Չինաստանը գնահատում է և երբեք չի մոռանա հայ ժողովրդի ներդրումը Ճապոնիայի դեմ պատերազմում։ Այս մասին հայտարարել է Հայաստանում Չինաստանի դեսպան Լի Սինվեյը Հայաստանում Չինաստանի դեսպանատանը տեղի ունեցած «Հիշեք պատմությունը, հարգեք զոհված հերոսներին, գնահատեք խաղաղությունը և կերտեք ավելի լավ ապագա» խորագրով միջոցառման ժամանակ:
«Մենք երբեք չենք մոռանա, որ ավելի քան 6 հազար հայեր մասնակցել են Չինաստանի հյուսիս-արևելքում Ճապոնիայի դեմ պատերազմին, արյուն են թափել, կյանքը տվել հանուն հաղթանակի»,-ասել է նա:
Դիվանագետի խոսքով՝ մի քանի օր առաջ ինքն ու Չինաստանի դեսպանատան աշխատակիցներն այցելել են պատերազմի վետերաններին։ Նա նշել է, որ վերջիններս արդեն 100 և ավելի տարեկան են, սակայն երբ ինքը սեղմել է նրանց ձեռքը, հստակ զգացել է կյանքի և ընկերության ջերմությունը:
«Նրանք իսկական հերոսներ են, որոնք կատարել են պատմության կողմից իրենց ուսերին դրված առաքելությունը»,-նշել է դիվանագետը: