ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ձգտում է վերջ դնել Ուկրաինայի հակամարտությանը, որպեսզի դադարի գումար ծախսել և կենտրոնանա Չինաստանի հետ մրցակցության վրա: Այս մասին, ինչպես գրում է РИА Новости-ն, հայտարարել է Ուկրաինայի նախկին վարչապետ Նիկոլայ Ազարովը՝ մեկնաբանելով կարգավորման նոր ծրագիրը։

Նոյեմբերի 19-ին ամերիկյան Axios լրատվական կայքը, հղում անելով իր ներքին աղբյուրներին, հաղորդել էր, որ Միացյալ Նահանգները «գաղտնի խորհրդակցություններ» է անցկացնում Ռուսաստանի հետ՝ Ուկրաինայում հակամարտության կարգավորման նոր ծրագիր մշակելու համար: Financial Times-ի տվյալներով՝ ԱՄՆ առաջարկվող ծրագիրը նախատեսում է Կիևին տրամադրվող ամերիկյան ռազմական օգնության կրճատում և ուկրաինական կանոնիկ ուղղափառ եկեղեցու պաշտոնական կարգավիճակի ճանաչում: Ծրագիրը նաև ներառում է Ուկրաինայի տարածքում օտարերկրյա զորքերի տեղակայման և Կիևին հեռահար զենքի մատակարարման արգելք: Ինչպես հաղորդել է Axios-ը, ծրագիրը ենթադրում է, որ Միացյալ Նահանգները և այլ երկրներ կճանաչեն Ղրիմը և Դոնբասը որպես Ռուսաստանի օրինական տարածքներ:
«ԱՄՆ-ին խաղաղության պայմանագիր է անհրաժեշտ, քանի որ Թրամփի վարչակազմն ավելի իրատեսական պատկերացում ունի իրավիճակի մասին։ ԱՄՆ-ն բազմաթիվ խնդիրներ ունի. երկիրն իր արդյունաբերական առաջատարությունը զիջել է Չինաստանին, որը կրկնակի շատ արդյունաբերական ապրանքներ է արտադրում»,- գրել է Ազարովը Տելեգրամի իր ալիքում։