Կողոպուտից երեք օր անց Լուվրի թանգարանը կրկին բացվել է այցելուների համար տեղական ժամանակով ժամը 09:00-ին։ Այս մասին հաղորդում է «Reuters»-ը։
Լուվրի թանգարանում կողոպուտը տեղի է ունեցել հոկտեմբերի 19-ին։ Մի քանի դիմակավորված անձ թանգարան են ներխուժել վերամբարձ կռունկի միջոցով՝ մուտք գործելով պատուհանից։
Փարիզի դատախազության տվյալներով՝ կողոպուտը տևել է վեցից յոթ րոպե, և դրանում մասնակցել է չորս անձ, որոնք զենք չեն ունեցել։
Հանցագործները գողացել են Ֆրանսիայի թագավորական թագի հավաքածուից ինը իր, որոնցից մեկը՝ Նապոլեոն Երրորդի կնոջ թագը փախուստի ժամանակ գցել են։
Լուվրի թանգարանից ցուցանմուշների գողության հետևանքով պատճառված վնասը գնահատվում է 88 միլիոն եվրո։