Ռուս-ադրբեջանական լարվածության ֆոնին Էրդողանը պահել է ընդգծված չեզոքություն, չփորձելով «թեքվել» Ադրբեջանի կողմը. Հակոբ Բադալյան
Օգոստոսի 03, 2025

Ռուս-ադրբեջանական լարվածության ֆոնին Էրդողանը պահել է ընդգծված չեզոքություն, չփորձելով «թեքվել» Ադրբեջանի կողմը. Հակոբ Բադալյան

Հակոբ Բադալյանը գրում է. «Մոսկվայում ձերբակալվել է Ուրալում ադրբեջանական համայնքի ղեկավար Շախլիսնկին, որը հետախուզվում էր հայտնի իրադարձություններից հետո: Ինչպես հայտնի է, մի քանի օր առաջ ձերբակալել էին նրա որդուն: Առայժմ պարզ չէ, թե ինչ դատավարական կարգավիճակ կունենա ադրբեջանական համայնքի ղեկավարը:

Իհարկե սա նոր «երանգ» կլինի Մոսկվա-Բաքու տակտիկական դիմակայությունում:

Սակայն այսօր այդ առնչությամբ գուցե տարածվել է այլ մի տեղեկություն, որը ուղղակիորեն ոչինչ չի պարունակում Ադրբեջանի մասին, սակայն այդուհանդերձ տողատակում պետք չէ բացառել Բաքվի «առկայությունը»:ՌԻԱ Նովոստին այսօր տեղեկություն է տարածել՝ հղում անելով ի դեպ թուրքական աղբյուրներին, որ Ռուսաստանն ու Թուրքիան ինտենսիվորեն ինֆորմացիայի փոխանակում են կատարում նախորդ տարի մարտին Կրոկուս համերգասրահում տեղի ունեցածծ խոշոր ահաբեկության քննության առնչությամբ: Ինչպես հայտնի է, Կրոկուսի ահաբեկիչները ըստ տեղեկությունների «մարզվել» էին Թուրքիայի տարածքում: 

Այստեղ սակայն ուշադրությունից պետք չէ թերեւս բաց թողնել այն, որ ահաբեկության առնչությամբ նաեւ քննարկվում էր Կրոկուսի անվտանգության ծառայության աշխատանքի թերացումների հարցը: Իսկ Կրոկուսը, ինչպես հայտնի է, պատկանում է ծագումով ադրբեջանցի միլիարդատեր Աղալարովին, որի որդին՝ Էմինը, Իլհամ Ալեւի նախկին փեսան է եւ ներկայումս էլ խոշոր ներդրումային ծրագրեր է իրականացնում Բաքվում, դրանք պարբերաբար ներկայացնելով Ալիեւին:

Կարո՞ղ է արդյոք Կրոկուսի քննության տվյալների հարցով Մոսկվա-Անկարա ինֆորմացիայի փոխանակման «առարկաների» շարքում լինել «ադրբեջանական գործոնի» հետ կապված որեւէ բովանդակություն: Իհարկե չունենք միարժեք այդպիսի եզրակացության հիմք, սակայն բոլոր դեպքերում ուշագրավ է, որ ռուս-թուրքական ինֆորմացիայի ինտենսիվ փոխանակման մասին տեղեկությունը ՌԻԱ Նովոստին հայտնում է ներկայիս ռուս-ադրբեջանական լարվածության ֆոնին, այն էլ հղում անելով թուրքական աղբյուրին:

Ես ուզում եմ հիշեցնել, որ լարվածության ներկայիս փուլի բռնկման շրջանում Թուրքիայի նախագահ Էրդողանը բավականին ուշագրավ «խաղաղարար» դիրքորոշում էր արտահայտում, պահելով ընդգծված չեզոքություն, չփորձելով որեւէ կերպ «թեքվել» Ադրբեջանի կողմը, գոնե հրապարակավ»

Rate this item
(0 votes)

Լրահոս