Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Լորան Նունյեսը հոկտեմբերի 22-ին հաստատել է, որ Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին բանտարկության ընթացքում կպաշտպանվի երկու անվտանգության աշխատակիցների կողմից։ Այս մասին հայտնում է Le Monde պարբերականը։
Նախարարի խոսքով՝ Սարկոզին կօգտվի «պաշտպանության պայմանավորվածությունից՝ հաշվի առնելով նրա կարգավիճակը և նրա դեմ ուղղված սպառնալիքները»։
Երկու անվտանգության աշխատակիցներ կտեղակայվեն Փարիզի «Լա Սանտե» բանտի՝ Սարկոզիի հարևան խցում։
Սարկոզին, ինչպես ակնկալվում է, կմնա բանտի մեկուսացման կամ «VIP» թևի ինը քառակուսի մետր տարածքով խցում՝ այլ կալանավորների հետ շփումից խուսափելու համար: Այս հատուկ պայմաններում կալանավորներին թույլատրվում է օրական մեկ անգամ միայնակ զբոսանքի դուրս գալ փոքրիկ բակում: Սարկոզիին նաև կթույլատրվեն այցելություններ շաբաթական երեք անգամ:
Նիկոլա Սարկոզին, որը Ֆրանսիայի նախագահն էր 2007-2012 թվականներին, սեպտեմբերին մեղավոր է ճանաչվել քրեական դավադրություն կազմելու համար, որի ընթացքում նա միլիոնավոր դոլար կանխիկ գումար է վերցրել Լիբիայի նախկին առաջնորդ Մուամմար Քադաֆիից՝ իր նախագահական քարոզարշավը ֆինանսավորելու համար: Նա դատապարտվել է հինգ տարվա ազատազրկման: