթները: Վիրահատությունը գիտնականներին արժեքավոր տեղեկություններ է տրամադրել այն գործոնների մասին, որոնք կարող են դրական կամ բացասական ազդեցություն ունենալ փոխպատվաստման արդյունքի և հետվիրահատական շրջանի վրա:
Խոզի լյարդը մարդուն փոխպատվաստելու գիտափորձը հիմք է տալիս հուսալու, որ վերջապես կլուծվի փոխպատվաստման ոլորտի ամենասուր խնդիրը՝ դոնորական օրգանների անբավարարությունը:

Աշխարհում կենդանիների, այդ թվում՝ գենետիկորեն ձևափոխված օրգանների փոխպատվաստման փորձեր պարբերաբար են անցկացվում։ Չինացի բժիշկներն այս տարվա սկզբին էլ էին խոզի լյարդի փոխպատվաստում իրականացրել, բայց ուղեղային մահով բուժառուի. փոխպատվաստված օրգանը գործել էր ընդամենը 10 օր:

Rate this item
(0 votes)

Լրահոս