Իրանի դեմ գործողությունից հետո Իսրայելը ճանապարհ է բացել հարևան երկրների հետ «խաղաղության համաձայնագրերի դրամատիկ ընդլայնման» համար, որոնց մեծ մասը արաբական պետություններ են։
Այս մասին, ըստ Թերթի, ասել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն։
«Մենք քաջաբար կռվեցինք Իրանի դեմ և մեծ հաղթանակ տարանք։ Այս հաղթանակը ճանապարհ է բացում խաղաղության համաձայնագրերի դրամատիկ ընդլայնման համար։ Մենք ակտիվորեն աշխատում ենք դրա վրա», - նշվում է նրա կողմից տարածված տեսաուղերձում։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Իսրայելի և Իրանի միջև առճակատումը, ըստ էության, ավարտվել է։ Դա, ըստ նրա, նոր հեռանկարներ է բացում Եվրասիական տնտեսական միության երկրների և Մերձավոր Արևելքի պետությունների միջև համագործակցության համար։ Այս հայտարարությունը Պուտինն արել է այսօր՝ հունիսի 26-ին, Մինսկում անկացված Եվրասիական տնտեսական ֆորումում ելույթ ունենալիս։
«Իրանի հետ ազատ առևտրի համաձայնագիրը ուժի մեջ մտավ մայիսին։ Հուսանք՝ տարածաշրջանում իրավիճակը կկայունանա։ Իսրայելի և Իրանի միջև հակամարտությունը, փառք Աստծո, կարելի է համարել անցյալում», -նշել է նախագահը։
Պուտինը շեշտել է, որ նման դինամիկան ԵԱՏՄ-ին հնարավորություն է տալիս կառուցողական հարաբերություններ հաստատել տարածաշրջանի բոլոր երկրների հետ։
Նա հիշեցրել է նաև ԵԱՏՄ-ի գործող արտոնյալ համաձայնագրերը Վիետնամի, Սինգապուրի և Սերբիայի հետ, ինչպես նաև Արաբական Միացյալ Էմիրությունների հետ տնտեսական համագործակցության մասին համաձայնագրի նախապատրաստման աշխատանքները։
«Շարունակվում են աշխատանքները ինտեգրացիոն մեխանիզմների ամրապնդման և ԵԱՏՄ-ի միջազգային ասպարեզում հեղինակության բարձրացման ուղղությամբ։ Միությունը շարունակում է բաց լինել բոլոր շահագրգիռ գործընկերների հետ փոխգործակցության համար», -նշել է Ռուսաստանի առաջնորդը։
Պուտինը նշել է նաև Ասիայի, Աֆրիկայի և Լատինական Ամերիկայի պետությունների հետ հարաբերությունների ակտիվ զարգացումը, ինչպես նաև այնպիսի բազմակողմ միավորումների հետ կապերի խորացումը, ինչպիսիք են ԲՐԻԿՍ-ը, ԱՊՀ-ն, Շանհայի համագործակցության կազմակերպությունը, ԱՍԵԱՆ-ը և Աֆրիկյան միությունը։
Այսօր Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև հեռախոսազրույցում հատուկ ուշադրություն է դարձվել Իրանին հարձակվելու նպատակով Ադրբեջանի տարածքից իսրայելական անօդաչու թռչող սարքերի հնարավոր թռիչքի մասին հաղորդագրությունները։ Այս մասին հաղորդում է իրանական պետական Իռնա լրատվական գործակալությունը:
Իրանի նախագահը նշել է, որ Թեհրանը շարունակում է ուշադիր հետևել երկրի անվտանգությանը վերաբերող բոլոր ասպեկտներին և ընդգծել է ստացված տեղեկատվությունը թափանցիկության և փոխադարձ հարգանքի ոգով ստուգելու անհրաժեշտությունը։ «Իրանը միշտ հավատարիմ է եղել բարիդրացիական քաղաքականությանը և կողմ է տարածաշրջանի բոլոր երկրների հետ բարեկամական հարաբերությունների զարգացմանը», - ընդգծել է նա։
Իր հերթին Ալիևը վստահեցրել է, որ Բաքուն կտրականապես բացառում է իր օդային տարածքն օգտագործելու հնարավորությունը Իրանի Իսլամական Հանրապետության տարածքը հարվածելու համար։ «Մենք Իրանը համարում ենք բարեկամական և եղբայրական պետություն, և թույլ չենք տա, որ մեր տարածքը կամ օդային տարածքը օգտագործվի այս սկզբունքին հակասող նպատակներով», - նշել է Ադրբեջանի ղեկավարը։
Amazon-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսը և լրագրող Լորեն Սանչեսը հունիսի 26-ին Վենետիկում պատրաստվում են սկսել եռօրյա շքեղ հարսանեկան տոնակատարությունները՝ խիստ անվտանգության միջոցառումներով՝ պաշտպանելու իրենց VIP հյուրերին ցուցարարներից։ Այս մասին, Առաջին լրատվականի փոխանցմամբ, հայտնում է Reuters-ը։
Օփրա Ուինֆրին, Քրիս Ջենները, Քիմ և Քլոե Քարդաշյանները վերջին ժամանած հյուրերի թվում էին, մինչդեռ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դուստր Իվանկան և փեսան՝ Ջարեդ Քուշները, որոնք ժամանել էին հունիսի 24-ին, օգտագործել են լրացուցիչ ժամանակը տեսարժան վայրեր այցելելու և գնումներ կատարելու համար։
Ակնկալվում է, որ շոու-բիզնեսի, քաղաքականության և ֆինանսական ոլորտի մոտ 200-250 հայտնի ներկայացուցիչներ կմասնակցեն հարսանիքին, որն անվանում են «դարի հարսանիք», և որը գնահատվում է 40 միլիոնից մինչև 48 միլիոն եվրո։
Բեզոսն ու Սանչեսը հունիսի 25-ին ուղղաթիռով վայրէջք են կատարել Վենետիկում և ժամանել շքեղ «Աման» հյուրանոց, որտեղ Մեծ ջրանցքի տեսարանով սենյակները մեկ գիշերվա համար արժեն առնվազն 4000 եվրո։
Հունիսի 26-ի երեկոյան հյուրերը կհավաքվեն Կանարեջոյի հրապարակում գտնվող Մադոննա դել’Օրտո միջնադարյան եկեղեցու մոտ, որտեղ պահվում են 16-րդ դարի նկարիչ Տինտորետտոյի գլուխգործոցները։
Բեզոսի ու Սանչեսի պսակադրությունը տեղի կունենա հունիսի 27-ին Սուրբ Մարկոսի գլխավոր հրապարակի դիմաց գտնվող Սան Ջորջո փոքրիկ կղզում։
Տոնակատարությունները կավարտվեն հունիսի 28-ին գլխավոր հարսանեկան խնջույքով, որը տեղի կունենա արևելյան Կաստելոյի շրջանում գտնվող Արսենալի սրահներից մեկում, որը միջնադարում հսկայական նավաշինարան էր։
Ադրբեջանի պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Քերիմ Վելիևը մեկնել է Թուրքիա: Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Նշվում է, որ Վելիևի գլխավորած պատվիրակությունը Ստամբուլ է մեկնել Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, բանակի գեներալ Մեթին Գյուրակի հրավերով։
Հաղորդվում է, որ այցի ծրագրի համաձայն՝ ադրբեջանական պատվիրակությունը նախ կդիտարկի Ստամբուլում կայանալիք «Խաղաղության պաշտպան-2025» միջազգային զորավարժություններն, ապա կմասնակցի Կոնիայում կայանալիք «Անատոլիական արծիվ-2025» միջազգային զորավարժությունների բարձր մակարդակի դիտորդի օրվան։
Այցի շրջանակներում նախատեսվում է Վելիևի հանդիպումը Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Յաշար Գյուլերի հետ։
ԱՄՆ-ն կրճատել է Ուկրաինային ուղղված ծախսերը Կոալիցիոն աջակցության հիմնադրամի և անվտանգության աջակցության նախաձեռնության շրջանակներում 2026 ֆինանսական տարում,– ասվում է Պենտագոնի հայտարարության մեջ։
Մոսկվան մտադիր է շարունակել համագործակցությունը Թեհրանի հետ խաղաղ ատոմային էներգիայի ոլորտում և այլ ոլորտներում՝ համապարփակ ռազմավարական գործընկերության մասին երկկողմ համաձայնագրի շրջանակներում, հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարիա Զախարովան։
«Մեր հայտնի համագործակցությունը Թեհրանի հետ խաղաղ միջուկային էներգիայի ոլորտում բացարձակապես օրինական է և համապատասխանում է երկու երկրների շահերին։ Այն կշարունակվի», - հինգշաբթի օրը ճեպազրույցի ժամանակ ասել է Զախարովան։
Չինաստան կատարած այցն ու բանակցությունները լավ հնարավորություն են՝ բացահայտելու նոր հորիզոններ, տեսնելու, թե ինչպես կարելի է ամրապնդել և ընդլայնել տնտեսական կապերը։ Այս մասին, ՀՀ ԱԳՆ-ի փոխանցմամբ, Չինաստանի ԱԳ նախարար Վան Յիի հետ կայացած հանդիպման ժամանակ հայտարարել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։
ՀՀ ԱԳ նախարար Միրզոյանն իր խոսքում երախտագիտություն է հայտնել Չինաստան այցելելու հրավերի և ջերմ հյուրընկալության համար։
«Սա իմ առաջին պաշտոնական այցն է Չինաստան, և ընդհանրապես՝ իմ առաջին այցն է ձեր երկիր։ Եվ ես իրապես տպավորված եմ չինական հիասքանչ քաղաքակրթությամբ։ Պարո՛ն նախարար, հետաքրքիրն այն է, որ ես ժամանել եմ Երևան-Ուրումչի ուղիղ չվերթով, որն արդեն մի քանի ամիս է, ինչ գործում է։ Ես կարծում եմ՝ սա մեր կապերի խորացման շոշափելի օրինակ է, ինչպես նաև լավ հնարավորություն՝ ամրապնդելու մեր ժողովուրդների և բիզնեսների միջև կապերը։ Դուք խոսեցիք տնտեսական աճի, առևտրի ծավալների, թվերի մասին. եթե չեմ սխալվում, անցյալ տարի մեր երկրների միջև ապրանքաշրջանառությունն աճել է 700 միլիոն ԱՄՆ դոլարով։ Եվ սա դինամիկայի լավ օրինակ է։ Բայց, միևնույն ժամանակ, ես վստահ եմ, որ սա մեր ամբողջ ներուժը չէ»,-նշել է Միրզոյանը։
Նախարարը նկատել է, որ Չինաստան կատարած այցն ու այս բանակցությունները լավ հնարավորություն են՝ բացահայտելու նոր հորիզոններ, տեսնելու, թե ինչպես կարող են կողմերն ամրապնդել և ընդլայնել տնտեսական կապերը։
«Բայց ավելի կարևոր է, և սա, կարծում եմ, լավ հնարավորություն է՝ դառնալու միմյանց համար առավել հասկանալի և կանխատեսելի գործընկերներ, տեսնելու, թե ինչպես կարող ենք խորացնել քաղաքական երկխոսությունը, որը, կարծում եմ, կարող եմ այս բառն օգտագործել, արդեն բավականաչափ հասուն է, և թե ինչպես կարող ենք մեր ռազմավարական բնույթ ունեցող հարաբերությունները բարձրացնել նոր մակարդակի։ Նաև կարող ենք քննարկել, և վստահ եմ, որ այս համատեքստում ևս ունենք բազմաթիվ թեմաներ, միջազգային հարթակներում մեր հետագա համագործակցությունը։ Կարող եմ ասել, որ շատ դեպքերում մեր տեսակետները, տեսլականները միմյանց բավականին մոտ են»,- նշել է Հայաստանի ԱԳ նախարարը։
ԱՄՆ նախագահ, հանրապետական Դոնալդ Թրամփը Truth Social սոցիալական ցանցի իր էջում կոչ է արել ոչնչացնել «Ամերիկայի ձայնը» (կազմակերպությունը Արդարադատության նախարարության կողմից ներառված է օտարերկրյա գործակալների ցանկում-խմբ․):
«Ինչո՞ւ պետք է հանրապետականը ցանկանա, որ «դեմոկրատների խոսափողը»՝ «Ամերիկայի ձայնը», շարունակի գոյություն ունենալ», - հարցրել է պետության ղեկավարը:
Նա ռադիոկայանն անվանել է «ձախակողմյան աղետալի նախագիծ» և Հանրապետական կուսակցության կողմնակիցներին կոչ է արել չքվեարկել դրա պահպանման օգտին: