1919թ.-ի նոյեմբերի 23-ին կրկին ԱՄՆ համաձայնությամբ ստորագրվել է ՀՀ-Ադրբեջան համաձայնություն
Նոյեմբերի 23, 2025

1919թ.-ի նոյեմբերի 23-ին կրկին ԱՄՆ համաձայնությամբ ստորագրվել է ՀՀ-Ադրբեջան համաձայնություն

By Նոյեմբերի 23, 2025 11

Լրագրող Թաթուլ Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը. «Հայաստան-Ադրբեջան դիվանագիտական հարաբերությունների պատմության մեջ օգոստոսի 8-ի փաստաթուղթը առաջինը չէ, ինչպես նշում են շատերը:

Դեռ 1919 թվականի այս օրը՝ նոյեմբերի 23-ին, Թիֆլիսում, կրկին Ամերիկայի ներկայությամբ ստորագրվել է Հայաստան-Ադրբեջան համաձայնություն, որով ժամանակավորապես դադարեցվեցին հայ-ադրբեջանական բախումները երկու հանրապետությունների բազմաթիվ վայրերում: Այդ փաստաթղթից դուրս թողնվեցին հիմնական վիճելի հարցերը՝

ա/ Ղարաբաղ,
բ/ Շարուր-Նախիջանի կարգավիճակ,
գ/ փոքրամասնությամբ բնակեցված մասամբ ինքնավար անկլավներ,
դ/ փախստականների վերադարձ,
ե/ զինաթափում:

Փաստաթուղթը, ինչպես գրում է Ռիչարդ Հովհաննիսյանը, հիմնականում իրենից ներկայացնում էր նպատակների հռչակում, ստորագրեցին Հայաստանի և Ադրբեջանի վարչապետներ Ալեքսանդր Խատիսյանն ու Նասիբ բեկ Ուսուբբեկովը, որպես վկաներ ներկա էին ամերիկյան բանակի գնդապետ Ջեյմս Ռեյը (Col. James C. Rhea) և Վրաստանի արտգործնախարար Եվգենի Գեգեչկորին:

Ադրբեջանի ռազմական անհաջողությունը և իրադրությունից օգտվելու Հայաստանի մտադրությունը նոյեմբերի 19-ին Խատիսյանին և Ուսուբբեկովին Թիֆլիս բերեցին: Երկու վարչապետները, որոնց մեծ շուքով դիմավորեցին Վրաստանի պաշտոնատար անձինք և դիվանագիտական կորպուսի անդամները, զատ-զատ քաղաքավարական այցեր կատարեցին, մասնակցեցին գնդապետ Ռեյի հյուրընկալած ընթրիքին, այնուհետև ուղեկցեցին Գեգեչկորուն և Ռեյին՝ Վրաստանի օպերային թատրոնում դիտելու «Աբիսողոմ և Էթերի» ներկայացումը:

Վրացի, հայ և ադրբեջանցի ղեկավարների պահվածքի, հագուկապի ու տեսքի նմանությունները կրկին դժվար էր պատկերացնել, որ նրանք միմյանց նկատմամբ խորին անբարյացակամություն տածող և փոխադարձ ճնշամիջոցների մեջ ընկղմված ժողովուրդներ էին ներկայացնում:

[Հայ-ադրբեջանական համաձայնության ստորագրման] արարողությանը հաջորդեց շքեղ ճաշկերույթ Օրիենթ հյուրանոցում: Թամադայի՝ Դավիթ Ղամբաշիձեի առաջարկով, նախ բաժակ բարձրացվեց Ուսուբբեկովի և Խատիսյանի պատվին, այնուհետև անդադար կենացներով ողջունեցին Գեգեչկորուն, Ռամիշվիլուն, Ռեյին, Ուորդրոփին, դե Նոնանկուրին, Գաբբային և բարձրաստիճան ուրիշ անձանց:

Ռեյը խմեց Անդրկովկասի փառքի ու բարգավաճման կենացը:

Խատիսյանն ու Ուսուբբեկովը իրենց վստահությունը հայտնեցին առ այն, որ երիտասարդ հանրապետությունները գտնվում են համագործակցության մի նոր փուլի շեմին:

Խատիսյանը հայտարարեց, որ Հայաստանի կառավարությունն ու ՀՅ Դաշնակցությունը միանգամայն վճռական են տրամադրված ադրբեջանական ժողովրդավար պետության հետ սերտ, տևական կապեր հաստատելու հարցում:

Ուսուբբեկովը պատասխանեց, որ ինքը միշտ հավատացել է, որ երկու ժողովուրդ, որոնք հազար տարի ապրել ու տառապել են միասին, առկա քաղաքական բոլոր հիմնախնդիրները կարող են հարթել բարեկամաբար»:

Rate this item
(0 votes)

Լրահոս