Գազայի հատվածի հարավում Իսրայելի հարվածի հետևանքով զոհվել է առնվազն 20 մարդ, նրանց թվում՝ միջազգային հինգ լրագրող, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը։
Զոհվածների թվում են Reuters-ի օպերատոր Հուսամ ալ-Մասրին և Associated Press-ի արտահաստիքային լրագրող Մարիամ Դագգան։ Associated Press-ը ցնցված է և ցավակցություն է հայտնել 33-ամյա լրագրողի մահվան կապակցությամբ։
Զոհվածների թվում են նաև Al Jazeera-ի աշխատակից Մոհամմեդ Սալամեհը, լուսանկարիչ Մուաթհ Աբու Թահան և Ահմադ Աբու Ազիզը։ Դեռևս պարզ չէ, թե ում համար էին աշխատում Թահան և Ազիզը. ամերիկյան NBC հեռուստաալիքը հայտնել է, որ Թահան իր աշխատակիցը չէր։
ՀԱՄԱՍ-ի կողմից վերահսկվող Գազայի քաղաքացիական պաշտպանության տվյալներով՝ հարվածի հետևանքով զոհվել է առնվազն 20 մարդ, նրանց թվում՝ քաղաքացիական ծառայության մեկ աշխատակից, հաղորդում է Ֆրանսպրես գործակալությունը։