Հայաստանում կրթական համակարգի ոչ գրագետ կառավարման հետևանքով վերջին 6 տարվա ընթացքում բարձրագույն կրթություն ստացողների թիվը պակասել է 25 %-ով։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց կրթության հարցերով փորձագետ Ատոմ Մխիթարյանը։
«Հայաստանում կրթության համակարգում կա ճգնաժամ, որը գնալով խորանում է։ Խնդիրը նկատելի է հատկապես վերջին 5-6 տարիներին։ Բարձրագույն կրթություն ստացողների այն թվերը, որ մենք ունեինք, օրինակ, սրանից 10– 15 տարի առաջ, Հայաստանի բնակչության հետ համեմատած նվազագույն շեմի վրա էր, հիմա դրանից ներքև է ընկել»,– ասաց Մխիթարյանը։
Փորձագետի խոսքով` վերջին 2–3 տարում կատարված փոփոխությունները (երբ առաջնահերթությունը տրվեց ընտրած մասնագիտությանը) ավելի շատ բացասական հետևանքներ թողեցին։ Այսօր շատ երեխաներ դուրս են մնում կրթական համակարգից, որովհետև առաջնային գնահատվում է ընտրած մասնագիտությունը, ոչ թե երեխայի ունեցած գիտելիքները։
«Լավագույն մեր շրջանավարտները կարող են դիմել բարձր վարկանիշ ունեցող մասնագիտությունների գծով, դուրս մնալ մրցույթից և ընդհանրապես կրթական համակարգից։ Իսկ եթե նման փոփոխություն չլիներ, նրանք դուրս չէին մնա կրթական համակարգից, այլ նույն կամ հարակից մասնագիտություններով կշարունակեին իրենց կրթությունը»,–ասաց նա։
Փորձագետն ընդգծեց, որ մեկ այլ վատ հետևանք է այն, որ շատ շրջանավարտներ կրթական համակարգից դուրս մնալուց հետո այլ երկրում ուսում ստանալու համար լքում են Հայաստանի Հանրապետությունը կամ լավագույն դեպքում ընդունվում են Հայաստանում այլ պետությունների գործող համալսարաններ։ Ըստ փորձագետի` ընդունելության կարգը պետք է վերանայվի այնպես, ինչպես գործում էր, օրինակ, 5 տարի առաջ։
Մխիթարյանն ընդգծեց, որ կրթական մակարդակի վրա ազդում է նաև դպրոցական կրթության վիճակը։ Փաստացի, այսօր հանրակրթությունն իր որակական չափանիշներով չի բավարարում բուհերի ընդունելության քննությունների նախապատրաստմանն ու բարեհաջող հանձնմանը։
Կրթության փորձագետի խոսքով` դա է պատճառը, որ լավագույն 4 դիմորդներից առնվազն մեկը բացասական գնահատական է ստանում և բուհ չի ընդունվում, ինչը նշանակում է, որ այն «բարեփոխումները», որոնք վերջին տարիներին կատարվել են հանրակրթության ոլորտում, իրենց բացասական ազդեցությունն են թողել։
Նա շեշտեց, որ իրավիճակն ավելի տխուր է դառնում, երբ հայ երեխաների գիտելիքների մակարդակը համեմատում ենք հարևան երկրների (ընդ որում, ոչ եվրոպական կամ զարգացած երկրների), դպրոցականների գիտելիքների հետ։ Փաստ է, որ հայ դպրոցականների գիտելիքները զիջում են։
Հարցին` երեխաները չե՞ն ուզում սովորել, թե՞ չի մատուցվում նյութը այնպես, որ երեխայի մոտ ձգտում առաջանա սովորելու, փորձագետը մատնանշեց, որ երեխաները միշտ էլ նույն երեխաներն են, այլ բան է, որ կրթական համակարգում տիրող մթնոլորտը չի նպաստում լավ սովորելուն։
Նրա խոսքով` ՀՀ վարչապետի մակարդակով տարածվող «լավ սովորիր, որ լավ ապրես» արտահայտությունն այս իրավիճակում չի փրկում, քանի որ նույն երեխաները տեսնում են անգրագետ կամ կիսագրագետ մարդանց, որոնք բարձր պաշտոններ են զբաղեցնում ու մեծ հարստություն դիզում։ Իսկ, օրինակ, գիտնականները շատ համեստ կյանքով են ապրում։