2025 թվականի հունիսի 29-ին և 30-ին ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Կայա Կալասը կայցելի Հայաստան։ Հայաստանում ԵՄ գրասենյակից հայտնում են, որ հունիսի 29-ին ԵՄ բարձր ներկայացուցիչը կհանդիպի Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ։
Նույն օրը կեսօրից հետո նա կայցելի Եղեգնաձորում տեղակայված Հայաստանում ԵՄ առաքելության կենտրոնակայան։ Հունիսի 30-ին Եմ բարձր ներկայացուցիչը կհանդիպի քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ներկայացուցիչներին։
Նույն օրը նա կհանդիպի Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանին։ Հանդիպումից հետո` Հայաստանի ժամանակով ժամը 12:30-ին (UTC+4) տեղի կունենա համատեղ մամուլի ասուլիս։
Օրվա ավարտին՝ ԵՄ բարձր ներկայացուցիչը կհանդիպի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ինչպես նաև Երիտասարդ եվրոպական դեսպանների, Երիտասարդական խորհուրդ նախաձեռնության ներկայացուցիչների և Erasmus+ ծրագրի շրջանավարտների հետ։
Այցի ընթացքում միջոցառումների տեսա-լուսանկարահանումները կհեռարձակվեն EBS և X հարթակներով։
Հունիսի 29-ից 30-ն պաշտոնական այցով Հայաստանում կգտնվի Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը:
ԱԳՆ–ից հայտնում են, որ հունիսի 30-ին ԱԳՆ-ում կկայանա ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Կայա Կալասի հանդիպումը, որին կհաջորդի նախարարների համատեղ մամուլի ասուլիսը:
Emirates ավիաընկերությունը երկարաձգել է դեպի Իրան չվերթների չեղարկումըԱրաբական Միացյալ Էմիրությունների Emirates ավիաընկերությունը մինչև հուլիսի 5-ը երկարաձգել է դեպի Իրան չվերթների չեղարկումը։
Այս մասին նշված է ավիաընկերության կայքում տեղադրված հաղորդագրությունում։
«Տարածաշրջանում իրավիճակով պայմանավորված Emirates ավիաընկերությունը մինչև 2025 թվականի հուլիսի 5-ը ներառյալ չեղարկել է Թեհրանից և դեպի այդ քաղաք բոլոր չվերթները»,- նշված է հայտարարությունում։
Միաժամանակ, ավիաընկերությունը հայտարարել է հուլիսի 1-ից դեպի Իրաք՝ Բաղդադ և հուլիսի 2-ից՝ Բասրա չվերթների վերսկսման մասին։
Ավելի վաղ Իսրայելի և Իրանի միջև ռազմական բախմամբ պայմանավորված Emirates-ը դադարեցրել էր նաև դեպի Հորդանան և Լիբանան չվերթները։
Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին տեղափոխել են ԱԱԾ մեկուսարան։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց փաստաբան Երեմ Սարգսյանը։
«Ճիշտ է, նախապես մտածում էինք, որ տարել են Նուբարաշեն ՔԿՀ, սակայն մի քանի ժամ առաջ տեղեկացանք, որ նրան տարել են «Երևան-Կենտրոն» քրեակատարողականի մեկուսարան։ Այստեղ տանում են մարդկանց առավել խիստ մեկուսացման պայմաններում պահելու համար, ու քանի որ այս հարցը՝ Միքայել սրբազանի հարցը, վերածվել է կյանքի հարցի, դրա համար այնտեղ են տարել»,- ասաց փաստաբանը։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանը մինչև վերջ տեղյակ չի եղել Թեհրանի միջուկային օբյեկտներին ԱՄՆ-ի կողմից նախատեսվող հարվածների մասին։
«Ոչ ոք չէր կարող պատկերացնել, որ ԱՄՆ զորքերը կհարձակվեն Ֆորդոուի միջուկային օբյեկտի վրա, քանի որ բոլորն ասում էին, որ այն անթափանցելի է», - նշել է նա։
Իրանը հայտարարել է, որ այլևս թույլ չի տա ՄԱԳԱՏԷ-ի ղեկավար Գրոսսիին մոտենալ իր միջուկային օբյեկտներին։
Իրանի խորհրդարանի փոխխոսնակ Համիդ-Ռեզա Հաջի Բաբային հայտարարել է, որ այս քայլին են դիմում Իսրայելի իշխանություններից ստացված փաստաթղթերում Իրանի միջուկային արդյունաբերության վիճակի մասին տեղեկատվության հայտնաբերման պատճառով։
Իրանը բացել է իր օդային տարածքը երկրի կենտրոնական և արևմտյան շրջանների որոշ հատվածներում ներքին և միջազգային չվերթերի համար։ Այս մասին հայտնում են Իրանի իշխանությունները։
Ադրբեջանում Ռուսաստանի դեսպանության ժամանակավոր հավատարմատար Պյոտր Վոլոկովիխը կանչվել է երկրի արտաքին գործերի նախարարություն։ Այս մասին հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ նշելով, որ ՌԴ դիվանագետի կանչը կապված է Եկատերինբուրգ քաղաքում մի խումբ ադրբեջանցիների ձերբակալությունների հետ։
«Ռուսական կողմին խիստ բողոք է հայտնվել մեր հայրենակիցների բնակության վայրերում կատարված խուզարկությունների կապակցությամբ, որոնց հետևանքով մի քանի մարդ ծանր վիրավորվել է, իսկ ինը մարդ ձերբակալվել է»,-նշված է Ադրբեջանի ԱԳՆ-ի հայտարարության մեջ:
Նշենք, որ հունիսի 27-ին Եկատերինբուրգում անցկացվել է Ադրբեջանի քաղաքացիների զանգվածային ձերբակալություն, որի ընթացքում երկու մարդ ստացել է կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներ:
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը խստորեն դատապարտում է հունիսի 28-ին Շիրակի թեմի առաջնորդ Տ. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի առնչությամբ դատարանի կայացրած կալանավորման և ազատազրկման որոշումը, որն ուղղակի հետևանքն էր վարչապետի և իշխանության բարձրաստիճան մյուս պաշտոնյաների եկեղեցահալած քաղաքականության և եկեղեցականների դեմ թշնամանքի ու ատելության խոսքի։ Այս մասին հայտարարություն է տարախծել Մայր Աթոռը։
«Փաստերը վկայում են, որ քաղաքական որոշակի ուղղորդմամբ և ճնշման ներքո դատարանի կայացրած որոշումն անհիմն է և ապօրինի։ Միքայել արքեպիսկոպոսի դեմ ձեռնարկված քայլերը ոչ այլ ինչ են, քան դասական իմաստով՝ քաղաքական հետապնդում և դրսևորում անձնական վրեժխնդրության իրեն քրիստոնյա և Հայ Եկեղեցու զավակ նկատող մի անձի, ով նախօրեին իրավապահ մարմինների ուժերին հրահանգեց պաշարել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը՝ պախարակելի, աննախադեպ ոտնձգություն կատարելով համայն հայության հոգևոր կենտրոնի, եկեղեցականների և հավատավոր ժողովրդի նկատմամբ։ Հորդորում ենք դատական համակարգին և պատկան մարմիններին գործել օրինականության դաշտում և անհապաղ ազատ արձակել Տ. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին»,– ասվում է հայտարարության մեջ։
Ներընդդիմադիր «դիսկուրսին» եմ հետևում ու ապշում. պարզվում է Երկրորդ Նախագահի կողմնակիցները մեղադրում են Երրորդ Նախագահի կողմնակիցներին Հովիկ Աղազարյանի ու էն մյուսի՝ իմպիչմենտի ենթադրյալ նախաձեռնությանը ուշ միանալու համար։ Այս մասին գրել է ֆեյսբուքյան իր էջում գրել է Հրանտ Մելիք-Շահնազարյանը։
«Ասում են՝ Միքայել Սրբազանը հրաժարվեց, նոր դուք ասեցիք, որ պատրաստ եք միանալ։ Ու այդ մեղադրողներին չի հուզում այն փաստերը, որ.
- «Պատիվ Ունեմ» խմբակցությունը դեռ հունիսի 7-ից է սպասում «Հայաստան»-ի գործընկերներին, որպեսզի միանան իմպիչմենտի իրենց նախաձեռնությանը։ Հիմա պարզվում է՝ երեք շաբաթ ոչինչ չարած ֆրակցիան ակնկալում էր, որ մյուսը կես ժամում մի կողմ դներ իր նախաձեռնությունը և միանար նոր «նախաձեռնությանը»։
- Միքայել Սրբազանի՝ վարչապետի թեկնածուի լինելու առաջարկից հրաժարվելու ու հանրապետականների՝ «նախաձեռնությանը» միանալու պատրաստակամության մասին երկու հայտարարություններ գրեթե միաժամանակ են տարածվել։ Կոնկրետ ես մի քանի րոպե տարբերությամբ եմ տեսել։ Բայց նաև տեղյակ եմ, որ «Հայաստան» դաշինքի շատ ներկայացուցիչներ նախապես գիտեին, թե ինչ է լինելու «ՊՈՒ» պատասխանը՚
- Միքայել Սրբազանի թեկնածությամբ իմպիչմենտի գործընթացը նախօրեին չէր էլ մեկնարկել։ Դրա համար անհրաժեշտ հիմնավորումը փաստաթղթի տեսք չուներ, ձևաթղթի տակ չկային Հովիկ Աղազարյանի ու էն մյուսի ստորագրությունները։ Ինչի՞ տակ պետք է ստորագրեին «ՊՈՒ» պատգամավորները։ Ինչի՞ տակ են ստորագրել «Հայաստան»-ի պատգամավորները։
Էլ չեմ խոսում այն մասին, որ իմպիչմենտի գործընթացն ամիսներով առկախած ուժը, ով ինչ ուզում է թող ասի, բայց իմ խորին համոզմամբ ընդդիմադիր դաշտում իրապես մեծ աշխատանք տարած ուժը երեկ փաստորեն դարձավ Էդմոն Մարուքյանի, Հովիկ Աղազարյանի ու էն մյուսի կցորդ…
Ու այդքանից հետո որևէ մեկի լեզուն պտտվում է Երրորդ Նախագահի թիմակիցներին «փրփուրներից կախվելու» մեջ մեղադրե՞լ։ Ամոթ չի բա սա։
ՀՀ Երկրորդ Նախագահ Ռոբերտ Քոչարյանի թիմակիցների շարքերում շատ ընկերներ ունեմ։ Գիտեմ՝ գրածս կկարդան ու շատ հուսով եմ, որ ինձ ճիշտ կհասկանան։ Իսկապես հուսով եմ։ Ընկերներ, խնդրում եմ՝ ամեն ինչ արեք, էս հիմար դիսկուրսի վերջը թող տրվի։ Եթե իսկապես համոզված եք, որ Միքայել Սրբազանը վարչապետի լավ թեկնածու է, փորձեք համոզել նրան, թող մտնի այդ բեռի տակ։ Վստահ եմ՝ «ՊՈՒ»-ն ետ չի կանգնի և, անպայման կստորագրի նրա թեկնածության համար։ Բայց եթե դա հնարավոր չէ, ուրեմն խնդրում եմ՝ մի կողմ թողեք ներքին անհամաձայնություններն ու միացեք արդեն իսկ մեկնարկած իմպիչմենտի գործընթացին։ Սա շատ արագ է պետք անել։ Ժամանակ չկա։ Հերթով բոլորին տանելու են։ Ավիրելու։ Ոչինչ չի մնալու։ Ոչինչ…
Եկեք ավելի բաց խոսեմ (հուսով եմ՝ կներեք, որ հանրային եմ դիմում)։ Ես էլ, դուք էլ, Սերժ Սարգսյանի թիմակիցներն էլ ու նույնիսկ Դավիթ Համբարձումյանն էլ գիտենք, որ լավ օրից չէ, որ այսօր հենց Մասիսի քաղաքապետն է դարձել վարչապետի թեկնածու։ Այո, նա քաղաքական դեմք չէ (համենայն դեպս հանրային ընկալումներում)։ Բայց՝ ես էլ, դուք էլ ու Դավիթ Համբարձումյանն էլ լավ գիտենք, որ իր առջև դրված խնդիրը միայն մեկն է՝ նիկոլի հեռացումը։ Նա պինդ տղա է, նահանջող չէ, նվիրյալ է, համագործակցող ու նաև շատերիդ ընկերն է։ Մեր երկիրը միայն կշահի, եթե մի որոշ ժամանակ բոլորը կողմ դնեն կուսակցական ու թիմային պատկանելությունը, միասին խաղի կանոններ որոշեն, իրար հետ պայմանավորվեն ու առաջ գնան։ Սա հիմա է պետք անել։ Հետո արդեն ասացի, թե ինչ կլինի։ Ձեր չպայմանավորվելը, սկզբից հենց ձեզ/մեզ կկործանի, հետո երկիրը։ Ընդ որում՝ ժամանակի նույն կարճ տարբերությամբ, ինչ երեկ Սրբազանի ու «Պատիվ Ունեմ»-ի հայտարարությունների հրապարակումն էր։
Կրկին ներողություն հանրային դիմելու համար»,- գրել է նա։