Իրանը պատրաստ է ԱՄՆ-ի հետ համաձայնության հասնել իր միջուկային ծրագրի վերաբերյալ, բայց այն պետք է լինի լավ հավասարակշռված և հաշվի առնի երկու կողմերի դիրքորոշումները:
Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին բրիտանական The Economist հանդեսին տված հարցազրույցում:
«Մենք պատրաստ ենք բանակցությունների, բայց ոչ՝ թելադրանքի: Մենք իրականում բաց ենք գործարքի համար, բայց արդար և հավասարակշռված, այլ ոչ թե միակողմանի գործարքի: Դա է խնդիրը», – ասել է նա:
Իրանի դիվանագիտության ղեկավարը հայտնել է, որ հունիսին 12-օրյա պատերազմից առաջ Թեհրանը և Վաշինգտոնն անցկացրել են բանակցությունների հինգ փուլ: Բանակցություններում ամերիկյան պատվիրակությունը գլխավորում էր ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը:
«Մենք շատ մոտ էինք համաձայնության, լավ փոխզիջման: Ես բոլորովին մտադիր չեմ խորանալ մանրամասնությունների մեջ, բայց եթե անհրաժեշտ է, մի օր դա կանեմ», – խոստացել է Արաղչին:
Նա բացատրել է, որ Իսրայելի հետագա պատերազմն ԱՄՆ աջակցությամբ վերջ դրեց այդ գործընթացին:
Անդրադառնալով հարձակման ենթարկված միջուկային օբյեկտներում Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) կողմից տեսչական ստուգմանը՝ նա հայտարարել է, որ դրա համար գործակալությունն առայժմ չունի լիազորություն՝ նման նախադեպերի բացակայության պատճառով:
Արաղչին նաև հավելել է, որ Իրանը ավերված միջուկային օբյեկտների փլատակներից հարստացված ուրանը չի հանի մինչև ԱԷՄԳ-ի հետ համաձայնության հասնելը: