«Փաստ» օրաթերթը գրում է. «Մեր ունեցած տեղեկություններով, մի քանի օր առաջ Հայաստանում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի մեքենան շուրջ երկու ժամ գտնվել է ՀՀԿ կենտրոնական գրասենյակի դիմաց:
Քանի որ դեսպանի այցի մասին ո՛չ ՀՀԿ պաշտոնական էջում, ո՛չ ՀՀԿ-ականների էջերում որևէ պաշտոնական տեղեկություն չկար, «Փաստը» փորձեց ՀՀԿ-ից տեղեկանալ՝ ինչո՞ւ է դեսպանն այցելել կուսակցության գրասենյակ: Սակայն հանրապետականներից այդպես էլ չկարողացանք ճշտել դեսպանի այցելությաննպատակը»:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել է, որ ռուսական զինուժը դուրս է եկել Կուրսկի մարզի սահմանից և մտել է Ուկրաինայի տարածք։
«Ամենաթարմ տեղեկությունը, որն ինձ զեկուցվել է բառացիորեն մեկ ժամ առաջ, այն է, որ անցած գիշեր810-րդ բրիգադի մարտիկները հատել են Ռուսաստանի Դաշնության ու Ուկրաինայի սահմանը և դուրս են եկել հակառակորդի տարածք»,- ասել է Պուտինը լրագրողներին Սանկտ Պետերբուրգում անօդաչու թռչող սարքերի արտադրության գործարան կատարած այցի ժամանակ:
Նա հավելել է, որ ռուսական զորքը գրոհում է շփման գծի ողջ երկայնքով։
Ռուսաստանի առաջնորդն ընդգծել է, որ ռազմական լրագրողները հերոսաբար կատարում են իրենց քաղաքացիական և մասնագիտական պարտքը՝ օբյեկտիվորեն տեղեկացնելով մարտի դաշտում տեղի ունեցող իրադարձությունների մասին: Պուտինը նշել է`այդ լրագրողները չափազանց խիզախ մարդիկ են։
Հիշեցնենք` ՌԴ ԶՈւ գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովը հայտնել էր, որ օգոստոսի 6-ին՝ առավոտյան ժամը 5: 30-ին, Ուկրաինայի զինված ուժերի շուրջ հազար հոգանոց խմբավորումն անցել է հարձակման` նպատակ ունենալով տարածքներ գրավել Կուրսկի մարզում։ Ուկրաինական զինուժի առաջխաղացումը դեպի ՌԴ տարածքի խորքը կասեցվել է։ ՌԴ ԶՈւ գլխավոր շտաբի պետը նշել էր, որ Կուրսկի մարզում գործողությունը կավարտվի, երբ հակառակորդը կջախջախվի, իսկ ռուսական զորքը դուրս կգա ՌԴ պետական սահման։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, մեկնաբանելով Կուրսկի մարզում տիրող իրավիճակը, հայտարարել է, որ Կիևի ռեժիմը հերթական լայնածավալ սադրանքն է ձեռնարկել, անկանոն կրակոցներ է արձակում, այդ թվում՝ քաղաքացիական թիրախների ուղղությամբ: ՌԴ նախագահը վստահեցրել է, որ հակառակորդն արժանի պատասխան կստանա, Ռուսաստանի զինված ուժերի առջև դրված բոլոր նպատակներին կհասնեն:
Կուրսկի, ինչպես նաև Բելգորոդի և Բրյանսկի մարզերում քաղաքացիների անվտանգությունն ապահովելու համար հակաահաբեկչական գործողության ռեժիմ է սահմանվել։
Իսպանիայում «հայկական մաֆիայի» անդամները փորձել են գումար գողանալ «ռուսական մաֆիայից»։ Այս մասին հայտնում են տեղի իրավապահ մարմինները:
Նշվում է, որ իսպանացի ուժայիններին հաջողվել է վերացնել «ռուսական մաֆիայի» ցանցը, որը փողեր էր լվանում հանցավոր խմբավորումների համար:
Ձերբակալվել է 14 մարդ, որոնք ամսական մի քանի միլիոն եվրո գումարի փողերի լվացման ծառայություններ են մատուցել ալբանական, սերբական, հայկական, չինական, ուկրաինական, կոլումբիական հանցավոր կազմակերպություններին` նրանցից գանձելով 2-3 տոկոս:
Իսպանիայում խումբը ցրված է եղել տարբեր քաղաքների գրասենյակներում կամ կենտրոնակայաններում, որոնցից յուրաքանչյուրը ղեկավարել է «գանձապահը»: Նա օրական մինչև 300 000 եվրո գումար է կանխիկացրել և ստացել։
Յուրաքանչյուր բանկոմատ ունեցել է չհրկիզվող պահարան և բարձր արտադրողականությամբ փողի հաշվիչ, որը տեղադրված է եղել ձայնամեկուսիչ պահարանում` թղթադրամները հաշվելու բնորոշ աղմուկը խլացնելու համար:
Այս կազմակերպության հաճախորդներ են եղել Իսպանիայում գործող հիմնական հանցավոր կազմակերպությունների ներկայացուցիչները, այդ թվում` սերբական և ալբանական կարտելները, հայկական մաֆիան, ինչպես նաև ուկրաինական, կոլումբիական և չինական կազմակերպությունները: Այս խմբերը բացահայտված կազմակերպության միջոցով իրենց կապիտալը տեղափոխում էին ամբողջ աշխարհով մեկ։
Կազմակերպության անդամները անվտանգության խիստ միջոցառումներ էին ձեռնարկել, մի քանի ամիսը մեկ փոխում էին տներն ու մեքենաները։ «Գանձապահները» իրենց հերթին ժամանակ առ ժամանակ փոխում էին քաղաքները` նոր աշխատակիցներին սովորեցնելով գումարն առաքելու և ստանալու ճիշտ եղանակը:
Բոլոր մասնակիցներն ունեցել են կոդավորված բջջային հեռախոսներ, որոնք աշխատում էին նույն ցանցում և մասնակիցներից մեկի ձերբակալության դեպքում միաժամանակ արգելափակվում էին։
Քննիչներն իմացել են այդ ցանցի և հայկական մեկ այլ մաֆիոզ կազմակերպության միջև ծագած կոնֆլիկտի մասին. հայկական կազմակերպությունը փորձել էր «մրցակցից» ավելի քան կես միլիոն եվրո կողոպտել: Փորձը կանխվել էր նրանց կողմից ձեռնարկված անվտանգության միջոցառումների շնորհիվ։
Կողոպուտի այս փորձը հանգեցրել է երկու կազմակերպությունների միջև հակամարտության, որի արդյունքում Իսպանիայում հանդիպում է կազմակերպվել Ռուսաստանի և Հայաստանի քրեական առաջնորդների մասնակցությամբ` վեճը հարթելու և հետագա սրացումը կանխելու համար:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գաղափարախոսական ուղերձով դիմում է ժողովրդին։
Փաշինյանը ավելի վաղ էր հայտարարել ուղերձի մասին:
Ռուբեն Վարդանյանն ընտանիքի հետ հեռախոսազրույցի ժամանակ փոխանցել է միջազգային հանրությանն ուղղված իր հայտարարությունը՝ ի նշան կեղծ «դատավարության» դեմ բողոքի.
«Ես որոշում եմ կայացրել հացադուլի միջոցով բողոքս հայտնել ի նշան իմ նկատմամբ իրականացվող դատական ֆարսի: Սա իմ պատասխանն է միջազգային իրավունքի և Ադրբեջանի դատավարական իրավունքի նորմերի կոպտագույն խախտումներին: Այն, ինչ կատարվում է դատարանի դահլիճում, չի կարելի համարել դատավարություն: Դա քաղաքական շոու է, որտեղ ցուցադրաբար արհամարհվում է արդար դատաքննության իմ իրավունքը:
Վերջին մեկ ամսվա ընթացքում ես ու իմ այստեղի փաստաբան Աբրահամ Բերմանը փորձել ենք դատարանին հասանելի դարձնել, որ ինձ համար չափազանց կարևոր է, որպեսզի «դատաքննությունը» լինի օբյեկտիվ, ոչ թե իմիտացիոն բնույթ կրի:
Ցավոք, հենց սկզբից էլ պարզ էր, որ այս գործն ուղղված է իմ դեմ միայն նրա համար, որ ես իրացրել եմ միջազգային նորմերով սահմանված՝ կարծիքի արտահայտման ազատության և քաղաքական մասնակցության իմ իրավունքը, որի նպատակն էր պաշտպանել Արցախի քրիստոնյա հայ բնակչության իրավունքները:
Չնայած, որ Ադրբեջանը հանդիսանում է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի ու Քաղաքացիական և քաղաքական իրավունքների միջազգային դաշնագրին անդամ, այս գործընթացն իրականացվում է բոլոր կիրառելի իրավական նորմերի և իրավական ընթացակարգերի կոպտագույն խախտումներով՝
1. Իմ գործը քննվում է ապօրինի ռազմական, ոչ թե քաղաքացիական դատարանը:
2. Ես չեմ ունեցել լիարժեք հասանելիություն մեղադրական եզրակացությանն ու իմ դեմ ներկայացված այսպես կոչված «ապացույցներին». ադրբեջաներենով գրված 422 հատոր նյութերին ծանոթանալու համար ինձ տրամադրվել է ընդամենը 21 աշխատանքային օր:
3. Ինձ ներկայացված «մեղադրական եզրակացությունը» պաշտոնական փաստաթուղթ չի հանդիսանում, քանի որ ստորագրված չէ մեղադրողների կողմից: Այդ «փաստաթղթի» թարգմանության մեջ անգամ թույլ են տրված այնպիսի սխալներ, որոնք հնարավորություն չեն տալիս հասկանալ ինձ ներկայացված մեղադրանքների էությունը:
4. Ես զրկված եմ պաշտպանության իրավունքից. սահմանափակվում է իմ փաստաբան Աբրահամ Բերմանի հասանելիությունը գործի նյութերին, առգրավվում են փաստաթղթեր, հոգեբանական ճնշում են գործադրում նրա վրա: Բացի այդ, իմ միջազգային իրավաբանական թիմին արգելվել է շփվել կամ հանդիպել ինձ հետ և հասանելիություն ունենալ գործի նյութերին:
5. Ինձ թույլ չի տրվում հրավիրել պաշտպանական կողմի վկաների և բողոք ներկայացնել ընդդեմ այն խախտումների, որոնք թույլ են տրվել նախաքննության և դատաքննության ընթացքում:
6. Բոլոր նիստերն անցկացում են գաղտնի և փակ հանրության համար: Միջազգային լրագրողների և միջազգային ներկայացուցիչների մուտքը դատարան խոչընդոտվում է:
Այս «դատաքննությունը» միայն իմ նկատմամբ չէ: Սա փորձ է դատապարտելու բոլոր հայերին, որոնք օգնել ու աջակից են եղել Արցախին ու նրա բնակչությանը: Սա հարված է՝ ուղղված մի ողջ ժողովրդի:
Ես հրաժարվում եմ այս ֆարսին մասնակցելուց:
Ես դիմում եմ աշխարհի առաջնորդներին, միջազգային կազմակերպություններին, իրավապաշտպաններին, լրատվամիջոցների ներկայացուցիչներին՝
Այս գործընթացը ձեր ուշադրությունն է պահանջում: Արդարադատության իմիտացիան ապօրինությունն ու անարդարությունն արդարացնելն է: Նման խախտումներն անարձագանք թողնելը ճանապարհ է հարթելու ապագա ողբերգությունների համար՝ թշնամանքի ու ատելության նոր ալիք հրահրելով: Միայն ճշմարտության, օրենքի ու հումանիզմի միջոցով է հնարավոր տարածաշրջանում արդարություն ու խաղաղություն ապահովել»։
Ռուբեն Վարդանյան
19 փետրվարի, 2025թ.
Վրաստանի համար դռները բաց են «երեք գումարած երեք» ձևաչափով: Ըստ ТАСС-ի՝ դրա մասին Պետդումայում խորհրդարանական ժամին հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։
«Ի սկզբանե բոլորը համակարծիք էին, որ մենք ունենք «երեք գումարած երեք» ձևաչափ, և որ հասկանում ենք Վրաստանի դիրքորոշմանն առնչվող կասկածներն ու նրբությունները», -նշել է նա։
ՌԴ ԱԳՆ ղեկավարն ընդգծել է, որ Վրաստանի ներկայացուցիչների աթոռը միշտ կլինի այս ձևաչափի նիստերի սենյակում, գրում է Газета.ru-ն։
«Երեք գումարած երեք» ձևաչափը խորհրդատվական համագործակցության ձևաչափ է Հարավային Կովկասի երեք երկրների (Հայաստան, Ադրբեջան և Վրաստան) և երեք հարևանների (Ռուսաստան, Թուրքիա և Իրան) միջև:
Հարավային Կովկասում համագործակցության վեցակողմ ձևաչափի նախաձեռնությունը 2020 թվականի վերջին առաջ են քաշել Ադրբեջանի և Թուրքիայի նախագահներ Իլհամ Ալիևն ու Ռոջեփ Թայիփ Էրդողանը։
Հունվարին Լավրովը հայտարարեց, որ Ռուսաստանը Հայաստանի մասնակցությամբ «երեք գումարած երեք» խորհրդակցական ձևաչափի աշխատանքը հեռանկարային է համարում։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ հաճույքով կհանդիպի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ, սակայն դրա համար անհրաժեշտ է նախապատրաստվել։
«Գիտեք, հանդիպումը պետք է պատրաստվի: Ես հաճույքով կհանդիպեմ Դոնալդին (Թրամփ, ԱՄՆ նախագահ – խմբ.): Վաղուց չենք տեսնվել։ Մենք մտերիմ հարաբերություններ չունենք, բայց նախորդ տարիներին՝ նրա նախագահ եղած չորս տարիների աշխատանքի ընթացքում, շատ մոտիկից հանդիպել ու քննարկել ենք մեր միջպետական հարաբերությունները։ Ես հաճույքով կհանդիպեի նրան նաև այսօր, և կարծում եմ, որ ինքը նույնպես: Դա ակնհայտ է մեր հեռախոսազրույցի բնույթից»,-ըստ РИА Новости-ի՝ լրագրողներին հայտնել է Պուտինը։
Այսօր ավելի վաղ Պուտինն առաջին անգամ մեկնաբանել է ռուս-ամերիկյան բանակցությունների արդյունքները և Ուկրաինայի վերաբերյալ հայտարարություն արել:
Արցախյան 44-օրյա պատերազմում նահատակված Մխիթար Գալեյանի հորը՝ Գարիկ Գալեյանին ազատազրկման դատապարտելու վճռի դեմ վերաքննիչ բողոք է ներկայացվել։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնել է պաշտպան Վահան Հովհաննիսյանը։
«Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը՝ դատավոր Մասիս Մելքոնյանի նախագահությամբ, հունվարի 17-ին մեղավոր է ճանաչել Գարիկ Գալեյանին և դատապարտել ազատազրկման՝ 2 տարի ժամկետով, ապա, հաշվակցելով Գալեյանի՝ նախաքննության ընթացքում անազատության մեջ գտնվելու 6 ամիս 27 օր ժամկետը, վերջնական պատիժ նշանակվել 1 տարի վեց ամիս ժամկետը։ Դատարանը միևնույն ժամանակ անմիջապես փոխել է Գալեյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց բացակայելու արգելքը՝ տնային կալանքով։ Դատավճռի դեմ վերաքննիչ բողոք է ներկայացվել, որով պաշտպանը պահանջում է բեկանել այն և արդարացնել Գալեյանին։
Վերաքննիչ բողոքով պաշտպանության կողմն ուշադրություն է հրավիրել մի շարք հանգամանքների վրա, այդ թվում՝ Գալեյանի գործողությունների որակման վրա՝ պնդելով, որ խուլիգանություն այն գնահատվել չէր կարող։ Մասնավորապես, Վահան Հովհաննիսյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում նկատեց՝ եթե անգամ արարքը կատարվել է հասարակական վայրում կամ հասարակության ներկայությամբ, բայց չի կատարվել խուլիգանական դրդումներով, ապա այն խուլիգանություն չէ, Գալեյանը չի գործել խուլիգանական դրդումներով։
«Խուլիգանական դրդման էությունը իր անձը հասարակությունից վեր դասելն է, այլոց հաշվին ինքնահաստատվելու նպատակով գործողություններ կատարելը։ Վեճին ներկա են գտնվել միայն իր բախտակից ծնողները, ինչու՞ պետք է ձգտեր նրանց մոտ ինքնահաստատվել կամ իր անձը նրանցից վեր դասեր»,- նշեց փաստաբանը։
Բացի այդ, Գարիկ Գալեյանի գործողությունը հետևանք էր սադրանքի։ Փաստաբանի խոսքով՝ այն սադրանքին տրված գնահատկան էր, ուստի չի կարող խուլիգանություն համարվել։ «Դատարանը սադրանքի փաստին ամենևին անդրադարձ չի կատարել։ Իսկ սադրանքի մասին մոտ մեկ տասնյակ հանգամանքներ են վկայում, օրինակ՝ եթե այդ անձինք եկել էին դատախազության դուռը նկարելու, ապա մյուս լրատվամիջոցների նկարահանումներով, ինչու չեն երևում նրանց այդ գործողությունները, ուր է նրանց պատրաստած ռեպորտաժի մնացած հատվածը, ինչու հետագայում չեն եկել և նկարել իրենց հաղորդումը և ի վերջո ՝ ինչպե՞ս պետք է նկարեին, երբ դուռը փակ էր մի քանի շարք ոստիկաններով»,- նշեց Հովհաննիսյանը՝ հավելելով, որ անգամ մեղադրանքի կողմի վկաներն են փաստել, որ խուլիգանություն չի կատարվել, դատարանում Արթուր Խուդինյանը ցուցմունք տվեց, որ հասարակական կարգի խախտում տեղի չի ունեցել։
Փաստաբանն ուշադրություն հրավիրեց խտրական վերաբերմունքի վրա՝ արձանագրելով ՝ պետությունը խտրական վերաբերմունք է դրսևորել։
«Եթե Ալեն Սիմոնյանի նկատմամբ անձի դեմքին թքելու համար խուլիգանության հոդվածով քրեական հետապնդում չի իրականացվում, ապա մեկ այլ անձի նկատմամբ՝ ուրիշի վրա մաքուր ջուր լցնելու համար, ևս չի կարող քրեական հետապնդում իրականացվել»,- նշեց Հովհաննիսյանը։
Հիշեցնենք, որ Գարիկ Գալեյանը ձերբակալվել էր 2023թ․ սեպտեմբերի 8-ին՝ ՔԿ-ում քննվող քրեական վարույթի շրջանակներում։ Հատկանշական է, որ Գալեյանի ձերբակալությանը նախորդել էր «Որդիների կանչ» ՀԿ հայտարարությունը, համաձայն որի՝ Երևանի ավագանու ընտրություններին սատարելու են «Մայր Հայաստան» դաշինքին։
Գարիկ Գալեյանին մեղադրանք է ներկայացվել ՝ խմբի կազմում խուլիգանության և իրացնելու նպատակով թմրամիջոց պահելու հատկանիշներով։ Ընդ որում, խուլիգանության հատկանիշներով մեղադրանքը ներկայացվել է հենց Գալեյանի հաղորդման հիման վրա հարուցված գործով։ Մասնավորապես, անցած տարվա ընթացքում ՀՀ գլխավոր դատախազության շենքի մոտ իրականացվող ակցիայի ընթացքում իշխանական սադրիչներից մեկը փորձել էր միջամտել ակցիային, Գալեյանը իր ձեռքի շշով ջուրը լցրել էր նրա գլխին, արարքը որակվել է որպես խմբի կազմում խուլիգանություն։ Ընդ որում, խոսքը իշխանական բլոգեր Ռոման Բաղդասարյանի մասին է։ Միջադեպի ընթացքում վասվածքներ են ստացել հենց ծնողները՝ Վահիդ Սահակյանը, Գարիկ Գալեյանը, ինչով պայմանավորված էլ հաղորդում են ներկայացրել»,–հայտնում է լրատվամիջոցը։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ բարձր է գնահատում Էր Ռիադում անցկացված բանակցությունների արդյունքները։ Ըստ նրա՝ ռուս և ամերիկացի դիվանագետների արտաքսումը ոչ մի լավ բանի չի հանգեցնում, և այժմ դիվանագիտական առաքելությունների աշխատանքը կվերսկսվի, հաղորդում է ТАСС-ը։ Նախագահը հավելել է, որ Ռուսաստանն ու Միացյալ Նահագներն առաջին քայլերն են արել Մերձավոր Արևելքում, այդ թվում՝ Սիրիայում և Պաղեստինում համագործակցության ուղղությամբ։
Պուտինը նշել է, որ Ռուսաստանը պատրաստ է Ուկրաինայի հարցով վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ։
«Ռուսաստանի Դաշնությունը երբեք չի հրաժարվել Եվրոպայի կամ Ուկրաինայի հետ երկխոսությունից։ Եվրոպացիներն իրենք են դադարեցրել շփումները Մոսկվայի հետ, իսկ Կիևն իրեն նույնիսկ արգելել է բանակցել Ռուսաստանի հետ»,- ընդգծել է Պուտինը։ ՌԴ նախագահը հայտարարել է, որ իրենց համար բավական չէ պարզապես հանդիպել Թրամփի հետ, անհրաժեշտ է մշակել ամենակարևոր, ներառյալ՝ Ուկրաինայի առնչությամբ հարցերը:
Պուտինը ասել է նաև, որ պատրաստ չէ ասել, թե երբ կարող է տեղի ունենալ իր հանդիպումը Թրամփի հետ։
Թրամփը խոստացել է արագ կարգավորել ուկրաինական ճգնաժամը, սակայն նախագահի պաշտոնում տեղեկություն ստանալով՝ փոխել է դիրքորոշումը, ինչը բնական է, պարզաբանել է ՌԴ նախագահը։
Փետրվարի 19-ին՝ ժամը 17:00-ի դրությամբ, Աբովյանի (Չարենցավանի հատված), Հրազդանի, Սևանի, Ապարանի, Արագածի, Աշոցքի, Ստեփանավանի, Գուգարքի, Տաշիրի տարածաշրջաններում ձյուն է տեղում։ Այս մասին հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից։
Բքի և ցածր տեսանելիության պատճառով Վարդենյաց լեռնանցքը կցորդով տրանսպորտային միջոցների համար դժվարանցանելի է։
Դիլիջանի ոլորաններում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր։ Հրազդանի և Տաշիրի տարածաշրջաններում, խիտ մառախուղ է, տեսանելիությունը՝ 10-15 մետր։
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ: