ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Կատարում ՀԱՄԱՍ-ի ներկայացուցիչներին հարվածելը ոչ թե իր, այլ՝ Նեթանյահուի որոշումն է եղել։
«Այսօր առավոտյան Թրամփի վարչակազմը ԱՄՆ զինվորականներից տեղեկացվել է, որ Իսրայելը հարձակում է իրականացնում ՀԱՄԱՍ-ի դեմ, որը, ցավոք, գտնվում էր Կաթարի մայրաքաղաք Դոհայում։ Սա վարչապետ Նեթանյահուի որոշումն էր, ոչ թե իմ։ Կատարի՝ որպես ինքնիշխան պետության և Միացյալ Նահանգների կարևոր դաշնակցի տարածքում միակողմանի ռմբակոծություն իրականացնելը, այն դեպքում, երբ Կատարը մեծ ջանքեր է գործադրում և լուրջ ռիսկեր է կրում մեր հետ խաղաղություն հաստատելու նպատակով, չի կարող նպաստել ո՛չ Իսրայելի, ո՛չ Ամերիկայի նպատակներին։
Այնուամենայնիվ, Գազայի բնակչության տառապանքների հաշվին շահույթ ստացող ՀԱՄԱՍ-ի վերացումն արժանի նպատակ է։ Ես անմիջապես հանձնարարել եմ հատուկ բանագնաց Սթիվ Վիթքոֆին տեղեկացնել Կատարի իշխանություններին միջադեպի մասին, ինչն էլ նա արել է, սակայն, ցավոք, չափազանց ուշ՝ հարձակումը կանխելու համար։
Ես Կատարին համարում եմ ԱՄՆ-ի ամուր դաշնակից և բարեկամ ու խորապես ափսոսում եմ հարձակման վայրի համար։ Ցանկանում եմ, որ ԲՈԼՈՐ պատանդները և զոհվածների մարմինները ազատ արձակվեն, և այս պատերազմը ԱՎԱՐՏՎԻ ԱՅԺՄ։
Ես խոսել եմ նաև վարչապետ Նեթանյահուի հետ հարձակման հետո։ Նա ընդգծել է, որ ցանկանում է խաղաղություն հաստատել։ Ես կարծում եմ, որ այս ցավալի միջադեպը կարող է խաղաղության հնարավորություն ստեղծել։
Ես զրուցել եմ նաև Կատարի էմիրի և վարչապետի հետ՝ շնորհակալություն հայտնելով նրանց աջակցության և մեր երկրի հետ բարեկամության համար։ Նրանց վստահեցրել եմ, որ նման բան այլևս չի կրկնվի իրենց տարածքում։
Ես հանձնարարել եմ պետքարտուղար Մարկո Ռուբիոյին վերջնականացնել Կատարի հետ պաշտպանական համագործակցության համաձայնագիրը։
Շնորհակալություն այս հարցին ուշադրություն դարձնելու համար»։