Հայաստանում այս տարվա օգոստոսի 31-ի դրությամբ գրանցվել է կարիճի խայթոցի 322 և օձի խայթոցի 67 դեպք։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը` պատասխանելով Sputnik Արմենիայի գրավոր հարցմանը։
Տարեսկզբից ի վեր կարիճի խայթոցի ամենաշատ դեպքերը գրանցվել են Արմավիրի մարզում` 199 (այս մարզն առաջին հորիզոնականում է եղել նաև 2024 թվականին` ամբողջ տարվա կտրվածքով գրանցվել է 302 դեպք)։ Կարիճների խայթոցների դեպքերով երկրորդ հորիզոնականում Արարատի մարզն է (73), երրորդ հորիզոնականում` Երևանը (13), իսկ չորրորդում` Վայոց Ձորը (11)։ Մյուս մարզերում կարիճի խայթոցների թիվը չի գերազանցել 1 տասնյակը։ Կարիճի խայթոցի դեպք չի արձանագրվել միայն Գեղարքունիքի մարզում։
Արմավիրի մարզն առաջին տեղում է նաև օձի խայթոցների քանակով։ Տարեսկզբից այստեղ գրանցվել է 14 դեպք, երկրորդ հորիզոնականում Արարատի մարզն է` 10 դեպքով։ Մյուս մարզերում օձի խայթոցների թիվը չի գերազանցել 1 տասնյակը։
«Օձի (գյուրզա, էֆա, կոբրա) հակաթունային շիճուկի վերջին խմբաքանակը ներմուծվել է 2025 թվականի օգոստոսին: Հանրապետությունն ապահովված է նշված շիճուկի անհրաժեշտ քանակով»,– հայտնել են կենտրոնից։
Համեմատության համար նշենք, որ 2024 թվականի ընթացքում ՀՀ-ում արձանագրվել է կարիճի խայթոցի 478 և օձի խայթոցի 61 դեպք։