Հայաստանի բուժաշխատողներից փորձել են խաբեությամբ գումարներ կորզել առողջապահության նախարարի ու փոխնարարի անունից։ Իր հետ պատահած դեպքի մասին ֆեյսբուքյան էջում կիսվել է բժիշկ Արայիկ Ղարիբյանը, գործընկերներին հորդորելով զգույշ լինել։
«Հարգելի գործընկերներ, հատկապես բուժաշխատողներ։ Վերջերս ֆինանսական խաբեբաները սկսեցին մեր փոխնախարարների ու նախարարի անունից WhatsApp-ով հաղորդագրություններ ուղարկել բուժաշխատողներին՝ հայտարարելով, իբր ԱԱԾ-ից ցուցակներ են ստացել հիվանդանոցների մշտադիտարկման արդյունքում, և որ մենք այդ ցուցակներում հայտնվել ենք։ Սկսում են հարցնել՝ «Հո վատ բան չենք արել», հետո ասում են, որ ԱԱԾ-ից ձեզ կզանգեն։
Այնուհետև զանգում է ռուսախոս «ԱԱԾ ներկայացուցիչ» մը, հարցեր է տալիս երկու անհարիր թեմայով՝ հիվանդների մասին, ապա սահուն անցնում է միջազգային փոխանցումների ու կապերի վերաբերյալ հարցերին։ Եթե ասում եք՝ «Կանչեք բաժին, կգամ խոսենք», սկսում է կոպտել՝ մեղադրելով, թե դուք ֆինանսավորել եք ահաբեկչական կազմակերպություն։
Ես կարճ կապեցի, ասացի՝ «Կանչեք, կգամ ԱԱԾ», և վերջ։ Փոխնախարարի անունից WhatsApp-ում գրեցի, որ դիմել եմ ԱԱԾ՝ դրանից հետո լռեցին, կապը անհետացավ։
Մի խոսքով, սիրելի գործընկերներ, եթե ձեզ նման հաղորդագրություններ գրեն կամ զանգեն՝ ՉԽԱԲՎԵՔ։ Դրանք ֆինանսական խաբեբաներ են։ Կարճ պատասխանեք, ընդհատեք զրույցը և մի շարունակեք շփվել», - գրել է նա։
Մեկնաբանություններում այլ բժիշկներ կիսվել են իրենց հետ պատահածով։ Մասնավորապես, Արամ Խաչատրյանը գրել է․ «Ես թույլ տվեցի դրանք ծավալվեն. մի 40 րոպե խոսացի "ԱԱԾ կապիտանի" հետ, ապա զանգահարեց "կենտրոնական բանկի աշխատակից", որը սկսեց ճշտել հաշիվներիս վիճակը։ Ամբողջ ընթացքում հազիվ էի ծիծաղս պահում, բայց մեծ բավականություն ստացա իրենց մանթրաժից»։
Գրառումներից պարզ է դառնում, որ շատ բուժաշխատողներ են բախվել նման խնդրի, ոմանք էլ տուժել են։
Օգտատերերից Արման Այվազյանը մեկնաբանություններում նշել է, որ ՀՀ պետական լեզուն հայերենն է և չի կարող պետական պաշտոնյան զանգահարել և խոսել ռուսերեն:
«Վերջին մի քանի օրերին ստացել եմ բազում զանգեր, իբրև ազգային անվտանգությունից: Պատասխանս եղել է հետևյալը․ Խոսեք ինձ հետ հայերեն և եթե հարցեր ունեք դրանք ինձ կարող էք տալ միայն ԱԱԾ ձեր աշխատասենյակում, հակառակ դեպքում ոչ մի հարցի չեմ պատասխանի, և անջատեցի հեռախոսը:
Հաջորդ օրը նույն համարը նորից զանգահարեց արդեն ավելի կատարելագործված և ասաց որ ինձ հրավիրում է ԱԱԾ, բայց դրա համար պետք է իմ անձնագրի տվյալները անցակետում գրանցելու համար և տեղեկացրեց, որ գրանցելուց հետո իմ համարին կստանամ նամակ, որտեղ գրված կլինի կոդ, այդ կոդը ես պետք է տամ իրեն, ինքը ուղարկի անցակետ, որպիսի իմանան ինձ որ աշխատասենյակ ուղեկցեն: Բնականաբար ստացավ ոչ գրական ռուսերեն իմ պատասխանը և արագ անջատեց հեռախոսը», - գրել է նա, տեղադրելով հեռախոսահամարները, որոնցով ստացել է զանգերը․
094.30.08.95 (ներկայացել է որպես ԿԳՄՍ փոխ նախարար)
094.63.60.53 (ներկայացել է որպես ԱԱԾ աշխատակից):
Նծենք, որ այս սխեմայով խարդախության վերաբերյալ զգուշացրել է նաև տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը։