Նեպալում բողոքի ցույցեր և անկարգություններ առաջացնող «Z սերունդ» շարժումը հրապարակային հռչակագիր է տարածել, որում կոչ է անում երկրում խոշոր քաղաքական բարեփոխումներ իրականացնել, հաղորդում է India Today-ը։
Հռչակագրում ընդգծվում է, որ պայքարը մղվում է երկրի ապագայի, այլ ոչ թե որևէ կուսակցության կամ անհատի համար։ Շարժման ընթացքում զոհվածները կհայտարարվեն նահատակներ, իսկ նրանց ընտանիքներին կցուցաբերվի մեծարում և աջակցություն։
Բողոքի ակցիայի մասնակիցները հիմնականում պահանջում են Ներկայացուցիչների պալատի անհապաղ լուծարում, ինչպես նաև Սահմանադրության փոփոխություններ կամ դրա վերանայում՝ քաղաքացիների և երիտասարդության մասնակցությամբ, միջանկյալ ժամանակահատվածից հետո նոր արդար ընտրություններ և գործադիր իշխանության ղեկավարության ուղղակի ընտրություններ։
Ցուցարարները նաև պահանջում են անհապաղ հետաքննել և ազգայնացնել վերջին 30 տարվա ընթացքում ապօրինի ձեռք բերված սեփականությունը, վերակառուցել հինգ հիմնական ոլորտներ՝ կրթություն, առողջապահություն, արդարադատություն, անվտանգություն և հաղորդակցություն:
Միևնույն ժամանակ, Նեպալի բանակը հայտարարել է ամբողջ երկրում պարետային ժամի մասին, որը ուժի մեջ կմնա մինչև նոյեմբերի 25-ի ժամը 17:00-ն, իսկ հետագա թարմացումները կախված կլինեն իրավիճակի զարգացումից։
Բանակը զգուշացրել է, որ անօրինական գործողություններ կատարող առանձին անձինք և խմբեր շարունակում են ներթափանցել շարժում, կատարելով վանդալիզմի, հրկիզման, թալանի, բռնի հարձակումների և սեռական բռնության փորձեր և կոչ է արել բոլորին համագործակցել՝ հանցավոր գործունեությունը կասեցնելու համար։