Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվան հինգշաբթի հայտարարել է, որ հաջորդ տարի կառաջադրվի երկրորդ ժամկետով, հաղորդում է Associated Press գործակալությունը։
«Ես դառնում եմ 80 տարեկան, բայց կարող եք վստահ լինել, որ ես ունեմ նույն եռանդը, ինչ 30 տարեկանում։ Եվ ես մտադիր եմ առաջադրվել նաև չորրորդ ժամկետով Բրազիլիայում»,- Ինդոնեզիա կատարած պաշտոնական այցի ժամանակ լրագրողներին ասել է Լուլան։
Բրազիլիայի առաջնորդը ճանապարհորդում է Ասիայով։ Ինդոնեզիա կատարած այցից հետո, որտեղ նա հանդիպել է նախագահ Պրաբովո Սուբիանտոյի հետ, Լուլան կմեկնի Մալայզիա՝ Հարավարևելյան Ասիայի Ազգերի Ասոցիացիայի գագաթնաժողովին մասնակցելու համար։
Բրազիլական լրատվամիջոցները հայտնել են, որ նա, ինչպես սպասվում է, կիրակի օրը Մալայզիայում առաջին անգամ կհանդիպի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ՝ այս ամսվա սկզբին տեղի ունեցած հաշտեցման հեռախոսազրույցից հետո։
Երկու առաջնորդները, ինչպես սպասվում է, կքննարկեն Բրազիլիայի նկատմամբ Թրամփի սահմանած 50-տոկոսանոց առևտրային սակագինը։ Բրազիլիայի սահմանադրությունը նախագահներին թույլ է տալիս պաշտոնավարել միայն երկու անընդմեջ ժամկետով։ Լուլան պաշտոն վերադարձավ 2023 թվականին՝ 13 տարի պաշտոնավարելուց հետո, և պահպանում է կրկին առաջադրվելու իրավունքը։
Մինչև 2022 թվականին Ժաիր Բոլսոնարոյին հաղթելը և երրորդ ոչ անընդմեջ ժամկետի համար պայքարելը, Լուլան հայտարարել էր, որ դա կլինի իր վերջին քարոզարշավը՝ իր տարիքի և այն պատճառով, որ համոզված էր, որ երկիրը քաղաքական նորացման կարիք ունի։ Սակայն, իր ներկայիս ժամկետի սկզբում նա սկսեց ակնարկել, որ կարող է կրկին առաջադրվել։
2023 թվականի փետրվարին նախագահը հայտարարեց, որ կարող է վերընտրվել 2026 թվականին՝ հավելելով, որ իր որոշումը կախված կլինի երկրի քաղաքական իրավիճակից և իր առողջությունից։ Լուլան, որը բրազիլական ձախերի գերիշխող դեմք է, երկրի՝ 40 տարի առաջ Բրազիլիայի ժողովրդավարության վերադարձից ի վեր ամենաերկար ծառայած նախագահն է։
Բրազիլացի քաղաքական գործիչներից ոմանք մտահոգություն են հայտնել Լուլայի տարիքի և առողջական խնդիրների վերաբերյալ։ Անցյալ տարվա վերջին նա լոգարանում ընկնելուց հետո շտապ վիրահատության էր ենթարկվել ուղեղի արյունահոսության պատճառով։ Ընդսմին, Լուլան պնդում է, որ դեռևս առողջ և եռանդուն է, հաճախակիորեն սոցիալական ցանցերում մարզումների տեսանյութեր է տարածում։ Լուլան 2026 թվականի ընտրությունների բոլոր հարցումներում ներկայում առաջատարն է, չնայած ընտրողների մոտ կեսը նշում է, որ դժգոհ է նրանից։