Օգոստոսին Հայաստանը հիմնականում գտնվելու է հարավից ներթափանցող տաք օդային հոսանքների ազդեցության գոտում, ինչի արդյունքում ամսական միջին ջերմաստիճանն ամբողջ ամսվա ընթացքում կանխատեսվել է կլիմայական նորմայից բարձր 2-3 աստիճանով, տեղումների քանակը՝ նորմայից պակաս։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 4–ին կայացած ասուլիսի ժամանակ ասաց Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը՝ նշելով, որ սպասվում է շոգ և սակավ տեղումներով օգոստոս։
Գագիկ Սուրենյանը նշեց, որ օգոստոսի ամենաբարձր ջերմաստիճանները կգրանցվեն առաջին տասնօրյակում։ Մայրաքաղաքում ջերմաչափի սյունը կհասնի +42 աստիճանի։
Անդրադառնալով հանրապետության տարածքում ստեղծված հրդեհավտանգ իրավիճակին, Գագիկ Սուրենյանն ասաց.
«Կոտայքի, Արագածոտնի, Վայոց Ձորի նախալեռնային հատվածներում, Արարատյան դաշտում, Սյունիքի հովտային գոտում, Երևանում շարունակական ժամանակ դիտվել է բարձր ջերմային ֆոն և առանձնապես տեղումներ չեն դիտվել. Այս հատվածներում ստեղծվել է վերջին՝ 5–րդ կարգի հրդեհավտանգ իրավիճակ։
«Ազգաբնակչությանը կոչ ենք անում պահպանել հրդեհավտանգության կանոնները՝ անտառային հրդեհներից խուսափելու համար։ Գետնին մի՛ գցեք այրված լուցկի կամ ծխախոտի մնացորդներ, մի՛ նետեք ապակյա տարաներ, որովհետև այն կատարում է ոսպնյակի դեր և ստեղծում հրդեր, մի՛ թողեք տարածքում դյուրավառ նյութերով լսված տարաններ կամ դրանցով թրջված լաթեր։ Անտառային լանդշաֆտում մի՛ վառեք կրակ, իսկ եթե վառել եք, տարածքը լքելուց առաջ համոզված եղեք, որ այն ամբողջապես մարել է»,–հորդորեց Սուրենյանը։