Հայաստանն այս տարի ռեկորդ է սահմանել երկիր այցելած զբոսաշրջիկների թվով։ Կարևոր է, որ ի տարբերություն նախորդ տարիների, ներկայիս ցուցանիշներն այլևս կախված չեն աշխարհաքաղաքական գործընթացներից, և երկիր գալիս են բացառապես հանգստի և ժամանցի համար: Այս մասին Sputnik Արմենիային ասել է Զբոսաշրջության կոմիտեի ղեկավար Լուսինե Գևորգյանը։
Նրա խոսքով՝ եթե 2022-2023 թվականներին զբոսաշրջիկների զգալի մասը Ռուսաստանի քաղաքացիներ էին, որոնք Հայաստանը դիտարկում էին որպես տարանցիկ կամ ժամանակավոր երկիր, ապա այսօր այդ միտումները փոխվում են, ինչի մասին վկայում են նաև թվերը։
Գևորգյանը հիշեցնում է, որ 2025 թվականի 10 ամիսների ընթացքում Հայաստան է այցելել ավելի քան 1,9 մլն մարդ։ Նշում է, որ առաջիկայում կոմիտեն նախատեսում է գործարկել նոր ձմեռային պրոմո-արշավ՝ «Ինչ անել ձմռանը Հայաստանում» անվանմամբ, որը կգործի ողջ ձմեռային սեզոնին:
Նշում է, որ դեկտեմբերի 14-ին Երևանի Հանրապետության հրապարակում գլխավոր տոնածառի լույսերի վառման արարողությանը հրավիրված են տարբեր երկրների զբոսաշրջային գերատեսչությունների բարձրաստիճան ներկայացուցիչներ, ինչը կդառնա ձմեռային հանդիսությունների և զբոսաշրջային ակտիվ սեզոնի խորհրդանշական մեկնարկ:
Արկածներ, խոհանոց և մարզեր՝ այս երեք գործոնները, զբոսաշրջության կոմիտեի ղեկավարի խոսքով, արժե առանցքային դարձնել ձմեռային սեզոնին:
«Ակտիվ հանգստի, դահուկավազքի և սնոուբորդի սիրահարներն անպայման պետք է գնան լեռներ։ Իսկ նրանք, ովքեր նախընտրում են պասիվ հանգիստը, կարող են իրենց համար բացահայտել ՀՀ մարզերը՝ տեղական կոլորիտով լի հետաքրքիր հյուրատներով», - ասում է Գևորգյանը։
Հիշեցնենք, որ այս տարվա 10 ամիսների ընթացքում երկիր է այցելել 1 947 138 մարդ, ինչը 22 083-ով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ (1 925 055): Այցելուների թվով առաջատարը մնում է Ռուսաստանը՝ 799 848 մարդ, ինչը կազմում է ընդհանուր զբոսաշրջային հոսքի 41%-ը։
Երկրորդ տեղում Վրաստանն է՝ 238 120 մարդ ցուցանիշով (12%), երրորդն Իրանն է (153 300 զբոսաշրջիկ, 8%): Հնգյակում են նաև ԱՄՆ-ն ու Չինաստանը. այդ երկրներից Հայաստան է ժամանել համապատասխանաբար 56 270 (3%) և 40 912 (3%) զբոսաշրջիկ: Հյուրերի մեծ մասը՝ 60%-ը, երկիր են ժամանել օդային տրանսպորտով՝ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանով: