Իրանի ազատ առևտրի, արդյունաբերական և հատուկ տնտեսական գոտիների բարձրագույն խորհրդի քարտուղար Ռեզա Մասրուրը հայտարարել է, որ համատեղ ազատ առևտրի գոտու ստեղծումը և Իրանի միջոցով Չին-պակիստանյան տնտեսական միջանցքի (CPEC) միացումը Ռուսաստանին և Եվրոպային կարող են ընդգրկվել Թեհրանի և Իսլամաբադի առևտրային հարաբերությունների օրակարգում, հայտնում է Mehr-ը։
Կիրակի օրը Պակիստանի առևտրի դաշնային նախարար Ջամ Քամալ Խանի հետ հանդիպմանը ելույթ ունենալով՝ Մասրուրը հայտարարել է, որ «բարիդրացիական հարաբերությունները կարող են ճանապարհ հարթել Իրանի և Պակիստանի միջև առևտրի ընդլայնմանը, համատեղ արտադրական հզորությունների ակտիվացմանը և տնտեսական փոխանակումների բարգավաճմանը»։ Երկու պաշտոնյաները հանդիպել են շաբաթ օրը մեկնարկած՝ նախագահ Մասուդ Փեզեշքիանի և նրան ուղեկցող պատվիրակության՝ Պակիստան կատարած պաշտոնական այցի շրջանակներում։
«Իրանն ու Պակիստանը՝ որպես ընդհանուր պատմությամբ և քաղաքակրթությամբ երկու բարեկամ երկրներ, ունեն անհրաժեշտ ներուժ՝ բոլոր ոլորտներում համագործակցությունն ընդլայնելու համար», - հավելել է Մասրուրը։ Անդրադառնալով երկկողմ հարաբերությունների ամրապնդման համար փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներին՝ նա ասել է, որ օֆշորային ֆերմերության միջոցով բրնձի մշակումը և դրա վերամշակումը Չաբահարի ազատ գոտում կարող են ընդգրկվել օրակարգում, քանի որ Իրանը բախվում է ջրի սղությանը։
Երկու երկրների ձեռնարկատերերին բազմակի մուտքի արտոնագրերի տրամադրումը, համատեղ ազատ առևտրի գոտու ստեղծումը և Իրանի միջոցով Չին-պակիստանյան տնտեսական միջանցքի (CPEC) միացումը Ռուսաստանին և Եվրոպային առանցքային նախաձեռնություններ են, որոնք կարող են հանգեցնել երկու երկրների միջև տնտեսական հարաբերությունների կտրուկ աճի, հավելել է իրանցի պաշտոնյան։
Քամալ Խանն իր հերթին ողջունել է այդ առաջարկները՝ դրանք անվանելով շուրջ 3 միլիարդ դոլար գնահատվող ընթացիկ տնտեսական փոխանակումների ակտիվացման կարևոր գործոն։