Հայաստանի և Թուրքիայի համապատասխան մարմինները անհրաժեշտ տեխնիկական ուսումնասիրություններ կկատարեն Գյումրի–Կարս երկաթուղու և էլեկտրահաղորդիչ գծի վերականգնման ու գործարկման համար։ Ինչպես տեղեկացնում է ՀՀ արտգործնախարարությունը, այդ մասին պայմանավորվել են Հայաստանի և Թուրքիայի միջև կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչները` ՀՀ ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը և դեսպան Սերդար Քըլըչը։
Նրանց 6-րդ հանդիպումը կայացել է Երևանում։ Նշվում է, որ հանդիպման ընթացքում հատուկ ներկայացուցիչները վերահաստատել են նախորդ հանդիպումների ժամանակ մշակված և համաձայնեցված հարցերը՝ Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների լիարժեք կարգավորման գործընթացի առաջմղման նպատակով:
Նրանք նաև պայմանավորվել են, որ ջանքեր կգործադրվեն մշակույթի և ակադեմիական ոլորտներում համագործակցությունն ամրապնդելու ուղղությամբ, մասնավորապես բարձրագույն կրթական հաստատությունների ուսանողների համար կրթաթոշակների հնարավորություններ ստեղծելու և պատմական Անիի/Մետաքսի ճանապարհի կամրջի համատեղ վերականգնման միջոցով:
«Հատուկ ներկայացուցիչները նաև համաձայնել են իրականացնել անհրաժեշտ աշխատանքներ՝ միտված այլ հետաքրքրված ընկերությունների կողմից 2026 թ. ամռանից տարբեր ուղղություններով թռիչքներ իրականացնելուն, ինչը կավելացնի օդային երթուղիների և թռիչքների թիվը երկու երկրների միջև»,– տեղեկացնում են ԱԳՆ–ից:
Հատուկ ներկայացուցիչները վերահաստատել են նաև հանձնառությունը շարունակել այս գործընթացն առանց որևէ նախապայմանի։
Հիշեցնենք` Սերդար Քըլըչն այսօր է Հայաստան եկել։ Հայ–թուրքական սահմանին՝ «Մարգարա» անցակետի մոտ, նրան դիմավորել է Հայաստանի և Թուրքիայի միջև կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը։
Հատուկ ներկայացուցիչների նախորդ հանդիպումը կայացել էր ապրիլի 11-13-ը Անթալիայում անցկացվող դիվանագիտական համաժողովի ընթացքում։
Հիշեցնենք նաև` դեռ 2022 թվականին պայմանավորվածություն ձեռք բերվեց երրորդ երկրների քաղաքացիների կողմից սահմանը հատելու հնարավորության և բեռների ուղիղ ավիափոխադրումներ սկսելու մասին, սակայն հարցը դեռևս չի լուծվել։