ՀՀ քրեակատարողական հիմնարկներում առաջիկայում հատուկ խցեր կլինեն ինքնավնասման հակում ունեցող անձանց համար։ Կառավարության նիստից հետո ճեպազրույցի ժամանակ այս մասին հայտնեց ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը` անդրադառնալով ՔԿՀ–ներում մահվան դեպքերի աճին։
«Ձեռնարկել ենք խցային պայմանների վերանայման գործընթաց ու առաջիկայում կունենանք հատուկ խցեր, որտեղ կպահվեն ինքնավնասման հակում ունեցող անձինք` զրկված լինելով իրենց կյանքին վերջ տալու հնարավորությունից, կամ մինիմումի կհասցնենք այն հնարավորությունները, որոնք կարող են օգտագործվել կյանքին վերջ տալու նպատակով»,– հայտարարեց նախարարը։
Նրա խոսքով` մտածում են նաև ժամանակավոր խցերի մասին, որոնք զինված կլինեն տեսախցիկներով, և այդտեղ կտեղափոխվեն այն անձինք, որոնք ինքնավնասման հակվածության սուր իրավիճակում են գտնվում։
Ըստ Գալյանի` ՔԿՀ–ներում մահվան դեպքերի աճը խիստ մտահոգիչ է, և նախարարությունն ամեն ինչ անում է այդ դեպքերի քանակը նվազեցնելու ուղղությամբ։ Նախարարը նշեց, որ այդ մահվան դեպքերի միայն մի մասն է ինքնասպանություն։
«Կարիք կա անհատապես աշխատելու բոլոր այն անձանց հետ, որոնք ինքնավնասման հակում ունեն։ Այդ առումով արդեն ավարտին ենք հասցնում հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց հաշվառման գործընթացը, որպեսզի նրանց հետ տարվող աշխատանքը լինի ավելի թիրախային»,– հավելեց նախարարը։
Գալյանը կարծում է, որ համալիր աշխատանքի արդյունքում առաջիկայում կկարողանան հասնել ցավալի դեպքերի նվազման։