Հունգարիայում գործող ծառայությունը Արցախից տեղահանվածների մասսայական արտագաղթ է կազմակերպում. ԱԳՆ-ն տեղյա՞կ չէ ծրագրից
Հոկտեմբերի 22, 2025

Հունգարիայում գործող ծառայությունը Արցախից տեղահանվածների մասսայական արտագաղթ է կազմակերպում. ԱԳՆ-ն տեղյա՞կ չէ ծրագրից

By Հոկտեմբերի 22, 2025 12

Պետական նախկին ծառայողներ, դասախոսներ, ուսանողներ, դպրոցականներ… Արցախից բռնի տեղահանված փախստականների մտավոր հատվածը հեռանում է Հայաստանից՝ մշտական բնակություն հաստատելով Ռուսաստանի Դաշնությունում, Ֆրանսիայում, Գերմանիայում, անգամ Հունգարիայում: 

NEWS.am-ի ունեցած ոչ պաշտոնական տվյալներով՝ միայն վերջին երեք ամիսների ընթացքում Հայաստանում ապրող  արցախցի ավելի քան 500 փախստականներ են տեղափոխվել և բնակություն հաստատել Հունգարիայում, որի հետ Հայաստանը շուրջ տասը տարի դիվանագիտական հարաբերություններ չուներ: Հաշվի առնելով դեպի Հունգարիա Արցախի բնակչության հոսքը, NEWS.am-ը հետաքննություն է իրականացրել՝ պարզելու, թե ինչու՞ է Հունգարիան շահագրգռված ընդունելու արցախցի փախստականներին և ինչո՞վ է  բնակության համար գրավիչ այդ երկիրը հատկապես արցախցիների մտավոր հատվածի համար: 

Մեր կատարած ուսումնասիրության արդյունքում պարզ դարձավ, որ Արցախից բռնի տեղահանված անձանց ներգաղթը կազմակերպում է Հունգարիայում գործող հայտնի բարեգործական կազմակերպություններից մեկը՝ Մալթայի Ուխտի բարեգործական ծառայությունը, որն ի թիվս այլ ծրագրերի, աջակցություն է տրամադրում ներգաղթյալներին և ապաստան փնտրողներին: Այս հասարակական կազմակերպությունը ֆինանսավորվում է ինչպես ԵՄ-ից, մասնավոր հիմնադրամներից և նվիրատուներից, այնպես էլ անմիջականորեն Հունգարիայի կառավարությունից:

Սկզբնական փուլում «Մալթայի Ուխտ»-ի ծրագիրը նախատեսված է եղել միայն Արցախից բռնի տեղահանված ուսանողների համար, որոնք կրթություն ստանալու նպատակով կարճաժամկետ ծրագրերով մեկնել են այդ երկիր, այնուհետև հնարավորություն են տվել ուսանողներին՝ հրավիրել իրենց ընտանիքի անդամներին, ավելի ուշ նաև՝ հարազատներին: Թեև Հայաստանում այս ծրագրի վերաբերյալ որևէ պաշտոնական տեղեկատվություն առկա չէ, NEWS.am-ին հաջողվեց պարզել, որ Արցախից տեղահանված ուսանողների հավաքագրման գործընթացը նախ կազմակերպվել է Հունգարիայի Պիտեր Պազմանի անվան կաթոլիկ համալսարանի կողմից, որի հետ դեռևս 2018  թվականի մարտին Արցախի պետական համալսարանը համագործակցության հուշագիր էր ստորագրել: Ըստ այդ հուշագրի, երկու բուհերը պետք է  իրականացնեին ակադեմիական փոխանակման ծրագրեր ուսանողների և դասախոսական կազմի համար, ինչպես նաև հայագիտությանը վերաբերող կրթական և հետազոտական գործունեություն իրականացնեին: Թե հայագիտության վերաբերյալ ի՞նչ պետք է սովորեին արցախցի ուսանողները պրոթուրքական և պրոադրբեջանական երկրում, հայտնի չէ: Սակայն, թե ինչու է դեմոգրաֆիական լուրջ խնդիրներ ունեցող Հունգարիան շահագրգռված իր երկիր հրավիրել քրիստոնյա բնակչությանը և հոգ տանել ընտանիքների կեցության մասին, առավել քան տրամաբանական է: 

Հայտնի է, որ Հունգարիան դասվում է ծերացող եվրոպական երկրների շարքին: Հունգարական պաշտոնական աղբյուրների համաձայն՝ այս երկրում միջին տարիքը մոտ 43.1 տարեկան է, ինչը գերազանցում է ԵՄ միջին (մոտ 42 տարեկան) տարիքը, աշխատունակ մարդկանց՝ 15–64 տարեկանների բաժինը նվազում է, իսկ 65+ տարիքային խմբի բնակչությունն աճում։ Ինչպես Հայաստանում, այս երկրում ևս ծնելիության ցուցանիշը ցածր է, իսկ մահացությունների մակարդակը բավականին բարձր (մոտ 13‰): Պաշտոնական տվյալների համաձայն՝ 2025 թվականի հունվարի 1-ի դրությամբ Հունգարիայի բնակչությունը կազմել է 9,540,000 մարդ, ինչը 45,000 –ով նվազ է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ: Դեմոգրաֆիական խնդիրները լուծելու նպատակով  Հունգարիան մեծ թվով փախստականներ է ընդունել նաև Ուկրաինայից: Մասնավորապես ներկայում Հունգարիայում ժամանակավոր պաշտպանության կարգավիճակ ստացած ուկրաինացի փախստականների թիվը գերազանցում է 40.000-ը:

Մեզ հայտնի դարձավ, որ Հունգարիա տեղափոխվածների թվում են Արցախի պետական հաստատությունների նախկին պաշտոնյաներ՝ այդ թվում կրթության ոլորտի մասնագետներ, դասախոսներ, ուսանողներ:

Հունգարիայում հաստատված արցախցի մասնագետներից մեկը NEWS.am-ին հայտնեց, որ բարեգործական կազմակերպությունն իր ընտանիքին ապահովում է բնակարանով և հոգում մեկ տարվա վարձավճարը, իսկ ընտանիքի անդամների թվով ամսական նպաստ տալիս: 

«Որքան շուտ լեզուն սովորենք և աշխատենք, այնքան արտոնություններ կստանանք»,-նշեց մեր զրուցակիցը՝ անկեղծանալով, որ Հունգարիայում անգամ կան դպրոցներ, որտեղ գրեթե բոլոր դասարաններում արդեն արցախցի դպրոցականներ են սովորում:

Մեկնողներից որոշները, սակայն չեն հարմարվել  ընդունող կողմի առաջակած պայմաններին և կարճ ժամանակ բնակվելուց հետո վերադարձել են Հայաստան, քանի որ կեցության համար պարտադիր է հունգարերեն լեզուն սովորելը, ինչն ինտերգրման համար կարևոր նախապայման է:

Իրավիճակի վերաբերյալ պաշտոնական պարզաբանում ստանալու ակնկալիքով NEWS.am-ը գրավոր հարցմամբ դիմել էր Հունգարիայում ՀՀ Արտակարգ և լիազոր դեսպան Հայկակ Արշամյանին:

Դեսպանին ուղղված հարցին պատասխանել է ԱԳՆ-ն՝ նշելով, որ Հունգարիայի Կառավարությունը Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված քաղաքացիների մուտքը և կեցության ապահովումը կազմակերպող որևէ պետական ծրագիր չի իրականացնում: Փոխարենը ԱԳՆ-ից նշել են, որ Հունգարիայի կառավարության որոշմամբ 107.000 ԱՄՆ դոլար է փոխանցվել Հայկական Կարմիր խաչի ընկերությանը «Hungary Helps» ծրագրի միջոցով, որն ուղղվելու է Լեռնային Ղարաբաղից Հայաստան տեղահանված հայերի աջակցությանը: Արտաքին գերատեսչությունից հիշեցրել են նաև, որ 2024 թվականի հուլիսին Հունգարիայի կառավարությունը Հայկական Կարմիր Խաչի ընկերությանը տրամադրել է մոտ 500.000 եվրոյին համարժեք դրամ՝ Լոռու մարզում ջրհեղեղից տուժածներին և Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին (5000 հոգու) սննդով, հիգիենայի և անկողնային պարագաներով ապահովելու համար:

Արտաքին գործերի նախարարությունից միաժամանակ հայտնել են, որ տվյալներ չունեն Հունգարիայում մշտական բնակություն հաստատած Լեռնային Ղարաբաղի հայերի թվաքանակի վերաբերյալ:

Նշենք, որ նախորդ տարվա ապրիլի 22-ին Հունգարիայում  նախկին ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը հանդիպում էր ունեցել Հունգարիայում Մալթայի Ուխտի բարեգործական ծառայության ղեկավարների հետ՝ ներկայացնելով Լեռնային Ղարաբաղից հայ բնակչության բռնի տեղահանության հետևանքով առաջացած հումանիտար խնդիրները: Հանդիպմանը քննարկվել էր նաև կազմակերպության կողմից տեղահանված հայ բնակչության կարիքներին ուղղված հումանիտար աջակցության ծրագրերի իրականացումը։

Փաստացի ստացվում է, որ հումանիտար աջակցությունը ենթադրում էր նաև Արցախից տեղահանված բնակչության ներգաղթի կազմակերպում և բնակեցում Հունգարիայում:

Հիշեցնենք, որ Հայաստանը Հունգարիայի հետ դիվանագիտական հարաբերությունները սառեցրել էր 2012 թվականին, երբ այդ երկիրը Ադրբեջանին արտահանձնեց 2004-ին Հունգարիայում հայ սպա Գուրգեն Մարգարյանին կացնահարելով սպանելու համար դատապարտված Ռամիլ Սաֆարովին, որն Ադրբեջան վերադառնալուց անմիջապես հետո հայտնվել էր ազատության մեջ և հերոսացվել։ Հայաստանի և Հունգարիայի միջև դիվանագիտական հարաբերությունները վերականգնվել են 2022 թվականից:  2024 թվականի նոյեմբերին Հայաստանի կառավարությունը Հունգարիայում ՀՀ դեսպանություն ստեղծելու մասին որոշում էր կայացրել: 

Հ. Գ. Պաշտոնական տվյալներով` 2023 թվականի սեպտեմբերի Արցախի հայաթափումից ի վեր  մինչև 2025-ի հոկտեմբերի 1-ը Հայաստանից հեռացել և չի վերադարձել 15,781 արցախցի։ Իսկ ոչ պաշտոնական տվյալներով՝ վերջին երկու տարում մինչև 20 հազար բռնի տեղահանված արցախցի է արտագաղթել Հայաստանից: Նրանց հիմնական մասը մշտական բնակություն է հաստատել Ռուսաստանի Դաշնությունում (մեծամասամբ Ստավրոպոլի երկրամասում):

Թագուհի Մելքոնյան

Rate this item
(0 votes)

Լրահոս