Իսլամական համագործակցության կազմակերպության (ԻՀԿ) անդամ պետությունների արտաքին գործերի նախարարները Ջիդդայում անցկացված հանդիպումից հետո համաձայնության են եկել եզրափակիչ հայտարարության շուրջ: Փաստաթուղթը հրապարակվել է կազմակերպության պաշտոնական կայքում:
ТАСС-ը հաղորդել է հայտարարության առանցքային դրույթները.
Ռամալլահում տեղակայված Պաղեստինի ազգային վարչակազմը պետք է վերահսկողություն ձեռք բերի բոլոր պաղեստինյան տարածքների նկատմամբ և պատասխանատու լինի դրանց անվտանգության համար:
ԻՀԿ երկրները կոչ են արել դադարեցնել զենքի և զինամթերքի մատակարարումը Իսրայելին՝ պաղեստինցիների դեմ բռնությունը կանխելու համար:
Իսրայելի իշխանությունները պետք է անհապաղ դադարեցնեն ռազմական գործողությունները Գազայի հատվածում և առանց նախապայմանների վերացնեն անկլավի շրջափակումը:
Հանդիպման մասնակիցները դատապարտել են Իսրայելի կողմից խաղաղության նախաձեռնությունների մերժումը և միջնորդների հետ հրադադարի հասնելու համար համագործակցելու ցանկությունից հրաժարվելը:
Իսլամական համագործակցության կազմակերպության պետությունները մտադիր են հասնել ՄԱԿ-ում Իսրայելի անդամակցության կասեցմանը:
Նախարարները կոչ են արել պատասխանատվության ենթարկել Իսրայելին Արդարադատության միջազգային դատարանում՝ Գազայում և Արևմտյան ափին պաղեստինցիների դեմ ռազմական հանցագործությունների և ցեղասպանության համար:
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը սեպտեմբերին Գազայում Իսրայելի գործողությունների վերաբերյալ պետք է Գլխավոր ասամբլեայի արտակարգ նիստ անցկացնի։
ԻՀԿ անդամ պետությունները խորհուրդ են տվել վերանայել Իսրայելի հետ դիվանագիտական և տնտեսական հարաբերությունների մակարդակը։
Նախարարները միաժամանակ աջակցություն են հայտնել Եգիպտոսի, Կատարի և Միացյալ Նահանգների ջանքերին՝ Գազայում հրադադարի համաձայնագրի հասնելու համար։ Այն նախատեսում է ՀԱՄԱՍ-ի պահվող իսրայելցի պատանդների ազատ արձակում՝ Իսրայելում պահվող պաղեստինցի բանտարկյալների դիմաց։ Նշվում է, որ պաղեստինյան կողմի ընդունած և Իսրայելի կողմից անպատասխան թողնված վերջին առաջարկը «կարող է կարևոր գործարքի հանգեցնել»։