Ուկրաինան պատրաստ է առաջ շարժվել Ռուսաստանի հետ պատերազմը դադարեցնելու խաղաղության ծրագրով, սակայն կան երեք կարմիր գծեր, որոնք պետք է հաշվի առնվեն։ Ինչպես հաղորդում է The Guardian պարբերականը, այս մասին Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմում կայացած խորհրդարանական գագաթնաժողովի ժամանակ հայտարարել է Ուկրաինայի խորհրդարանի խոսնակ Ռուսլան Ստեֆանչուկը։
Նա հայտարարել է, որ խաղաղության բանակցություններում Ուկրաինայի կարմիր գծերն են՝ չի կարող լինել ուկրաինական տարածքների ռուսական օկուպացիայի իրավական ճանաչում, չի կարող սահմանափակվել Ուկրաինայի զինված ուժերի քանակը, չի կարող վետո կիրառվել ապագայում նախընտրելի դաշինք ընտրելու Ուկրաինայի իրավունքի նկատմամբ։
Ստեֆանչուկի խոսքով՝ ոչ ոք իրավունք չունի հատելու այս կարմիր գծերը։ Նա ընդգծել է, որ «ցանկացած իրական խաղաղության գործընթաց պետք է հիմնված լինի շատ հստակ սկզբունքի վրա՝ ոչինչ չի կարող որոշվել Ուկրաինայի մասին առանց Ուկրաինայի մասնակցության»։ Նա շեշտել է նաև, որ որևէ համաձայնություն չպետք է խախտի երկրի սահմանադրությունը։ Ստեֆանչուկի խոսքով՝ Ուկրաինայի անդամակցությունը ԵՄ-ին և ՆԱՏՕ-ին պետք է մաս կազմի ապագա անվտանգային երաշխիքների։ Ավելի վաղ տեսակապի միջոցով Շվեդիայի խորհրդարանում ելույթ էր ունեցել նաև Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին, ով հայտարարել էր, որ Կիևը շարունակելու է աշխատանքը գործընկերների հետ՝ պատերազմի դադարեցման վերաբերյալ ԱՄՆ-ի առաջարկած ծրագրի շուրջ։
Զելենսկին հայտարարել է, որ հիմա «կրիտիկական պահ է», և ուկրաինական կողմը «սերտորեն աշխատում է ԱՄՆ-ի և եվրոպացի գործընկերների հետ քայլերը հստակեցնելու նպատակով»՝ վերջ տալու իր երկրում շարունակվող պատերազմին։
«Պուտինը ցանկանում է, որ օրինական ճանաչում ստանա այն, ինչ նա գողացել է․․․ոչ միայն Ուկրաինայից, նա դա ցանկանում է ամբողջ աշխարհից, ինչը չափազանց վտանգավոր է»,- ասել է նախագահ Զելենսկին։ Նա հայտնել է, որ բանակցությունների ընթացքում մինչ օրս կարողացել են քննարկման սեղանին պահպանել «զգայուն կետերը», այդ թվում և բոլոր ուկրաինացի ռազմագերիների ազատ արձակման ու առևանգված ուկրաինացի երեխաների վերադարձի հարցերը։