«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վերջին նիստում որոշվել է`առաջիկա ընտրություններին կուսակցության ցուցակում ընդգրկվելը կարժենա 500 հազարից 1 միլիոն 500 հազար դրամ։ Այս մասին գրում է «Ժողովուրդ» օրաթերթը։
Ըստ որոշման՝ կուսակցականները ցուցակում ընդգրկվելու համար պետք է վճարեն 500 հազար դրամ, իսկ ոչ կուսակցականները՝ 1,5 միլիոն դրամ։
«Այս նոր «տնտեսական մոդելը», ինչպես կոչում են կուսակցության ներսում, բուռն դժգոհություն է առաջացրել հենց ՔՊ-ականների շրջանում։ Շատերն արտահայտել են բաց դժգոհություն՝ հարցնելով. «Ինչո՞ւ մենք՝ կուսակցության անդամներս, պետք է գումար վճարենք ցուցակում ընդգրկվելու համար, այդ գաղափարը ո՞ւմն է, և ինչո՞ւ պարտադիր է բոլորի համար»»,– գրում է թերթը։
ՔՊ վարչության անդամ Արուսյակ Մանավազյանը թերթի հետ զրույցում ասել է, որ ցուցակում ներառելու համար կուսակցությունը կսահմանի առաջադրված անդամների հստակ քանակ (օրինակ՝ 300 հոգի), որոնք պետք է վճարեն նախատեսված 500 հազար կամ 1,5 միլիոն դրամը, և ընտրություններից հետո, հավաքած արդյունքների հիման վրա, կձևավորվի նրանց հերթականությունը։ Մանավազյանը հավելել է, որ հարցը դեռ քննարկման փուլում է. «Կուսակցությունում կկայացվի քվեարկություն։ Ով ավելի բարձր ռեյտինգ կունենա, նա էլ կզբաղեցնի առաջատար դիրքերը ցուցակում», – պարզաբանել է Մանավազյանը։
Ինչ վերաբերում է վճարի գաղափարի հեղինակին, պատգամավորը չի ցանկացել անուն նշել, միայն ասել է, որ դա կոլեգիալ որոշում է։
Թերթը հիշեցրել է, որ իշխանություն դառնալուց առաջ ՔՊ-ին անդամագրվելն անվճար էր, պատգամավորի թեկնածու առաջադրվելը՝ նույնպես։ Անդամավճարը կազմում էր ընդամենը 3 հազարից 10 հազար դրամ։