Լուքսոր քաղաքի մոտակայքում գտնվող եգիպտական փարավոն Թութանհամոնի (գահակալել է մ.թ.ա. 1332-1323) դամբարանը լավ վիճակում է և փլուզման վտանգի տակ չէ, հաղորդում է ТАСС-ը Եգիպտոսի զբոսաշրջության և հնությունների նախարարության փոխանցմամբ։
«Եգիպտոսի հնությունների Գերագույն խորհրդի գլխավոր քարտուղար Մոհամմեդ Իսմայիլը հաստատում է, որ որոշ արտասահմանյան լրատվամիջոցներում շրջանառվող տեղեկատվությունը Թութանհամոնի դամբարանի փլուզման վտանգի մասին իրականությանը չի համապատասխանում», – նշել է նախարարությունը։
Նախարարությունը հավելել է, որ Արաբական Հանրապետության իշխանությունները «կանոնավոր կերպով ստուգում են մշակութային վայրի ներկայիս վիճակը»՝ Գեթի ինստիտուտի մասնագետների հետ համատեղ: Գեթի ինստիտուտը վերջերս գնահատել է Թութանհամոնի թաղման վայրի վիճակը և եզրակացրել, որ ներկայումս փլուզման կամ որմնանկարների վնասման վտանգ չկա, պնդում է նախարարությունը:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 21-ին, բրիտանական Daily Mail թերթը, հղում անելով Կահիրեի համալսարանի ճարտարապետական ժառանգության պահպանման ամբիոնի պրոֆեսոր Սեյեդ Հեմադայի հետազոտությանը, հաղորդել էր, որ Թութանհամոնի դամբարանը կարող է ոչնչացման վտանգի տակ լինել խոնավության մակարդակի բարձրացման պատճառով, որը ճաքեր է առաջացնում պատերում և նպաստում է որմնանկարները կերող սնկերի աճին։