Live24
Օգոստոսի 26, 2025
Live24

Live24

Լուրեր

Կառավարությունն Ազգային ժողովի նախագահին առաջարկել է հուլիսի 1-ին ժամը 11:00-ին գումարել արտահերթ նստաշրջան:

Կառավարության հունիսի 26-ի նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ այդ նիստում քննարկվելու է ՀԷՑ ՓԲԸ-ի կառավարման արդյունավետությունը և դրա պետականացման հարցը։

Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է էներգետիկայի ոլորտում առկա խնդիրներին, մասնավորապես՝ էլեկտրաէներգիայի մատակարարման որակի, էլեկտրաէներգիայի հաճախակի անջատումների հետ կապված: «Սա կարող է լինել երկու պատճառով՝ սաբոտաժ կամ համակարգի տեխնիկական խնդիր:

«Երկու դեպքում էլ նրանք բոլոր գծերն անցել են, և այն, ինչ ասել եմ, առաջիկայում պետք է անցնեք դրա իրագործման փուլին: Իհարկե, պրոցեսը չի լինի մեկփուլանի, բայց ակնհայտ է, որ պետությունը պետք է շատ արագ վերցնի ՀԷՑ ՓԲԸ-ի կառավարումը և հետագա գործընթացները՝ պետականացման և ընկերության կառավարման արդյունավետության ուղղությամբ, պետք է արագ և արդյունավետ իրականացնենք»,- ասել է Նիկոլ Փաշինյանը: 

Վարչապետը հայտնել է նաև, որ այդ հարցը քննարկվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստում, այն քննարկել է նաև ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը, և Կառավարության գործընկերների հետ համատեղ օրենքի նախագիծ է մշակվել, և նախատեսվում է, որ առաջիկայում ԱԺ արտահերթ նիստով կկատարվեն համապատասխան փոփոխությունները: «Առաջին անհրաժեշտ գործողությունը տեղի կունենա:

Դրա իմաստը կլինի այն, որ պետությունը, Կառավարությունը կստանձնի ՀԷՑ-ի կառավարումը, և այդ կետից սկսած՝ արդեն մենք ավելի հանգիստ պայմաններում հետագա սցենարները կքննարկենք: Բայց նորից ուզում եմ մի ռազմավարական հարցի անդրադառնալ՝ որ սցենարով էլ գնանք, մենք մի իքս պահի պետք է ապահովենք ՀԷՑ ՓԲԸ-ի բաժնետոմսերի ազատ բաժանորդագրության հնարավորությունը:

Մեր ընթացքի փորձը հաշվի առնելով՝ պետք է այնպիսի երաշխիքներ ստանանք, որ ոչ միայն ընկերությունները, ոչ միայն կորպորացիաները, այլև ՀՀ քաղաքացիները, իրենց խնայողությունները հնարավորություն ունենան ներդնել, այսինքն՝ բաժնետոմսեր ձեռք բերել: Ուզում եմ հիշեցնել, որ մենք նման ռազմավարական նպատակ ունենք նաև Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի պարագայում, որպեսզի մեր քաղաքացիներն իրենց խնայողություններով հնարավորություն ունենան որոշակի բաժնետոմսեր ձեռք բերել: Սա մեր հարուցած գործընթացների կարևոր վերջնակետերից և արդյունքներից մեկը պետք է լինի»,- ասել է երկրի ղեկավարը:

Եվրոպական Միությունը պետք է ստեղծի անօդաչու թռչող սարքերի հսկայական բանակ՝ ռուսական հնարավոր ագրեսիայից պաշտպանվելու համար, և այն պետք է դրան պատրաստվի հիմա: Այս մասին այսօր՝ հունիսի 26-ին, Sky News-ին ասել է պաշտպանության և տիեզերքի հարցերով եվրահանձնակատար Անդրիուս Կուբիլիուսը։

Եթե Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրաման տա հարձակվել ՆԱՏՕ-ի որևէ երկրի վրա, այն կբախվի մարտական ​​պատրաստվածության մեջ կոփված ռուսական բանակի հետ, որը կարող է օգտագործել միլիոնավոր անօդաչու թռչող սարքեր, բացատրել է նա։

Կուբիլիուսի խոսքով՝ Ռուսաստանը կարող է անօդաչու թռչող սարքերի արտադրությունը տարեկան հասցնել հինգ միլիոնի, ուստի «հակամարտությունը հաղթելու համար ԵՄ-ին անհրաժեշտ է ավելի հզոր ներուժ»։

Եվրահանձնակատարը նշել է, որ այցելել է Ուկրաինայի առաջնագիծ, որտեղ առաջնագծի երկայնքով ձևավորվել է «մահվան հովիտ» կոչվող գոտի։ «Այնտեղ ոչինչ չի կարող շարժվել։ Ամեն ինչ կառավարվում է անօդաչու թռչող սարքերով։ Այս գոտում գտնվող սովորական տանկը կդիմանա ընդամենը վեց րոպե», - նշել է Կուբիլիուսը։

Ռումինիայի նախագահ Նիկուշոր Դանը հայտարարել է, որ այսօր ԵՄ գագաթնաժողովում որոշվել է, որ հուլիսի 4-ին Եվրամիությունը Քիշնևում կայանալիք ԵՄ-Մոլդովա գագաթնաժողովի ժամանակ կբացի Մոլդովայի ԵՄ-ին անդամակցության վերաբերյալ բանակցությունների առաջին կլաստերը։

ԵՄ-ի կողմից Ուկրաինայի հետ անդամակցության վերաբերյալ բանակցություններ սկսելու որոշման վերաբերյալ դեռևս որևէ տեղեկատվություն չի հրապարակվել։

Հիշեցնենք, որ Ուկրաինան և Մոլդովան երկար ժամանակ միասին են շարժվում դեպի ԵՄ անդամակցություն։

Այնուամենայնիվ, բանակցությունների կլաստեր սկսելու համար անհրաժեշտ է ԵՄ 27 անդամ պետությունների միաձայն որոշումը։ Իսկ Հունգարիան խոչընդոտում է Ուկրաինայի ԵՄ անդամակցության բանակցությունների մեկնարկը։

Պաղեցված ձկնամթերքով բեռնված հայկական մեքենաները մնացել են Լարսի անցակետի վրացական սահմանին. մաքսային ծառայության աշխատակիցները թույլ չեն տալիս մեքենաներին հատել վրացական սահմանը: Այս մասին գրում է «Հետքը»:

Ձկնարտադրող ընկերությունները «Հետք»-ին ահազանգեցին, որ արդեն 6 օր է` վրացիներն արհեստականորեն ձգձգում են ձկնամթերքով բարձած իրենց մեքենաների ելքը Վրաստանից:

Արդեն 6-րդ օրն է` սահմանը չի կարողանում հատել «Վանկա ռիթեյլ գրուպ» ընկերության արտադրության պաղեցված ձուկը: Ընկերության բեռնափոխադրումն իրականացող «Դանովիչ» ՍՊԸ-ի սեփականատեր Կարապետ Մկրտչյանը պատմեց, որ սպասում են, թե երբ թույլ կտան ձկնամթերքով բեռնված իրենց մեքենաներին հատել վրացական սահմանը, սակայն ոչ ձևակերպումներ են անում, ոչ էլ պատճառաբանում են չձեւակերպելը:

Այս պահին մեկ մեքենա կանգնած է Լարսի անցակետում, իսկ ընկերության երկրորդ մեքենային ուղղորդել են դեպի Թբիլիսիի Գեզի մաքսային տերմինալ: 

«Վարորդներն ում մոտենում են, ասում են` սպասեք: Բայց ձուկը ժամկետ ունի, 9 օրից պիտի A կետից B կետ հասնի, եթե չէ, հետ ենք բերելու` և՛ մենք ենք տուժելու և՛ արտահանողը, չգիտենք՝ ինչ ենք անելու: Հետաքրքիրն այն է, որ Կազբեկը բարձրացել, իջել են, որ մտնեն վրացու անցակետ, էնտեղից են հետ ուղարկում: Եթե պիտի Գեզի ուղարկեին, թող Սադախլոյից ուղարկեին, ինչի՞ են հասցրել Կազբեկ, հետո հետ ուղարկում: Մեքենաները վառելիք են ծախսել, կայանատեղիների գումարները վճարել են, հասել են Կազբեկ, էնտեղից հետ են դարձրել»,-պատմեց Կարապետ Մկրտչյանը:

Բեռնափոխադրող ընկերության տնօրենը մանրամասնեց, որ եթե ձկնամթերքով բեռնված մեքենաները վերադառնան, թե՛ ինքը, թե՛ ձկնարտադրողը լուրջ վնասներ կկրեն. վարորդին պետք է աշխատավարձ վճարել, մեքենաներից յուրաքանչյուրը 500 լ դիզվառելիք է ծախսել, գումարած օրական 70 լ սառնարանն է դիզվառելիք սպառում: Միայն այն փաստը, որ բեռնափոխադրումը տեղի չի ունեցել, նշանակում է, որ ընկերությունը գումար չի աշխատել: Ձկնամթերքի տերն էլ մյուս կողմից է տուժում: Յուրաքանչյուր մեքենայում բեռնված է 22 տ ձուկ, իսկ վերադարձված բեռը ժամկետանց և փչացած է լինում:

«Լիդեր ֆուդ» ՍՊԸ-ի տնօրեն Արթուր Ոսկանյանի 15 տոննա պաղեցված ձկնամթերքը 3-րդ օրն է` նույնպես չի կարող հատել վրացական սահմանը:

Սադախլոյի անցակետում ամբողջ բեռն անցել է ռենտգեն զննում, ինչպես միշտ, հասել է Կազբեկի անցակետ, որտեղից էլ պետք է անցներ Լարսի ռուսական մաքսակետը:

«Ձևակերպումներն արել են, ասել են` գնացեք կրկին ռենտգեն զննում անցեք 20 կմ հեռու գտնվող կետում: Վարորդն ասել է` արդեն ունեմ ռենտգենն արած, ասել են` գնա մի հատ էլ արա: Գնացել է վարորդը, երկու օր պահել են, ռենտգեն չեն արել: Վարորդը մոտեցել է, շատ կոպիտ պատասխաններ են տալիս: Երեկ գիշեր նոր ստացվել է անցնել երկրորդ ռետգենը, այն էլ՝ մենք մեր վրացի գործընկերներին ենք խնդրել, որ հետաքրքրվեն, թեժ գծերին զանգել են, փորձել են օգնել, որ փչացող բեռ է` թույլ տան անցնի, բայց ոչ մի պատճառ չեն ասում, թե ինչու են նման կերպ վարվում: Եթե պատճառ լինի, կիմանանք ինչ անել: ՀԻմա էլ ասել են՝ գնա Թբիլիսիի Գեզի տերմինալ»,- պատմում է Արթուր Ոսկանյանը:

Իրանն ապտակել է Միացյալ Նահանգներին՝ հարձակվելով տարածաշրջանի ամենակարևոր ամերիկյան բազաներից մեկի վրա, հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին ազգին ուղղված իր ուղերձում, հաղորդում է Tasnim-ը։

Նրա խոսքով՝ իրանական հարվածը «որոշակի վնաս» է հասցրել Կատարում գտնվող ամերիկյան Ալ-Ուդեյդ բազային։

Միևնույն ժամանակ, այաթոլլա Խամենեին ընդգծել է, որ «նույն մարդիկ, ովքեր չափազանցրել են» Իրանին հարվածներից առաջացած վնասը, այս դեպքում «փորձել են նվազեցնել» այն։

«Այն փաստը, որ Իսլամական Հանրապետությունը հասանելիություն ունի տարածաշրջանի կարևոր ամերիկյան կենտրոններին և կարող է միջոցներ ձեռնարկել դրանց դեմ, երբ անհրաժեշտ համարի, ոչ թե աննշան միջադեպ է, այլ մեծ միջադեպ, և այս միջադեպը կարող է կրկնվել ապագայում. եթե հարձակում իրականացվի, թշնամու և զոհի համար գինն անպայման բարձր կլինի», - նշել է Իրանի գերագույն առաջնորդը։

Factor TV-ի հրապարակումներից հետո ՀՀ գլխավոր դատախազությունը 2025-ի մայիսի 15-ին քրեական վարույթ է նախաձեռնել Վահե Հովհաննիսյանի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 442-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնատար անձի կողմից ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելը)։ Factor TV-ն ուսումնասիրությամբ արձանագրել է նախարարի կողմից ձեռնարկատիրական գործունեություն ծավալելու առնվազն 2 դրվագ․ նախ բացահայտել էինք, որ Հովհաննիսյանը 2019 թ-ին հիմնադրել է «Վարդենի» ՍՊԸ-ն, իսկ 2021 թ-ին, ֆինանսների նախարարի տեղակալի պաշտոնը ստանձնելուց առաջ, դրա 100% բաժնեմասը գրանցել է իր ընկերոջ՝ Գրիգոր Խաչինյանի անունով։ Այս մասին գրում է Factor.am-ը:

«Վարդենի» ՍՊԸ-ն Հրազդանում շահագործում է հյուրատուն, որը տեղակայված է Վահե Հովհաննիսյանին պատկանող ամառանոցում։ Հովհաննիսյանը խոստովանել է, որ ամառանոցը վարձակալությամբ է հանձնել «Վարդենի» ՍՊԸ-ին, սակայն դրանից ստացվող եկամուտ նշել է միայն մեր հրապարակումներից հետո 2025 թվականին իր ներկայացրած գույքի և եկամուտների հայտարարագրում։ Ընդ որում՝ ՀՀ ֆինանսների նախարարությունն այդ հյուրատանը պարբերաբար միջոցառումներ է կազմակերպում․ օրինակ՝ 2024-ին առանց մրցույթի 1 մլն դրամ է վճարել իր աշխատակիցների համար թիմակառուցողության (teambuilding) խաղ-վարժանքների կազմակերպման և անցկացման նպատակով։

Մեկ այլ հրապարակմամբ՝ «Ո՞ւր է անհետացել Վահե Հովհաննիսյանի 1 մլն դոլար պարտքը․ նախարարի հայտարարագիրը թերի է», անդրադարձել էինք նախարարի ստացած 1 մլն դոլար անտոկոս փոխառությանը, որը, սակայն, 2023 թ-ին «անհետացել» էր։ Ընդ որում՝ նախարարը հայտարարագրում որևէ կերպ չէր ներկայացրել, թե ինչպես է մարել այդ 1 մլն դոլար պարտքը։

Այս հրապարակման մեջ ներկայացված փաստերի հիման վրա ՀՀ դատախազությունը հանձնարարել էր Հակակոռուպցիոն կոմիտեին իրականացնել ստուգում «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով։

Մեր հրապարակումների հետքերով և Հովհաննիսյանի հայտարարագրերում առկա անհամապատասխանությունների կապակցությամբ ՀՀ գլխավոր դատախազությանը դիմել էին մի խումբ փաստաբաններ՝ Վահե Հովհաննիսյանի կոռուպցիոն ռիսկ պարունակող արարքների առնչությամբ քրեական վարույթ նախաձեռնելու հարցով: Փաստաբան Արա Զոհրաբյանը ֆեյսբուքյան գրառմամբ հայտարարել էր, որ Հակակոռուպցիոն կոմիտեն հրաժարվել է քրեական վարույթ նախաձեռնել, հակակոռուպցիոն դատարանն իրենց բողոքները մերժել է, սակայն ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանն ապրիլի 3-ին բեկանել է Հակակոռուպցիոն դատարանի որոշումը և կայացրել դրան փոխարինող դատական ակտ, այն է՝ վարույթի հանրային մասնակցի վրա դրել է քրեական վարույթ նախաձեռնելու պարտականություն: «Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը գտել է, որ «Ջի Կոդեր» ՍՊԸ-ի մասով ներկայացված հաղորդումը պատշաճ հաղորդում է, նշելով նաև հետևյալը՝ – «ըստ «Ջի Կոդեր» ՍՊԸ-ի մասով ներկայացվածի՝ «ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալի պաշտոնին նշանակվելու (պետական ծառայության անցնելու) օրը՝ 18.08.2021թ., Վահե Հովհաննիսյանը ստացել է 1,000,000 ԱՄՆ դոլար անտոկոս փոխառություն և 50,000 ԱՄՆ դոլար նվիրատվություն ու գնել «Կարիտաս Իտալիանա» ՓԲ ընկերության 100% բաժնետոմսերը (քանի որ ըստ կանոնադրության՝ Ալլա Ավոյանը եղել է «Կարիտաս»-ի տնօրենը ենթադրվում է, որ գնել է հենց դրա 100% բաժնետոմսը): Ըստ 2021թ. հայտարարագրի՝ «Կարիտաս Իտալիանա» ՓԲ ընկերության բաժնեմասը պատկանում է Վահե Հովհաննիսյանին: – 2022թ. հունվարի 10-ին «Կարիտաս Իտալիանա» ՓԲ ընկերությունը վերակազմակերպվել է, վերակազմակերպվելուց հետո ընկերությունը դարձել է «ՋԻ Կոդեր» ՍՊ ընկերություն:

Ընդ որում, Վահե Հովհաննիսյանի նույն տարվա հայտարարագրում նշված է, որ տարվա վերջում դեռ դրա բաժնետոմսը 1,050,000 դոլարի չափով մնացել է: 2023 հայտարարագրում այդ բաժնետոմսերն «անհետանում են»: – Ընկերությունը վերակազմակերպելուց հետո դրա 100% սեփականատեր է դարձել Ռուբիկ Արմենակի Կարապետյանը, որն ըստ երևույթին (հաստատապես չճշտված տվյալների համաձայն) Վահե Հովհաննիսյանի մորեղբայրն է»,- մեջբերել էր Զոհրաբյանը:

Այնուհետև դատախազությունը դիմել էր Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատ՝ բողոքարկելով Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի որոշումը ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանի նկատմամբ քրեական վարույթ նախաձեռնելու պարտավորեցման մասին: Սակայն, ըստ երևույթին, անարդյունք և, ի վերջո, քրեական վարույթը նախաձեռնվել է։ 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Այսօր՝ հունիսի 26-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 13:05-ի սահմաններում, Արտաշիսյան փողոցում բախվել են «Lexus», «Tesla» և «Nissan» մակնիշի ավտոմեքենաները: 

Վթարի հետևանքով 3 հոգի տեղափոխվել են հիվանդանոց: 

Բախման հետևանքով «Lexus»-ը կողաշրջվել է, իսկ վիրավորները ամուսիններ են և նրանց 6 ամսական աղջնակը: 

Հուլիսի 1-ից կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից:

Մասնավորապես՝ «Էրեբունի պլազա»-ին հարակից՝ Հանրապետության հրապարակից դեպի Մհեր Մկրտչյան փողոց ուղղությամբ երթևեկությունը կկազմակերպվի միակողմ:

Միաժամանակ Մհեր Մկրտչյան փողոցի վերջնամասում՝ Տիգրան Մեծ պողոտային հարող ճանապարհահատվածում երթևեկությունը նախկին երկու երթևեկելի ուղղության փոխարեն կկազմակերպվի միակողմ:

ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հունիսի 26-ին, կազմել է 384.91 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազել է 0.38 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։

Եվրոյի փոխարժեքը կազմել է 450.85 դրամ (աճել  է 3.68 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.91  դրամ (մնացել է անփոփոխ):

Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 381.3-383 դրամով, վաճառվում է 387-8դրամով: Եվրոն բանկերում գնվում է 441-446 դրամով, վաճառվում է 454-459 դրամով:

Ռուբլին բանկերում գնվում է 4.74-4.86 դրամով, վաճառվում է 4.98-5.13 դրամով:

Փոխանակման կետերում իրավիճակը հետևյալն է. դոլարը գնվում է 383 դրամով, վաճառվում՝ 386 դրամով:

Եվրոն գնվում է 443 դրամով, վաճառվում է 448 դրամով:

Ռուբլին գնվում է 4.82 դրամով, վաճառվում է 4.90 դրամով:

Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել։ Այս մասին հայտնում են ՀՀ Գլխավոր դատախազությունից։

«2025 թվականի հունիսի 17-ին նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասով (իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերը)»,–հայտնում են գերատեսչությունից:

Ֆոտո

Բաքվում հստակ գիտակցում են, որ վաղ թե ուշ Մոսկվան շատ լրջորեն իրենցով է զբաղվելու. «Փաստ»

ՀՀ ՊՆ դիրքերից մեկից զինծառայողը hրազենային վիրավnրումով տեղափոխվել է «Մուրացան» զինվորական հոսպիտալ

Պեկինը և Մոսկվան պետք է խորացնեն ռազմավարական փոխվստահությունը․ Սի Ցզինպին

Սանկտ Պետերբուրգում հազարավոր միգրանտներ կմնան առանց աշխատանքի

Թրամփը մտահոգություն է հայտնել Գազայի հիվանդանոցին հասցված հարվածի կապակցությամբ

Ինձ կատակով «Եվրոպայի նախագահ են անվանում. Թրամփ

Սևանա լճի մակարդակն իջել է 2 սմ-ով․ ՇՄՆ

Ոչ լուրջ վթարի դեպքում վարորդները պետք է արագ հեռացնեն մեքենաները, այլապես կտուգանվեն

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը դատապարտել է Իսրայելին Գազայի հիվանդանոցին հարվածելու համար

Արեգակի վրա մեկ օրում 10 բռնկում է արձանագրվել

Գազայի հատվածում Իսրայելի հարվածի հետևանքով հինգ լրագրող է զոհվել

Ադրբեջանում շարունակվում են անտառային հրդեհները

ԱՄՆ-ն այլևս գումար չի ծախսի Ուկրաինայի վրա․ Թրամփ

Ճապոնիայի դեմ պատերազմում Չինաստանից 6 հազար հայեր են մասնակցել․ Դեսպան Լի Սինվեյ

Իսլամական երկրները հայտարարություն են ընդունել