Հայաստանն ընդունել է Ադրբեջանից Նախիջևան անխոչընդոտ ճանապարհի վերաբերյալ նախագահ Իլհամ Ալիևի պահանջը, այս մասին հայտարարել է Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովը՝ կառավարության հատուկ նիստում ամփոփելով վաշինգթոնյան հանդիպման արդյունքները։
«Հայրենական (44-օրյա) պատերազմից հետո նախագահ Իլհամ Ալիևը բազմիցս և վճռականորեն հայտարարել է, որ պետք է ապահովվի Ադրբեջանի հիմնական մասից դեպի Նախիջևանի Ինքնավար Հանրապետություն անարգել ցամաքային անցումը։ Հակառակ բոլոր դժվարություններին, անհամաձայնություններին և տարբեր դիրքորոշումներին, պետության ղեկավարի այս պահանջը հայկական կողմից նույնպես ընդունվել է», - ընդգծել է կառավարության ղեկավարը։
Ալի Ասադովը հավելել է, որ Վաշինգթոնում ստորագրված փաստաթուղթը հստակորեն ընդգծում է այդ հաղորդակցության կարևորությունը։