Կատարի ներքին գործերի նախարարությունը ձեռնարկում է բոլոր անհրաժեշտ միջոցներն իր քաղաքացիների և օտարերկրյա բնակիչների անվտանգությունն ապահովելու համար` սեպտեմբերի 9-ի կեսօրին Իսրայելի՝ Դոհայի ուղղությամբ հարվածներից հետո։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասվում է հաղորդագրության մեջ, որը «ՌԻԱ Նովոստի»-ին տրամադրել է Կատարի ՆԳՆ-ն։
«Ներքին գործերի նախարարությունը, Ներքին անվտանգության ծառայության (Լյահոյա) մասնակցությամբ, հաստատում է, որ ուշադիր հետևում է իրադարձությունների զարգացմանը և ձեռնարկում է բոլոր անհրաժեշտ միջոցները՝ իր քաղաքացիների և օտարերկրյա բնակիչների անվտանգությունն ապահովելու համար, ինչը նրա առաջնահերթությունն է», - նշել է նախարարությունը։
Ավելի վաղ Կատարի ներքին գործերի նախարարությունը հաստատել էր, որ Դոհայի տարբեր հատվածներում երեքշաբթի կեսօրին լսված պայթյունները կապված են պաղեստինյան ՀԱՄԱՍ-ի քաղաքական բյուրոյի անդամների բնակելի տների ուղղությամբ Իսրայելի հարվածներով, որոնց հետևանքով զոհվել է Կատարի ներքին անվտանգության ուժերի մեկ անդամ, մի քանիսը վիրավորվել են։